fbpx

Փախուստ տնից՝ սեռական կողմնորոշման պատճառով

21 May 2018
(Աննա Նիկողոսյան/OC Media)

Բախվելով ծաղրանքների, խտրականության և բռնության, Հարավային Կովկասում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հաճախ ստիպված են լինում լքել իրենց տները։

 

 

Մելը Հայաստանից

«Ես գնում էի մանկապարտեզ, երբ հասկացա, որ ծնվել եմ ուրիշի մարմնում։ Ավելի ճիշտ, երբեք ինքնորոշման խնդիրներ չեմ ունեցել։ Ես երբեք չեմ եղել և ինձ չեմ համարել «աղջիկ»։ Խնդիրները միայն արտաքին աշխարհի հետ էին, որտեղ ամեն քայլափոխի ստիպված էի կոնֆլիկտներ ունենալ նրանց հետ, ովքեր ինձ վերաբերվում էին որպես աղջկա։ Դպրոցում ես ստիպված էի գրանցվել որպես «աշակերտուհի»։ Ես ուղղում էի վերջավորությունները, սակայն ուսուցիչները կրկին շտկում էին։ Ես ինքնությունս գիտակցելու պահ՝ որպես այդպիսին, չեմ ունեցել։ Ես միշտ ինձ տղա եմ համարել», — OC Media-ին պատմում է 30-ամյա Մել Դալուզյանը Գյումրիից։

Մել Դալուզյանը Գյումրիից

Չնայած Մելի բոլոր ջանքերին, հասարակության համար նա Մելինե անունով մի աղջիկ էր։ 2002 թվականից Մելը զբաղվում է ծանրամարտով, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կանանց հավաքականի անդամ է։

«Իմ մարզիչը փորձում էր ոգեշնչել ինձ, նա ասում էր, որ Աստված ինձ «այսպիսին» է ստեղծել։ Պատանեկության տարիներին ես փորձել եմ ընդունել նաև այս տեսակետը, բայց հասկացա, որ, անկախ ամեն ինչից, ես նույնպես իրավունք ունեմ ունենալ անձնական կյանք և երջանիկ լինել։ Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ես իմ կյանքով և ապրելակերպով ոչ մեկին չեմ վնասում», — ասում է նա։

Մելը հիշում է, թե ինչպես է 2015 թ.-ին նա մասնակցել «Pink Armenia»-ի կողմից կազմակերպված առաջին ԼԳԲՏ ֆորումին։ Համացանցում հրապարակվել էր միջոցառման մասնակիցների խմբակային լուսանկարը, որից հետո լրատվամիջոցները փորձեցին քննարկել իր անձնական կյանքը, որը սկսեց սպառնալ իր կարիերային։ Ռեկորդակիրը, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը և բրոնզե կրկնակի մեդալակիրը երկու տարի առաջ լքեց իր հայրենի Գյումրին և գնաց արտասահման։

«Pink Armenia»-ի կողմից կազմակերպված առաջին ԼԳԲՏ ֆորումը (Pink Armenia)

«Մասնագիտությամբ աշխատանք գտնելու անհաջող փորձերից մեկ տարի հետո, 2016 թվականին, ես հեռացա Հայաստանից։ Ինձ այնքան բացասական էին վերաբերվում, որ նույնիսկ մարզադահլիճում որպես մարզիչ աշխատանքի չէին վերցնում։ Այժմ ես ապրում եմ Նիդեռլանդներում, և այստեղ ես որևէ խտրականության չեմ բախվել, այլ միայն ստացել եմ բոլոր հարցերի վերաբերյալ անվերապահ աջակցություն։ Այս պահին ես չեմ պատրաստվում վերադառնալ Հայաստան։ Ես այլևս ինձ չեմ տեսնում որպես մարզիկ, այլ միայն՝ որպես մարզիչ»։

Մելն ասում է, որ Գյումրիում դժվար է ապրել այն մարդկանց, ովքեր տարբերվում են ուրիշներից, հատկապես, եթե նրանք նաև հայտնի են։

