fbpx

Լեռնային Ղարաբաղում աշխատանքային իրավունքները ոչ միշտ են հասանելի։

8 November 2018
(Անահիտ Դանիելյան / OC Media)

Լեռնային Ղարաբաղում աշխատողները ոչ արդարացի հիմունքներով աշխատանքից ազատվելիս կամ իրենց իրավունքների այլ ոտնահարումների առնչվելիս հարցի լուծում կամ փոխհատուցման փորձում են հասնել ժամանակատար դատական պրոցեսների միջոցով։ Ոմանց համար էլ այս ճանապարհի բարդությունը կամ էլ պարզապես գործազուրկ մնալու վախը ստիպում է հետ կանգնել արդարարության հասնելու մտքից։

Երբ Նաիրա Թևոսյանն ազատվեց աշխատանքից, նա փորձեց իր նախկին գործատույի հետ վեճը շարունակել դատարանում։ 1991 թվականից ի վեր նա Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում մաթեմատիկա էր դասավանդում։

2012-ին նրա և դպրոցի տնօրենի միջև խնդիրներ ծագեցին։ Իսկ 2016-17 ուսումնական տարվա սկզբին Նարիային պարզապես հեռացրեցին աշխատանքից առանց որևէ պատճառաբանության։ Մի քանի շաբաթ անց նա ստացավ իր՝ աշխատանքից ազատման վերաբերյալ որոշման կրկնօրինակը։

«ԿԳՆ-ին և շրջանի կրթության բաժնին ուղղված իմ բողոքները չօգնեցին։ Այնուամենայնիվ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը կքններ հարցը։ Հանձնաժողովը եզրակացրեց, որ ինձ աշխատանքից ազատել են անհիմն և տնօրենի համար նույնիսկ ինձ վերականգնելու վերջնաժամկետ սահմանեց», — ասում է Նաիրան։

Եզրակացությունը ստանալով՝ Նարիան դիմեց դատարան՝ պահանջելով վերականգնել իր աշխատանքը և փոխատուցել պարապուրդը։

Առաջին ատյանում նրա պահանջները բավարարվեցին միայն մասամբ, ուստի նա տարավ իր բողոքը վերաքննիչ դատարան։ Գործը, սակայն, վերադարձրեցին նույն տարածքային դատարան։ Ի վերջո, վճռվեց վերականգնել Նաիրայի աշխատանքը և փոխատուցել պարապուրդը․ տնօրենը բողոքարկեց վճիռը։ Վերաքննիչ ատյանը որոշեց, որ Նաիրայի պարապուրդը պետք է փոխատուցվի, սակայն աշխատանքի վերականգնվելու պահանջը չբավարարեց։

«Ես կորցրել էի դատական համակարգի հանդեպ ունեցած հավատս։ Երբեմն մտածել եմ նույնիսկ այս ամենի վերջը տալ։ Հետո որոշեցի դիմել բարձրագույն դատական ատյան»,— ասում է ուսուցչուհին։

Advertisements

2017-ի նոյեմբերին Գերագույն դատարանը բավարարեց Նաիրայի հայցը, և վերականգնվեց նրա աշխատանքը գյուղական դպրոցում, որտեղ սովորում են նաև նրա երեք երեխաները։

Նաիրան ասում է, որ հաղթանակին հասնելը բազմաթիվ դատական պրոցեսների արդյունքնում եղավ միայն․ «ես կարծում եմ, որ մեր երկրում մարդիկ կարող են հասնել արդարադատության և պաշտպանել իրենց իրավունքները․ պարզապես անհրաժեշտ է հաստատակամորեն շարունակել պայքարը մինչև վերջ»։

«Իմ դեպքում դա էլ չօգնեց»

Երեսուներեքամյա Լուսինեյի (փոխ․) հայցը սակայն դատական համակարգը չբավարարեց։ Լուսինեն գյուղի դպրոցում աշխատում էր երկու տարի, և խնդիրներ էին ծագել տնօրենի և Լուսինեյի միջև։ Արդյունքում երիտասարդ ուսուցչուհին հեռացվեց աշխատանքից։ Կրթական բաժնին ուղղված բողոքները անարդյունք էին և նա իր՝ աշխատանքի իրավունքը որոշեց պաշտպանել դատարանում։

«Իմ՝ աշխատանքից ազատվելու պատճառը ներկայացված է և՛ հեռացման որոշման և՛ աշխատանքային պատմության մեջ․ ինձ այլ տեղ [դրա պատճառով] աշխատանքի չեն ընդունում», — ասում է Լուսինեն։ Նոր աշխատանքի անցնելու համար երիտասարդ ուսուցչուհին ստիպված է եղել գնալ դատարան և պահանջել, որպեսզի «անհարկի բացակայություններ» հիմնավորումը հեռացվի իր՝ աշխատանքից ազատվելու փաստաթղթերից։

