fbpx

Ադրբեջաներեն սովորելը՝ զարգացող միտում Հայաստանում

Ադրբեջաներեն և հայերեն նշումներ (Արմինե Ավետիսյան/OC Media)

Ադրբեջաներեն սովորելն ավելի ու ավելի տարածված է դառնում Հայաստանում։ Թեև երկու երկրները շարունակում են մնալ պատերազմական իրավիճակում, ոմանք շեշտում են «ճանաչեք թշնամուն» ռազմավարական նշանակությունը, մինչդեռ մյուսները ձգտում են ավելի լավ պատկերացում կազմել իրենց տարանջատ հարևանների մասին։

 2012 թվականին Հայաստանում առաջին անգամ հրատարակվեց ադրբեջաներենի դասագիրք։ Գիրքը Երևանի պետական համալսարանի Թուրքագիտության ամբիոնի նախաձեռնությունն էր։ Այն հաստատված է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից և ունի ակադեմիական մակարդակ։ Համալսարանական ձեռնարկն այսօր մեծ պահանջարկ ունի, քանզի Հայաստանում օրեցոր աճում է ադրբեջաներեն լեզու սովորելու ձգտումը։

Ադրբեջաներեն սովորելը

28-ամյա տնտեսագետ Աշոտ Ասատրյանը արդեն երկու ամիս հաճախում է ադրբեջաներենի մասնավոր դասերի։ Սկզբում նա փորձել է լեզուն ինքնուրույն սովորել, սակայն օն-լայն ծրագրերի միջոցով չի կարողացել լավ յուրացնել այն։

«Ես շատ եմ կարդում ադրբեջանական կայքերում գրված լուրեր։ Մի ժամանակ դա ուղղակի հոբի էր։ Հետո սկսեցի ակտիվորեն հետևել Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին՝ լիներ դա քաղաքական, թե ռազմական անցուդարձ։ Կարդացածս լուրերից առանձնացնում էի առավել հետաքրքիր հատվածները, թարգմանում հայերեն և տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում։ Իմ գրառումները շատ արագ արտատպվում էին հայկական կայքերում։ Ժամանակի ընթացքում ես տեղեկատվություն սպառողից դարձա տեղեկատվություն տարածող և սկսեցի ուսումնասիրել նաև ադրբեջանալեզու հոդվածները։ Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ պետք է լեզուն սովորեմ, որովհետև Google Translate-ով արված թարգմանություններին ոչ միշտ կարելի է վստահել», – OC Media-ի հետ զրույցում ասել է Աշոտ Ասատրյանը, ով նախկինում կարդացել է բացառապես ռուսալեզու հոդվածները, իսկ այժմ արդեն կարողանում է կարդալ և թարգմանել ադրբեջաներենից։

Ուսումնառության երկու ամիսների ընթացքում Աշոտը հասցրել է լեզվի քերականությունը սովորել, իսկ այժմ բառաֆոնդն է հարստացնում։ Ուսումնական ամբողջ ծրագիրը տևում է 6 ամիս, որի դիմաց նա վճարելու է 300 դոլար։

«Ես անհատական դասերի եմ այցելում, սակայն կան նաև մի քանի անձից բաղկացած խմբեր, որտեղ այլ ծրագրով են լեզուն սովորում։ Շատ երիտասարդների գիտեմ, ովքեր ինձ պես հետաքրքված են ադրբեջաներեն լեզվով։ Ես արդեն նպատակադրվել եմ, որ լեզուն լավ սերտելուց հետո բացելու եմ մասնագիտացված խմբակ, որտեղ ուսուցանելու են ադրբեջաներեն լեզուն», — ասում է Աշոտ Ասատրյանը։

Աշոտ Ասատրյանը և իր ուսուցիչը՝ Աշոտ Մովսիսյանը (Արմինե Ավետիսյան/OC Media)

«Ռազմավարական նշանակություն»

Հայաստանում ադրբեջաներեն լեզվի նկատմամբ ուշադրությունը սրվեց հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Ադրբեջանական լրատվամիջոցները հետաքրքրություն են առաջացրել, քանի որ շատերը ցանկանում են «թշնամու երկրում» տեղի ունեցող իրադարձությունների մասին ավելի հստակ պատկերացում կազմել։ Մարդիկ հետաքրքրված են Ադրբեջանի մասին ցանկացած լուրով՝ լինի դա սոցիալական, քաղաքական թե ռազմական։

Advertisements

«Մեր երկրները հակամարտության կողմեր են, ուստի միմյանց լեզվին տիրապետող մասնագետների առկայությունը ռազմավարական նշանակություն ունի։ Բացի այդ, ես միշտ ասում եմ ՝ հարևանի հետ շփվելու և խոսելու համար պետք է իմանաս նրա լեզուն, դա միայն քեզ առավելություն կտա։ Որքան շփվել եմ ադրբեջանցիների հետ, նրանց կողմից անհարմարություն եմ զգացել, քանի որ ես միշտ մի քայլ նրանցից առաջ եմ եղել՝ տիրապետել եմ իրենց մայրենիին», — OC Media-ի հետ զրույցում նշել է Աշոտի ադրբեջաներենի ուսուցիչը՝ Աշոտ Մովսիսյանը։

«Իմ առաջին ուսուցիչն իմ տատիկն էր»

