fbpx

Երևանի և Բաքվի քաղաքական խաղերից հեռու. սահմանամերձ գյուղերում կյանքն ընթանում է իր հունով

«Արտադրված է Ոսկեվանում» (Դավիթ Ստեփանյան/ OC Media)

Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով գտնվող գյուղերում ժամանակ առ ժամանակ բարձրացող բռնության ալիքները ներթափանցում են առօրյա կյանք։ Թեպետ մարդիկ փորձում են կառուցել սեփական ապագան, նրանք այնուամենայնիվ գիտակցում են, որ սահմանային գոտում խաղաղությունը գտնվում է երկու կողմերի քաղաքական գործիչների ձեռքերում։

Անավարտ պատերազմ

Մի քանի տարի առաջ, երբ Ալեքսանյանների բակով գնդացրի կրակահերթ էր անցել, 58-ամյա Մայրանուշ Ալեքսանյանը ամուսնուն խնդրել է իրեն կրակել սովորեցնել։ Զաքար Ալեքսանյանը հանդիսանում է Հայաստանի որսորդների Միության անդամ և իր տանը մշտապես ունի գրանցված զենք։

1992 թվականից Զաքարը գյուղի ջոկատի կազմում պաշտպանել է Ադրբեջանի հետ սահմանը Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում, որը գտնվում է սահմանից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Այն ժամանակ զենքի ծայրաստիճան պակաս կար, ինչի պատճառով նա ընկերների հետ միասին բեռնատար մեքենայով Լենինգրադ էր գնացել (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգ), և վառելիքի տակառներով բերել էր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենքն ու զինամթերքը։

«Այդ ամենը բաժանել են գյուղի կամավորականներին և այդպես կարողացանք պաշտպանել գյուղը։ Սակայն չգիտես ինչի այդ զենքը ներկայիս մեր իշխանություններին հանգիստ քուն չէր տալիս, և վերջին տարիների ընթացքում ոստիկանությունն առգրավել էր այդ զենքն ամբողջությամբ։ Վերցնելը՝ թող վերցնեն, բայց Երևանում թող մտապահեն և միշտ հիշեն, որ մենք այստեղ պաշտպանում ենք ոչ միայն ինքներս մեզ, բայց նաև իրենց», — ասում է կինը։

Վերջերս Ալեքսանյանների տուն խուզարկության նպատակով անսպասելի այցելած ոստիկանները տակնուվրա արեցին ողջ տունը, սակայն ոչինչ չգտան։ Բնակիչների համոզմամբ, իրենց տներում հենց զենքի առկայությունն է, որ հնարավորություն կտար շատ ավելի հանգիստ քնելու։

Պատերազմի քաղաքականությոքւնը

Մայրանուշ Ալեքսանյանը ավելի քան համոզված է, որ ցանկացած հասարակ գյուղացին, հատկապես՝ երիտասարդ տղաների մայրերը, պատերազմ չեն ուզում։ Այնուամենայնիվ, զինադադար կնքելուց հետո ողջ 23 տարվա ընթացքում, ոսկեվանցիների և հարևան գյուղերի բնակիչների համար պատերազմն այդպես էլ չավարտվեց։

«Ոչ մի մայր արժանի չէ նման բանի։ Եվ այստեղ ոչ մի նշանակություն չունի, հայ է այդ մայրը թե ադրբեջանցի։ Բոլոր նրանց, ովքեր սահմանում լարվածություն են սերմանում և մեզ թույլ չի տալիս խաղաղ ապրել, ես ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես մենք ենք ապրում արդեն 25 տարի», — վրդովվում է կինը։

Advertisements

Ամեն անգամ հարևանների և համագյուղացիների խոսակցություններում ադրբեջանցի զինծառայողների վախճանի դեպքերի կապակցությամբ չարախինդ երանգներ նկատելով, Մայրանուշը նյարդայնանում է։

«Պատերազմն արտահայտվումէ նրանում, որ մենք չենք կարող մշակել սեփական հողը, արտացոլվում է դեռևս 90-ականներին տեղադրված ականների պայթյուններում։ Եվ, ամենակարևորը, պատերազմ քարոզում են մեր երկրների հենց իշխանությունները»։