Advertisements

«Գյումրին Հայաստանի ամենապահպանողական քաղաքն է։ Հիմնական խնդիրը բամբասանքն է։ Յուրաքանչյուրը իր սրբազան պարտքն է համարում իմ մասին ինչ-որ առասպել հորինել, որպեսզի բացատրեն այն, ինչը նրանց ուժերից վեր է հասկանալ։ Իսկ լրատվամիջոցները օգնում են տարածել այդ լուրերը։ Իհարկե, այս ամենը որոշակի դժվարություններ է առաջացրել ինձ համար, երբ ես հայտնվում էի նոր միջավայրում, կամ երբ ստիպված էի կյանքս վերստեղծել զրոյից։ Այնուամենայնիվ, ի վերջո ես կարողացա մարդկանց առջև կանգնել այնպիսին, ինչպիսին ես կամ։ Ես հասա նրան, որ իմ ընկերները որևէ մեկին թույլ չեն տալիս ինձ կոչել «Մելինե»։

Մելը կարծում է, որ իր ծնողների հետ խնդիրներ չէր ունենա, եթե չլիներ հասարակության միջամտությունը։

«Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ գրեթե ոչ մի իրավունք չունեն։ Իհարկե, եթե նա քողարկում է իր կյանքը, ճնշում է իր ինքնությունը և գտնվում է ձևական ամուսնության մեջ, ապա նա կարող է հանգիստ ապրել։ Բայց դատեք ինքներդ, ինչպե՞ս կարելի է դա համարել «հանգիստ կյանք»։ Ես չեմ ճանաչում այնպիսի մարդկանց, ովքեր չթաքնվեին և հանգիստ ապրեին»։

Մելը չի ցանկանում բացահայտել իր ընտանեկան կյանքի մանրամասները, միայն ասում է, որ հիմա նա ունի այն ամենը, ինչի մասին երազում էր։

2003 թվականից համասեռամոլությունը անօրինական չի համարվում, սակայն սեռական փոքրամասնությունների իրավունքները չեն պաշտպանվում օրենսգրքով։ 2017 թ.-ին Pink Armenia-ն իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ։ Չնայած ԶԼՄ-ների՝ իրավապաշտպան կազմակերպությունների և ԼԳԲՏ անձանց հետ համագործակցության դրական միտմանը, ինչպես նաև նրանց մասին պատմությունների ճիշտ փոխանցմանը, հայ բնակչության ճնշող մեծամասնությունը դեռևս բացասական վերաբերմունք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց հանդեպ։

2016թ.-ին Pink Armenia-ի և «ՀեԹազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» վերլուծական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայ բնակչության 89%-ը կարծում է, որ համասեռամոլներին պետք է արգելել երեխաների հետ աշխատել։

Արդյունքների համաձայն, LGBT-ի ներկայացուցիչների հետ շփման փորձ չունեցող մարդիկ ավելի բացասաբար էին դրսևորվում նրանց նկատմամբ, քան նրանք, ովքեր ծանոթ էին նրանց։

Իրավապաշտպանները նշում են, որ թեև թվերը փոփոխական են, սակայն հոմոֆոբիայի պատճառով ամեն տարի ԼԳԲՏ-ի մեծ թվով մարդիկ հեռանում են Հայաստանից։

Թազոն Վրաստանից

22-ամյա Թազո Սոզաշվիլին չի կարողանում այցելել իր ընտանիքին Կախեթիում (Արևելյան Վրաստան), որտեղ նա ծնվել ու մեծացել է։ Նա վախենում է, որ իր սեռական կողմնորոշման պատճառով ծաղրվելու է։ Նա նաև անհանգստանում է, թե դրա պատճառով ինչ կարող է պատահել իր ընտանիքի հետ։

Թազո Սոզաշվիլի Վրաստանից (Դաթո Փարուլավա/OC Media)

Վերջերս Թազոն վրացական խորհրդարանում իր հուզական ելույթով հայտնվեց լրատվամիջոցների կենտրոնում, որտեղ փորձել է բացատրել օրենսդիրներին, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում։