24-ամյա Մովսիսյանը մասնագիտությամբ թուրքագետ է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը։ Վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանի և ադրբեջաներենի հանդեպ։ Լեզվի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու հետ մեկտեղ, նա սկսել է որոշ խոսակցական բառեր սովորել։

«Ադրբեջաներենի առաջին «ուսուցիչս» եղել է տատս, ումից էլ սովորել եմ թվերը։ Այնուհետև հայրս է շատ օգնել, ինչի շնորհիվ լեզվի իմացությանս մակարդակն անընդհատ աճել է տարիների ընթացքում։ Հիշում եմ, մի անգամ հայրս հեռուստացույցով ադրբեջաներեն հաղորդում էր նայում ադրբեջանական բանակի մասին, ես էլ հետաքրքրությունից անընդհատ հարցեր էի տալիս։ Հարցերս այնքան շատ էին, որ հայրս հրաժարվեց թարգմանելուց և փոխեց հեռուստաալիքը։ Այդ օրը ես ինձ խոսք տվեցի, որ պետք է սովորեմ այդ լեզուն և հասկանամ ու շփվեմ իմ հասակակից ադրբեջանցիների հետ։ Սկզբնական շրջանում լեզուն սովորել եմ որպես լեզվակիր, առանց դասագրքերի, ինչին շատ օգնել է հեռուստացույցը։ Համալսարանում թուրքերեն սովորելը ևս օգնել է ադրբեջաներենն ավելի արագ սովորել, քանի որ այս երկու լեզուները շատ նման են», — ասում է նա։

Ըստ Մովսիսյանի՝ հայերի համար ադրբեջաներեն սովորելը հեշտ է, քանի որ որոշ դեպքերում լեզվամտածողությունը նման է։ Նրա համար առավել հեշտ է եղել, քանզի իր բարբառում շատ են թուրքական և պարսկական ծագման բառերը (խոսքն այս դեպքում Արցախի բարբառի մասին է, որը գործածվում է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հարավային հատվածում. հեղ.)։

«Դա ևս օգնեց ինձ ավելի հեշտ յուրացնել ադրբեջաներենը։ Հայերիս համար մի քիչ դժվարություն է առաջացնում որոշ հնչյունների ճիշտ արտասանությունը, սակայն դա էլ հետևողական աշխատանքի դեպքում լուծելի հարց է», — ասում է Աշոտ Մովսիսյանը՝ հավելելով, որ լեզվին տիրապետելու համար տարիներ են պետք և այդ լեզվի պրակտիկ կիրառություն։

Վերջին առումով խնդիրը բարդանում է։ Ադրբեջանցիներն ու հայերը, որպես ղարաբաղյան հակամարտության պատերազմող կողմեր, գրեթե ոչ մի կապ չունեն։

Սովորել ավելին, քան պարզապես լեզուն

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը 2008 թվականից դասընթացներ է կազմակերպում ադրբեջաներեն լեզվով։ Այդ ժամանակ այն որպես երկրորդ արևելյան լեզու դասավանդվել է պետական համալասարանի թուրքագիտության բաժնում, իսկ արդեն երկու տարի է նույն բաժնում գործում է ադրբեջանագիտության ծրագիրը, որտեղ սովորելու համար դիմորդները հանձնում են առանձին քննություն։

«2 տարի հետո մենք կունենաք այս ծրագրի առաջին շրջանավարտները։ Ես ուրախ եմ նշել, որ ծրագիրը շատերին է հետաքրքրում, մենք այն իրականացնում ենք Պաշտպանության նախարարության հետ համատեղ և նրա ֆինանսավորմամբ էլ 4 անվճար տեղ ունենք։ Ուսուցումն իրականացնում ենք բարձր մակարդակով։ Եթե նախկինում չկար համապատասխան ձեռնարկ, ապա արդեն 5 տարի է մենք ունենք մասնագիտացված դասագիրք, որը կրում է զուտ ուսուցողական բնույթ։ Դասընթացը ներառում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավիճակը, նրանց նկատմամբ տարվող քաղաքականությունը, ինչպես նաև ներքին քաղաքականությունն Ադրբեջանում», — OC Media-ի հետ զրույցում նշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ Մելքոնյանի՝ ավելորդ է խոսել ադրբեջաներեն լեզվի ուսումնասիրության ռազմավարական նշանակության մասին, քանզի Ադրբեջանը Հայաստանի հարևանն է ու թշնամին, և ադրբեջաներեն լեզվի ուսումնասիրությունն ու դասավանդումն ունի կարևոր գիտական և քաղաքական նշանակություն։

ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը հիմնադրվել է 1991 թ.-ին։ 2010 թ.-ին ամբիոնը վերակազմավորվել է թուրքագիտության ամբիոնի, որտեղ դասավանդվում են թուրքերեն, օսմաներեն, ադրբեջաներեն, ղազախերեն, թուրքալեզու ժողովուրդների գրականության, մշակույթի ու պատմության հիմնահարցերին առնչվող դասընթացներ։

Այս հոդվածում օգտագործվող բոլոր տեղանունները և տերմինաբանությունները բացառապես հեղինակի խոսքերն են և չեն կարող անպայմանորեն արտացոլել OC Media-ի խմբագրական խորհրդի տեսակետները։