Նույն կարծիքին է հարևան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Կարեն Մամիկոնյանը (անունը փոփոխված է)։ Նա պատմում է, որ կոնֆլիկտն օգտագործվել է քաղաքական նպատակներով անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավում։ Այն ժամանակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր խմբակցության ղեկավարներից մեկը՝ Սեյրան Օհանյանը, պատրաստվում էր այցելել սահմանից ոչ հեռու գտնվող գյուղեր։

«Մենք հրաման էինք ստացել. Երևանից ասում էին կրակ բացել ադրբեջանական դիրքերի վրա։ Ադրբեջանցիների կողմից պատասխան կրակ բացելուց հետո՝այդ թվում նաև ավտոճանապարհի ուղղությամբ, Օհանյանի գլխավորած ավտոշարասյունը անվտանգության նկատառումներով ետ դարձրեցին», — պատմում է Կարենը։

Ավելի լավ ապագայի հույսը

Մայրանուշ Ալեքսանյանը հպարտությամբ ցուցադրում է սեղանի վրա դասավորված «Արտադրված է Ոսկեվանում» պիտակներով չրերի տեսականին (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ գյուղեր, Ոսկեվանը տուժում է տղամարդկանց սեզոնային միգրացիայի պատճառով։ Գարնանամուտին 20-ից 50 տարեկան տղամարդկանց մոտ 80 տոկոսը մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքների՝ հիմնականում Ռուսաստան։

«Դա մեր մեծ ցավն է։ Մշակվող հողատարածքների մեծ մասն այնտեղ է, — Մայրանուշը ձեռքը մեկնումէ դեպի արևելք, — և հասկանալի է որ մենք ի վիճակի չենք այդ հողերը մշակել։ Բայց այն հանգամանքը, որ մեր տղամարդիկ տարվա չորս եղանակներից երեքն անցկացնում են տանից հեռու, արգելք է հանդիսանում նաև հակառակորդի կրակի գոտուց դուրս գտնվող հողատարածքների մշակման հարցում։ Պարզապես աշխատող ձեռքերի պակաս կա»։

[OC Media-ում կարդացեք նաև հարևան Գեղարքունիքի մարզում աշխատանքային՝ Սևանի ավազանի գյուղերը՝ առանց տղամարդ]

Բարեբախտաբար, Մայրանուշի ընտանիքը՝ ամուսինը, որդին, հարսներն ու թոռները՝ միշտ նրա կողքին են։

Չնայած սահմանում մշտական լարվածությանը, ընտանիքը փորձում է նորմալ կյանք վարել։ Ավելի քան հինգ տարի է, որ Ալեքսանյաննները մասնակցում են Եվրամիության և «Գյուղատնտեսության աջակցման Կենտրոնի» համատեղ աջակցությամբ իրականացվող տեղական օրգանիկ արտադրանքի զարգացման ծրագրին։

Այդ ծրագրին մասնակցությունը Ալեքսանյաններին և Ոսկեվանի ևս 20 ընտանիքներին տվել է կայուն եկամուտ և հարազատ գյուղում բնակվել շարունակելով ինքնուրույն կայանալու հնարավորություն, ինչպես նաև ամենակարևորը՝ ավելի լավ ապագայի հավատ։

«Այսօր մենք մեր սեփական այգիներում աճեցնում և անտառներում հավաքում և չորացնում ենք այն ամենը, ինչ աճում է մեր գյուղի տարածքում. միրգ, բանջարեղեն, տարբեր տեսակի խոտաբույսեր և թեյաբույսեր», — ասում է կինը՝ հպարտությամբ ցուցադրելով է սեղանի վրա դասավորված «Արտադրված է Ոսկեվանում» պիտակներով չրերի տեսականին։

Իր խոսքերով, գյուղացիների հիմնական խնդիրը միշտ եղել է բազմաբնակ խոշոր բնակավայրերից հեռավորությունը՝ գյուղը գտնվումէ Երևանից 177 և Իջևան մարզկենտրոնից 44 կիլոմետր հեռավորության վրա։

