fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Բեյրութից Երևան․ մի փրկության պատմություն

Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը՝ Բեյրութի պայթյունից փրկված հայ կինը։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media

73-ամյա Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը մեկն է այն հայերից, ովքեր փրկվել են Բեյրութի պայթյունից։ Մինչև այսօր նրա ոտքերի մեջ ապակու բեկորներ կան։ Պայթյունից հետո Հայաստան վերադարձավ 1100 լիբանանահայ, որոնց թվում էր նաև տիկին Շողիկը։

2 դուստրերի մայրը կյանքի 50 տարին անցկացրել է Լիբանանում՝ այդ ընթացքում հասցնելով անցնել քաղաքացիական պատերազմի բովով ու տեսնել շատ դժվարություններ։ Բայց տիկին Շողիկի համար օգոստոսի 4-ի պայթյունը նման չէր ոչ մեկին․ «Առաջին պայթյունի ժամանակ կորսված վիճակ էր։ Ամբողջ օդը սևով ծածկվեցավ։ Ոչ արևն է հայտնի, ոչ մեկ մարդ։ Միայն ձայներ, վախի զգացում, խուճապ, իրարանցում, վազք։ Եվ հանկարծ եկավ երկրորդը։ Ապակու մեծ կտոր մը զգացի՝ գլխուս պիտ իջնի։ Եվ ամենաշատը ոտքերս են վնաս կրած․ մինչև ծունգերս տակնուվրա է։ Մի քանիսը կարողացա հանել, քանի որ ջրի ծորակի մոտ էի», — պատմում է տիկին Շողիկը։ 

Բեյրութի հայաշատ Մար Մխայիլ թաղամասում գտնվող նրա տունն ամբողջովին փլվել է, գույքը՝ վնասվել։ Կարողացել է փրկել միայն անձնագիրը։ Հայաստանում բնակվող դստերը սկզբում լուր է հասել, թե մայրը մահացել է։ Ապա եկել է Բեյրությում բնակվող դստեր ամուսինն ու գտել տիկին Շողիկին։ Այսօր Անին՝ տիկին Շողիկի դուստրը, փաստաթղթերի բացակայության պատճառով չի կարողանում Հայաստանում մոր ժամանակավոր կացության հարցը լուծել․ «Եթե տունը չկա, գոյություն չունի, որտեղի՞ց բերեմ փաստաթղթերս։ Կառավարությունը այս հարցով պիտի զբաղվի, որ կարողանան կացության կարգ տալ Լիբանանից եկածներին», — OC Media-ի հետ զրույցում նշեց Անին։

Ապակիները և դրանց թողած հետքերը դեռևս տեսանելի են տիկին Շողիկի մաշկի տակ։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պայթյունից տուժած լիբանանահայերի աջակցության փաթեթ էր ներկայացրել կառավարություն։ Ակնկալվում էր, որ այն կընդունվի սեպտեմբերի վերջին։ Բայց Արցախյան 2-րդ պատերազմը հետաձգեց ամեն ինչ։ 

Գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ փաթեթը նախատեսում է մի շարք սոցիալական, առողջապահական և կրթական դրույթներ։ Դրանց թվում են, օրինակ, բնակվարձի ու կոմունալ վճարումների սուբսիդավորումն այն հայրենադարձների համար, ովքեր չունեն բնակարան, ինչպես նաև հարկերից և տուրքերից ազատումը Հայաստանում անհատ ձեռներեցությամբ զբաղվողների համար։ 

«Կացության կարգ ձեռք բերելու համար փաստաթղթերի պարտադիր ցանկ կա։ Կարծում եմ՝ դժվար չի լինի, եթե կորցրած փաստաթղթերը Լիբանանում նորից փորձեն վերականգնել։ Առանց այդ թղթերի ներկայացման հնարավոր չէ գործընթաց սկսել։ Սա օրենքի պահանջ է, և մեծ զիջումներ անել հնարավոր չէ։ Մենք միջնորդել ենք, որ քաղաքացիության և կեցության կարգի տրամադրման ժամկետները կրճատվեն։ Այս մասով ևս հանձնարարական կա», — ասաց Հովհաննես Ալեքսանյանը։ 