«Ես չեմ կարող գալ իմ գյուղ և տեսնել իմ ծնողներին, պապիկիս և տատիկիս։ 12 տարի ինձ դպրոցում ծաղրել են։ Ես մինչև այժմ ատում եմ այդ տեղը, որովհետև ամեն օրը մի մղձավանջ էր, ամեն օր ես մահվան շեմին էի։ Այժմ ես չեմ կարող այցելել իմ ծնողներին Կախեթիում, դա վտանգավոր է։ Սա է իմ և ձեր միջև եղած տարբերությունը։ Դուք երբեք չեք հասկանա, թե ես ինչի միջով եմ անցում՝ այստեղ կանգնելով և ասելով այս ամենը։ Ինձ համար այն լուրջ խնդիրներ կդառնա։ Դուք երբեք չեք հասկանա դա, քանի որ սպիտակ, հետերոսեքսուալ, արտոնյալ մարդիկ եք։ Ես ատում եմ ձեզ», — ասաց Թազոն Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովում, մայիսի 1-ին, այն բանից հետո, երբ նրանք կրկին հրաժարվեցին նշել Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։

Հեռուստատեսությունում հայտնվելուց հետո նա ավելի վստահ դարձավ, որ մոտ ապագայում տուն վերադառնալուն չարժե երկար սպասել։

Հունվարից ի վեր ՆԳՆ-ն 10 մարդ է ձերբակալել հոմոֆոբիայի հետ կապված հանցագործությունների համար։ 2017 թվականին դատախազությունը քննել է 86 ենթադրյալ հանցագործություն՝ ատելության հողի վրա, որոնցից 12-ը վերաբերում էին զոհերի սեռական կողմնորոշմանը, 37-ը՝ գենդերային ինքնությանը։

Վրաստանի հանրային պաշտպանի զեկույցում նշվում է, որ տարօրինակ մարդկանց նկատմամբ բռնությունը, թե՞ ընտանիքում, թե՞ հասարակական վայրերում լուրջ խնդիր է, և կառավարությունը չի կարող արձագանքել այդ մարտահրավերին։

Թազոյի ելույթը նախատեսված չէր։ Գիտակցելով, թե ինչ կզգա իր ընտանիքը, երբ տեսնի նրան հեռուստատեսությամբ, նա որոշեց նախապատրաստել նրանց և զանգահարեց իր մորը։ «Նա լաց էր լինում։ «Ինչո՞ւ ես դա արել։ Ի՞նչ կասեն մարդիկ», — հարցնում էր նա նախատինքով, բայց նա չզայրացավ, նա ցավում էր», — ասում է Թազոն։

Նրա հեռախոսը պայթում էր զանգերից և հաղորդագրություններից։ Դրանցից մեծ մասը քաջալերական էր, բայց կային մարդիկ, ովքեր չէին հասկանում։

Իր ելույթից հետո Թազոն դեռ չի խոսել իր հոր հետ։ «Մեր բոլոր բարեկամներն ու ընկերները զանգահարում էին նրան։ Նա ուզում էր դեն նետել հեռախոսը։ Բայց նրանք աջակցեցին նրան, ինչը շատ հազվադեպ է։ Սովորաբար, նման իրավիճակներից հետո ընտանիքները ստիպված հեռանում են իրենց հայրենի գյուղերից», — ասում է նա։

Իր հանրային ելույթից հետո, գյուղից մի քանի հին ծանոթներ փորձեցին կապ հաստատել իր հետ. «Իմ ծանոթներից մոտ 10-ը սոցիալական ցանցերում ինձ ընկերանալու խնդրանք ուղարկեցին։ Նրանք հարցրեցին, թե ինչու եմ նրանց համարում հոմոֆոբներ, որ նրանք իրականում ուզում են օգնել և հոգ տանել իմ բարեկեցության մասին»։

Այնուամենայնիվ, եղել են նաև վատը կամեցողներ, ովքեր արդեն մի քանի տարի է սպառնում են նրան։ Յուրաքանչյուր ուղևորություն դեպի տուն նման էր դանակի լեզվակի վրայով անցնելուն, այդ պատճառով Թազոն միայն տարեկան երկու անգամ էր այցելում իր հարազատներին։ Նա փորձում էր մնալ անտեսանելի։

«Հիմա ես ավելի քան վստահ եմ, որ ես դեռ երկար ժամանակ չեմ կարող վերադառնալ։ Արդեն մի քանի տարի է նրանք ինձ սպառնում են»։

