fbpx

Լինել Բահայի Հայաստանում

Բահայի համայնք Հայաստանում։ Լուսանկարը՝ Չայ Խանա

Ավելի քան մեկ դար Հայաստանում ապրում է Բահայի փոքր համայնքը. այսօր նրանք փնտրում են իրենց տեղը նոր, հետհեղափոխական կարգում։

«Ես մինչ այժմ փորձում եմ լռել իմ կրոնի մասին։ Գիտեմ, որ դա սխալ է, բայց դեռ վախենում եմ։ Ծնողներս այս հարցում խիստ են, նրանք ընդունում են միայն Հայ առաքելական եկեղեցին»։

28-ամյա Աստղիկը (անունը փոխված է) Բահայի հավատքի հետևորդ է։

«Իմ շրջապատում որևէ կրոն քննարկելիս ընկերներս բոլորին անվանում են «աղանդավորներ». նրանք չեն ընդունում նրանց, բայց դա անտեղյակության արդյունքն է»,- ասում է Աստղիկը OC Media-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով՝ բահաիզմի մեջ իր ուղին սկսվեց այն ժամանակ, երբ նա փոքր էր։

«Ինքս ինձ հասկանալու փնտրտուքների մեջ սկսեցի ուսումնասիրել տարբեր կրոնական փոքրամասնությունների ուսմունքները», — ասում է Աստղիկը։ «Մանկուց զգում էի, որ այն, ինչ պետք է դավանեմ, իմը չէ։ Դեռ մի տարի էլ չէր անցել, երբ հայտնաբերեցի Բահայի ուսմունքը»։

Աստղիկը չի սիրում խոսել իր հավատքի մասին, ասում է, որ դա շատ անձնական է։ Նաև մտահոգ է, որ իր շրջապատի մարդիկ կարող են սխալ ընկալել իրեն։ Նա հիշում է վերջերս տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ իր աշխատակցին աշխատանքից ազատեցին, իր խոսքերով, միայն այն պատճառով, որ պատկանել է կրոնական փոքրամասնությանը։

Advertisements

«Նա ստիպված էր հեռանալ, քանի որ նա «ուրիշ էր»», — ասում է Աստղիկը։ «Վախենում եմ, որ ես նույնպես «ուրիշ եմ» նրանց աչքերում»։

Նա մինչ այժմ չի պատմել իր ընկերներին և հարազատներին իր հավատքի մասին։

«Համոզված եմ, որ ամեն դեպքում ուժ կգտնեմ՝ բոլորի համար ամբողջովին բաց լինելու»։

Բահայիի պատմությունը Հայաստանում

19-րդ դարում Պարսկաստանում ծագած Բահայի հավատքը հիմնական կրոնների մեծ մասից ավելի երիտասարդ է։ Այս հավատը միաստվածական է և ենթադրում է, որ աշխարհի բոլոր հիմնական կրոնները, նրանց մարգարեները և հոգևորականները ճշմարիտ և օրինական են և ապագան տեսնում է հավասար և միասնական մարդկությամբ։ Այս հավատքի հետևորդները ենթարկվեցին նաև մեծ պատմական հետապնդման, հատկապես իսլամական աշխարհում, մասնավորապես՝ Իրանում, որտեղ հավատքը չի համարվում որպես անկախ և օրինական կրոն, այլ ավելի շուտ հավատուրացություն իսլամից։

Հայաստանում Բահայի համայնքը ձևավորվեց այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում։ 1889 թ.-ին ռուսական դատարանը Բահայի հավատքը ճանաչեց որպես անկախ կրոն։ Համայնքի վարչական մարմինը լուծարվեց 1938-ին՝ Խորհրդային կառավարության պահանջով, և վերականգնվեց ԽՍՀՄ փլուզումից հետո։