Ֆրանսիացի գործընկերների շնորհիվ այդ խնդիրը լուծվել է։ Արտադրանքի ողջ ծավալը հանձնվում է Գյուղատնտեսության աջակցման Կենտրոնին, որն այն արտահանում է Ֆրանսիայում վաճառելու համար։ Համագործակցության սկզբնական փուլում ֆրանսիացի գործընկերները ծրագրի շահառուներին հրավիրել էին Ֆրանսիա՝ մրգի, բանջարեղենի և խոտաբույսերի չորացման և պահեստավորման տեխնոլոգիաներին ծանոթանալու համար։

Ֆրանսիական Ronalb ընկերությունը չիր պատրաստելու համար ոսկեվանցիներին տրամադրել է 12 արևային չորանոցներ։ (Դավիթ Ստեփանյան /OC Media)

«Մեր՝ սահմանամերձ գյուղի բնակիչներիս համար նման աջակցությունն իսկապես անգնահատելի է։ Շատ կարևոր է, որ մեզ ոչ միայն օգնեցին պատշաճ արտադրություն հիմնելու, այլ նաև դեպի սպառման շուկա ճանապարհ բացեցին, որտեղ մենք կարող ենք իրացնել մեր արտադրանքը։ Ի դեպ, մեր համագործակցությունը փոխշահավետ է, ողջ մեր արտադրանքը էկոլոգիապես մաքուր է և, հատևաբար, մեծ պահանջարկ ունի Եվրոպայում, ինչի համար մենք, իհարկե, շատ հպարտ ենք», — ասում է կինը։

Պատերազմի՞ մասին են բոլոր խոսակցությունները

Շաբաթը մեկ անգամ Զաքարը նստում է Ոսկեվանը հարևան Լոռվա մարզկենտրոն Վանաձորի հետ կապող երթուղային միկրոավտոբուսի ղեկին։ Զաքարը ճանաչում է բոլոր համագյուղացիներին, և այդ պատճառով կարիքավորներին շատ հաճախ անվճար է տեղափոխում, ինչի համար վերջիններս նրան «գյուղի Ազնավուր» են կոչում։

«Զաքար քեռուն շատ հաճախ համեմատում են Սեյրան Օհանյանի հետ», — ժպտալով ասում է հարևան Արթուրը։ Երկրի պաշտպանության նախկին նախարարի անվան հիշատակումը իմ զրուցակիցներին դրդում է հենց այդ քաղաքական գործչի մասին խոսելուն։ Նրանց խոսքերով, Օհանյանն իր պաշտոնավարման օրոք օգնում էր տավուշցիներին ինչով կարող էր։

«Արդեն 10 տարի է ինչ ադրբեջանական գնդակից վիրավորված մեր տղաներից մեկը կոմայի մեջ է։ Եվ այդ 10 տարվա ողջ ընթացքում իր ընտանիքը եղել է Պաշտպանության Նախարարության ուշադրության կենտրոնում։ Մեր նախարարի մասին կարելի է երկար խոսել, բայց արդյոք արժի՞։ Կարևորն այն է, որ մենք նրան չենք մոռանում անգամ այսօր, երբ նա արդեն պաշտոնյա չէ։ Մեր դռները միշտ բաց են իր առջև», — ասում է տիկին Մայրանուշը։

Ի դեպ, ոսկեվանցիների դռները բաց են ոչ միայն բարեգործների համար։ Ալեքսանյանների ընտանիքը հավասար բարեհամբյուրությամբ դիմավորում է բոլոր հյուրերին՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։ Եվ, ընտանիքի գլուխ Զաքարի խոսքերով, հույս ունի նաև մի գեղեցիկ օր, ինչպես հին ժամանակներոում, ընդունել նաև Ադրբեջանից հյուրերին։

Այս հոդվածը հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Եվրոպական համագործակցության նախաձեռնության մաս հանդիսացող ծրագրի շրջանակներում (EPNK)։ Բոլոր կարծիքներն ու տերմինաբանությունը ընտրվել են հեղինակի կողմից և կարող են տարբերվել International Alert-ի կամ դոնորների տեսակետից։