Նրա հայցը չի բավարարվել ո՛չ առաջին ատյանի և ո՛չ էլ վերաքննիչ դատարաններում։

Լուսինեն էլի կշարունակեր պայքարը, սակայն ասում է, թե կորցրել է եռանդը։ Ասում է․ «Ես ամուսնացա, հետո հղիացա և այլևս ցանկություն չունեյի հայց ներկայացնելու, ուստի և չդիմեցի»։

Լուսինեն դժվարանում պատասխանել այն հարցին, թե պաշտպանվա՞ծ են արդյոք աշխատողների իրավունքները Լեռնային Ղարաբաղում։ «Իմ դեպքում դա չօգնեց»։

Ինչպիսի՞ն են իրավունքի ոտնահարումները

2017-ին Ղարաբաղի դատարանները քննել են աշխատանքային իրավունքի հետ կապված մոտ 40 հայց, և հայցերից 10-ի դեպքում աշխատողի պահանջները ամբողջությամբ կամ մասնակի կերպով բավարարվել են։

Արհմիությունների ֆեդերացիան, որը զբաղվում է առևտրային վեճերով և աշխատանքային իրավունքի հարցերով, նույն ժամանակահատվածում աշխատողներից ստացել է ավելի քան 1300 դիմում, որոնց 18 տոկոսը վերաբերում էին աշխատանքի իրավունքի ոտնահարման դեպքերի։

«2017-ին երեք հոգի դիմել են աշխատանքի վերականգնման պահանջով, և մենք կարողացել ենք հարցը բանակցությունների միջոցով լուծել գործատույի հետ առանց դատարանին դիմելու», — ասում է Արա Կահրամանյանը՝ Արցախի Արհիմիությունների Ֆեդերացիայի նախագահը։ Նա նաև ավելացրեց, որ ֆեդերացիան միշտ պատրաստ է իրավունքները պաշտպանելու հարցում կանգնել աշխատողների կողքին։

Ըստ Արտագ Բեգլարյանի, ԼՂ Հանրային պաշտպանի աշխատակազմի ղեկավարի, աշխատանքի իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ բողոքները տարեցտարի ավելանում են։ 2017-ին իրենց գրասենյակը ստացել է 119 դիմում, որոնցից 12-ը վերաբերում էին աշխատանքի իրավունքին։

«Մեծ ռիսկ է»

Թեև դատարանների վճիռները, արհմիությունների և Հանրային պաշտպանի գրասենյակից ստացված տեղեկությունները որոշ չափով ի ցույց են դնում ԼՂ-ում առկա՝ աշխատանքի իրավունքի ոտնահարումները, ամբողջական պատկեր մնում է մութ։

Արմենը (փոխ․) երկար տարիներ աշխատել է շինարարությունում։ Նա ասում է, որ աշխատավարձը հաճախ է ուշանում։ Գոյատևելու համար Արմենը ուտելիք ձեռք է բերում իր ծանոթի խանութից՝ պարտքով։ Պարտքը տալիս է այն ժամանկ, երբ աշխատավարձ է ստանում։ Նա երեք երեխա ունի և քույրն էլ վատառողջ է։

Արմենն ասում է, որ չնայած աշխատավարձի ուշացումներին նա աշխատանքը շարունակում է, քանի որ ընտանիք պետք է կերակրի և քրոջն օգնի։ Նա ասում է․ «Եթե դուրս գամ, հեշտությամբ գործ չեմ գտնի։ Երեխաներս արդեն դպրոցահասակ են, իսկ քրոջս ամեն ամիս $40 եմ տալիս։ Իհարկե դա շատ չէ, բայց այդքան եմ կարողանում․ էլի աջակցություն է»։

Արմենն ասում է․ «Երբ փոքրս մի քիչ էլ մեծանա և մանկապարտեղ գնա, հուսով եմ, որ կնոջս համար էլ գործ կգտնենք, որպեսզի ընտանիքը կերակրենք։ Հիմա միակ աշխատողը ես եմ»։

Ըստ նրա արհմիությունների աջակցությանը դիմելը ռիսկային է։ Նա վախենում է աշխատանքը կորցնելուց և չի ցանկանում բարկացնել գործատուին․ «կարևորը վճարում են, թեկուզ և ուշ»։

Այս հոդվածը տպագրված է International Alert’s կազմակերպության՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ աշխատանքում, որը EPNK և Եվրոպական Միության նախաձեռնության մաս է։ Սույն հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են բացառապես հեղինակինն են, և պարտադիր չէ, որ համընկնեն OC Media, International Alert կան դրանց դոնոր կազմակերպությունների պաշտոնական տեսակետի հետ։