Իրշատ Մադյարով։ Լուսանկարը ՝ Արմինե Ավետիսյանի / OC Media

«Վերջին անգամ 2004 թվականին ենք հաշվել Հայաստանում Բահայի հետևորդների թիվը։ Այդ ժամանակ մենք 500 հոգի էինք», — OC Media-ին պատմում է 42-ամյա Բահայի հետևորդ Իրշատ Մադյարովը։ «2004 թվականից ի վեր մարդահամար չենք անցկացրել։ Մեր կրոնն ասում է, որ պետք չէ սահմաններ դնել, տարբերակել մարդկանց»։

Մադյարովը անգլերեն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նա ընտանիքի հետ միասին Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 10 տարի առաջ։

 «Ես միշտ մտածում էի հոգևոր կյանքի մասին», — ասում է նա։ «Քսանհինգ տարի առաջ սկսեցի ուսումնասիրել կրոնները՝ Ղուրանը, Աստվածաշունչը։ Հաճախում էի տարբեր կրոնական հավաքույթների»։

«Ես եկա դեպի Բահայի հավատքը, քանի որ այն ինձ չէր սահմանափակում»։

Մադյարովը Հայաստանի Բահայի համայնքի ազգային հոգևոր ժողովի անդամ է։ Ամեն տարի ապրիլին համայնքը գաղտնի քվեարկությամբ ընտրում է ինը ներկայացուցիչների, ովքեր ամբողջ տարվա ընթացքում զբաղվում են համայնքի խնդիրներով, ինչպես նաև կազմակերպում միջոցառումներ և կապ հաստատում ԶԼՄ-ների և կառավարության հետ։

«Նույն ծաղիկները՝ տարբեր այգիներում»

Գայանե Հունանյան։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի / OC Media

«Մենք հոգեորսությամբ չենք զբաղվում։ [Բահայի հավատքի մեջ] դա արգելված է»,-ասում է 32-ամյա Գայանե Հունանյանը, ով նաև համայնքի ազգային հոգևոր ժողովի անդամ է։

Արդեն տասը տարի նա Բահայի համայնքի անդամ է հանդիսանում։

«Երբ առաջին անգամ ծանոթացա կրոնի գաղափարախոսությանը և սկսեցի հաճախել համայնք, ծնողներս խորապես մտահոգված էին։ Չգիտես ինչու, նրանք մտածում էին, որ պատրաստվում եմ ինքս ինձ վնասել», — ասում է Հունանյանը։

Բայց երբ նրա եղբայրը նույնպես որոշեց ընդունել Բահայի հավատքը, Հունանյանների ծնողների վերաբերմունքը փոխվեց։

«Այդ պահից ծնողներս հանդարտվեցին», — ասում է նա։

Հունանյանը ըմբռնում գտավ նաև իր գործընկերների շրջանում։

«Աշխատանքի վայրում բոլորը գիտեն իմ հավատքի մասին։ Ես ոչ մի խնդիր չունեմ», — ասում է Հունանյանը։ «Չնայած Հայաստանում շատ տարածված է խտրական վերաբերմունքը կրոնների [փոքրամասնության] նկատմամբ»։

2011 թվականի մարդահամարի համաձայն, Հայաստանի բնակչության 92,7%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Պաշտոնական վիճակագրություն չկա Բահայի համայնքի վերաբերյալ։

Էդվարդ Մանասյան։ Լուսանկարը ՝ Արմինե Ավետիսյանի / OC Media

Հիքայաթը և Էդվարդ Մանասյանը հանդիպել են Ուզբեկստանում, որտեղ ծնվել է Հիքայաթը։ Նրանք հանդիպել են այն ժամանակ, երբ Էդվարդը, որը ծագումով Լեռնային Ղարաբաղից է, այցելել էր իր ծնողներին, ովքեր այն ժամանակ ապրում էին Ուզբեկստանում։

«Ես 20 տարեկան էի, երբ հանդիպեցի Հիքայաթին։ Մենք երկուսս էլ Բահայիզմի հետևորդն էինք», — ասում է Էդվարդը։

Էդվարդը, ով այժմ 45 տարեկան է, առաջին անգամ իմացել է Բահայի ուսմունքի մասին, երբ ապրում էր Լեռնային Ղարաբաղում։