Իր ելույթից հետո Թազոն վախեցել է մի քանի օր օգտվել հասարակական տրանսպորտից։ Վախենում էր, որ իրեն կճանաչեն։ Հիմա ամեն ինչ հարթվել է։

«Իմ ընկերներից ոմանք ասում էին, որ ինձ տեսան այլ տեսանկյունից։ Նրանք հարցնում են, թե ինչով կարող են օգնել, քանի որ նրանք չեն ցանկանում երեխաներին նման միջավայրում մեծացնել», — նշում է նա։

Բայց քաղաքական գործիչների համար ամեն ինչ այլ է։ Նրա համոզմամբ, նրանցից շատ քչերն են, ովքեր տեսնում են խնդրի լրջությունը, իսկ ոմանք տեսնում են, բայց իրենց համար մեկ է։

Թազոն ասում է, որ հպարտ է, որ ձայն է տվել «անտեսանելի մարդկանց»։

«Սա միայն իմ պատմությունը չէ։ Սա ընտանեկան բռնության զոհ դարձած հազարավոր մարդկանց ձայնն ու ցավն է, որոնց դուրս են հանում իրենց սեփական տներից, որոնցից ծնողները հրաժարվում են, որոնց ծաղրում են դպրոցում, խտրականություն են դրսևորում աշխատանքում՝ սեռական կողմնորոշման պատճառով»։

Եղել են ժամանակներ, երբ Թազոն ասում էր, որ չի կարող բարձրաձայնել այդ մասին, բայց ամեն ինչ փոխվեց։ Նա հույս ունի, որ իրավիճակը կփոխվի նաև մնացածների համար։

«Կա անվերադարձի մի կետ, որից հետո այլևս չեք կարող հանդուրժել։ Կգա ժամանակ, երբ շատերը այդ մասին բացահայտ կխոսեն՝ ինչպես ես հիմա։ Մենք միասին կլինենք և կպահանջենք, որ պաշտոնյաները կատարեն իրենց պարտականությունները», — հայտարարում է Թազոն։

Ադրբեջանցիներ Էլվիրան և Ամինան

Սեպտեմբերին OC Media-ն արդեն գրել էր Բաքվի բնակիչներ Էլվիրայի և Ամինայի մասին։ Վերջին վեց ամիսների ընթացքում նրանց կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել։

Աղջիկների հարաբերությունները արագորեն զարգանում էին։ Ծանոթությունից վեց ամիս անց նրանք սկսեցին ապրել միասին, իսկ որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան, գրանցվեցին եվրոպական երկրներից մեկում, որտեղ նույնասեռ ամուսնությունները թույլատրվում են։

Աղջիկներն իրենց զգում էին որպես լիարժեք ընտանիք։ Ընկերներն ու հարազատները նույն կերպ էին նրանց ընկալում։ Էլվիրայի և Ամինայի ծնողները, չնայած դժկամությամբ, սակայն ժամանակի ընթացքում հաշտվել էին այն փաստի հետ, որ հիմա նրանք ունեն ոչ թե փեսա, այլ՝ հարս։ Այնուամենայնիվ, զույգը Ադրբեջանում չէր զգում իրեն իր ափսեում և մտածում են արտագաղթի մասին։

(Վաֆա Զեյնալովա/OC Media)

«Նախ, մենք հոգնել ենք կոդավորված լինել», — պատմում է Ամինան։ — «Երկրորդ, Եվրոպայում տրված ամուսնության վկայականը վավեր չէ հայրենիքում, և օրենքով միմյանց համար մնում էինք օտար մարդիկ։ Եվ, վերջապես, մեզ հետ միասին ապրում է Էլվիրայի փոքրիկ որդին։ Երեխային չես բացատրի, որ օտար մարդկանց ներկայությամբ ավելի լավ է ավելորդ բաներ չխոսել։ Ի՞նչ կլիներ, եթե, օրինակ, մանկապարտեզում իմանային, թե ինչպես է մեր ընտանիքը կազմված»։

Արդյունքում, որդին իրոք դարձել է գրեթե քրեական դրամայի անուղղակի մասնակից, որը ստիպեց ընտանիքին հեռանալ Ադրբեջանից։ Ոչ, նա որևէ մեկին չի ասել, բանն այլ է։