Քանի դեռ ծրագիրը չի հաստատվել, տիկին Շողիկը ստիպված է ապավինել ՀԿ-ների, տարբեր անկախ կառույցների օժանդակությանը։ Արցախյան պատերազմի հետևանքները երկրում կրկնակի բարդացրել են գործընթացը և նոր խոչընդոտներ ստեղծել։

Advertisements

Հայրենադարձը և պատերազմը

Ամուսնու մահից հետո տիկին Շողիկն ապրում էր միայնակ։ Ասում է՝ տունն ամբողջովին հայկական ոճով էր կահավորված։ Այսօր ամենաշատն ափսոսում է կորցրած գրքերի համար։ Դստեր ամուսինն էլ խոստացել է՝ փրկված գրքերն անպայման նրան կհասցնի։

Լիբանանում տիկին Շողիկի կյանքը հեշտ չի ընթացել։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ կորցրել է եղբորը։ Ռումբերի պայթյունի ձայնն արդեն սովորական էր դարձել նրա համար․ «Մեծ աղջիկիս ծնած օրը, որ տուն էի գալիս հիվանդանոցից, պատշգամբի վրա ռումբ ընկավ», — պատմում է նա։

Տիկին Շողիկն օրն անցկացնում է թոռնուհու՝ Սերինի հետ խաղալով։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media

Պայթյունից հետո հայրենքի վերադարձած լիբանանահայերի գլխավոր խնդիրներից մեկը զբաղվածությունն է։ Repat Armenia ՀԿ-ն սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ մեկնարկել է ծրագիր, որի նպատակն է օգնել հայրենադարձներին հեշտությամբ ինտեգրվել հայաստանյան աշխատաշուկային։ 

Դեռևս սեպտեմբերին OC Media-ի հետ զրույցում Repat Armenia-ի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը նշեց, որ 110 լիբանանահայեր դիմել են նրանց՝ աշխատանք գտնելու հույսով․ «Որպեսզի կարողանանք նրանց օգնել, ստեղծել ենք պլատֆորմ, որտեղ շուրջ 280 թափուր հաստիք է ներկայացված»։

ՀԿ-ի ծրագրով նախատեսվում է նաև բժշկական ապահովագրություն մինչև 70 տարեկան լիբանանահայերի համար՝ տարեկան 250 դոլարի չափով, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ։ 

Լիբանանահայերի խնդիրներից է նաև արևելահայերենի չիմացությունը։ Խոսելով արևմտահայերեն՝ նրանք դժվարանում են ինտեգրվել աշխատաշուկային։ Big Mind ուսումնական կենտրոնը մեկնարկել է «Արի՛ խոսենք արևելահայերեն» անվճար դասընթացը հայերնիք վերադարձածների համար։ Առաջին փուլն արդեն հաջողությամբ ավարտվել է, որոշ մասնակիցներ կարողացել են աշխատանք գտնել։ «Նախատեսում ենք մեկնարկել նաև դասընթացի երկրորդ փուլը, հենց երկրում վիճակը կայունան», — ընդգծեց Big Mind-ի նախագծերի տնօրեն Հակոբ Մակդիսը։ 

Շողիկ Հեքիմյանի համար այս բոլոր մարտահրավերներն այլ տեսք ունեն։ Լինելով թոշակառու՝ աշխատաշուկային ինտեգրվելը նրա համար ավելի բարդ է, թեպետ ունի հարուստ փորձ․ մասնագիտությամբ բժիշկ է, բայց երկար տարիներ Լիբանանում հայերեն է դասավանդել։ 

Հայրենադարձ կինը դժվարանում է ասել՝ այս իրավիճակում ինչ է ակնկալում կառավարությունից։ Նա լավ գիտի՝ ինչ է պատերազմը, և շատ է ցավում բոլոր զոհված զինվորների ն և նրանց ընտանիքների համար։ Ամեն դեպքում հույս ունի, որ աջակցության ծրագիրը անմասն չի մնա կառավարության ուշադրությունից։ 

Իսկ այդ ընթացքում տիկին Շողիկը շարունակում է հիանալ Արագածով և Արա լեռով, որոնք երևում են նրա բնակարանի պատուհանից։ Չնայած բարդություններին՝ երջանիկ է, որ կրկին հայերնիքում է, իսկ Բեյրութ վերադառնալու նպատակ չունի։

The website is undergoing scheduled maintenance
This is default text for notification bar