«Ես որոնեցի և գտա իմ հավատքը՝ հիմնված կրոնի և [գիտական մոտեցման] վրա», — ասում է Էդվարդը։ «Եվ իմ հավատքի շնորհիվ ես գտա իմ երկրորդ կեսին՝ Հիքայաթին»։

Էդվարդը, ով փաստաբան է և Հայաստանի փաստաբանների ասոցիացիայի անդամ, ասում է, որ իր հավատքի պատճառով երբևէ խնդիրներ չի ունեցել, մինչդեռ Հիքայաթի կյանքը ավելի բարդ էր։

«Իմ ծնողները մահմեդական են», — ասում է Հիքայաթը։ «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ես կրոնական փնտրտուքի մեջ էի։ Սակայն հոգու հանգստություն ձեռք բերեցի, երբ սկսեցի ուսումնասիրել Բահայի հավատքը։ Երբ ծնողներս իմացան իմ հավատի մասին, նրանք ցնցված էին»։

«Սկզբում նրանք ինձ չընդունեցին։ Այդ խնդիրը Ժամանակի ընթացքում է լուծվել», — ասում է Հիքայաթը, որն այժմ 42 տարեկան է։ Ներկայումս աշխատում է որպես մենեջեր Երևանի մասնավոր ընկերությունում։

«Նույնիսկ հիմա, երբ մարդիկ իմանում են իմ հավատքի մասին, նրանք ինձ անվանում են մահմեդական։ Շատերը չգիտեն մեր համոզմունքի մասին, շատերը շփոթում են մեզ մահմեդականների հետ»։

Նրանց դուստրը՝ 18-ամյա Մարիամը, որը սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, նույնպես Բահայի հավատքի հետևորդ է։

«Ես սկսեցի հետևել Բահաիզմին ոչ այն պատճառով, որ դա ծնողներիս հավատն էր», — ասում է նա OC Media-ին։

«Ըստ Բահայի ուսմունքի, երբ մարդը դառնում է 15 տարեկան, նա կարող է որոշել, թե որ կրոնին է պատկանում։ Երբ դարձա 15 տարեկան, արդեն իսկ գիտեի, թե ով եմ և ինչ է ինձ պետք»։

Մարիամի 24-ամյա եղբայրը նույնպես Բահայի հետևորդ է։ Նրա կրտսեր եղբայրը ընդամենը 12 տարեկան է և դեռ ժամանակ ունի ընտրելու իր կրոնական ուղին։

«Իմ շրջապատում շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ է Բահային։ Ես չեմ էլ խոսում այդ մասին, դրա անհրաժեշտությունը չկա», — ասում է Մարիամը՝ հավելելով, որ կարիք չկա հաշվել այս դավանանքի հետևորդների թիվը։

Մարիամ։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի / OC Media

«Մենք բոլորս նույնն ենք, նույն ծաղիկները՝ տարբեր այգիներում», — ասում է նա։

Կրոնական հարցերով փորձագետ և երևանյան «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն ասում է, որ վերջին 10 տարվա ընթացքում, հատկապես հեղափոխությունից հետո, փոխվել է վերաբերմունքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։

«Հասարակությունը դարձել է ավելի կիրթ, տեղեկացված և հանդուրժող։ Չնայած մեկ տարի առաջ լրատվամիջոցներն ու հեռուստատեսությունը, և երբեմն նաև դպրոցները անհանդուրժողականություն էին սերմանում հասարակության մեջ կրոնական փոքրամասնությունների հանդեպ, սակայն նոր կառավարության ջանքերի շնորհիվ այսօր նման խնդիր չկա», — ասաց նա OC Media-ին։

«Անցած տարվա ընթացքում լրատվամիջոցները չեզոքություն են պահպանել», — ավելացրեց նա։

Սույն հոդվածում կիրառվող բոլոր տեղանունները և տերմինաբանությունը ընտրվում են միայն հեղինակի կողմից և կարող են նաև չհամընկնել OC Media-ի խմբագրական խորհրդի տեսակետների հետ։