«Մի անգամ իմ զարդատուփից կորան մեծ գումարի ոսկյա զարդեր։ Դրանք կարող էր գողանալ միայն մեր որդու դաստիարակը. բացի նրանից ոչ ոք միայնակ չէր մնացել բնակարանում։ Մենք նրան լիովին վստահում էինք։ Պարզվեց՝ իզուր», — պատմում է Էլվիրան։

Երբ գործը հասավ ոստիկանություն, դաստիարակը ո՞չ ընդունեց իր մեղքը, ո՞չ էլ ժխտեց այն։ Փոխարենը, նա քննիչի առջև դրեց համոզիչ կոմպրոմատ իր գործատուների մասին՝ ինտիմ լուսանկարներ և տեսանյութեր։

«Կարծես տուժողից մենք վերածվեցինք կասկածյալների՝ ամեն դեպքում, քննիչն իրեն այդպես էր պահում», — ավելացնում է Էլվիրան։

Ստանալով կոմպրոմատը՝ ոստիկանը Էլվիրային հայտարարել է, որ ավելի լավ է հետ վերցնել դիմումը և գործին ընթացք չտալ, այլապես ավելի վատ կլինի՝ ոչ միայն այն պատճառով, որ բուժքույրը կարող է հրապարակել իրենց անձնական տվյալները և լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել ինտերնետում։ Նրա խոսքերով, հետաքննության ընթացքում նրանք կսկսեն ստուգել իր և Ամինայի «բարոյական պատկերը» (չնայած, օրենքի համաձայն, դա ոչ մի կապ չուներ գողության հետ), կհարցաքննվեն ծնողները և գործընկերները, գործը կհասնի նրան, որ երեխային կարող են վերցնել նրանցից։

Խոսքի մեջ քննիչը Էլվիրային խորհուրդ տվեց հետևել Ամինային. նրա կարծիքով, հենց ինքը կարող էր գողանալ զարդերը։ Էլվիրան խոստովանեց, որ այդ ժամանակ, քննիչի գրասենյակում, նա ապրեց իր կյանքի ամենասարսափելի և նվաստացուցիչ պահերից մեկը։ «Դա նողկալի էր։ Այն բանի գիտակցումը, որ այս կինը լրտեսել է մեզ, անպաշտպանության զգացողությունը, քննիչի կենտրոնացած հայացքները և չխառնվելու խորհուրդը… Այդ ժամանակ մենք որոշեցինք՝ պետք է հնարավորինս շուտ մեկնել։

Մարտի կեսերին ընտանիքը մեկ ուղղությամբ տոմս գնեց և մեկնեց Միացյալ Նահանգներ։

(Վաֆա Զեյնալովա/OC Media)

Մինչև 2000 թվականը, Ադրբեջանում հոմոսեքսուալ հարաբերությունները քրեորեն պատժելի էին, դրանց համար կարող էին մի քանի տարի ազատազրկման ենթարկվել։ 2000 թ.-ին հոդվածը չեղյալ համարվեց, և 16 տարին լրացած մարդկանց միջև նույնասեռական կապը դարձավ օրինական։ Սակայն և՞ արգելքը, և՞ դրա չեղյալ համարումը վերաբերում էին միայն տղամարդկանց։ Կանանց համասեռամոլության վերաբերյալ ընդհանրապես ոչինչ չի ասվում օրենսդրության մեջ։

Ադրբեջանը չի արգելում խտրականությունը սեռական կողմնորոշման հիման վրա։ Շանտաժի, աշխատանքից ապօրինի ազատվելու և այլ ոտնձգությունների դեպքերում, տուժողը կարող է ներկայացնել միայն «ընդհանուր» բողոք, օրինակ՝ մարդու իրավունքների խախտման մասին։

ԼԳԲՏ «Նեֆես» դաշինքի ներկայացուցիչ Գյուլնարա Մեհտիևան ասում է, որ տեղական ԼԳԲՏ-ի ակտիվիստները կհասնեն համապատասխան օրենքի ընդունմանը։

2014թ.-ին «Նեֆես»-ը հեԹազոտություն անցկացրեց։ Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ինչպես են նրանք վերաբերվում ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներին։ Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 56%-ը հոմոսեքսուալությունը և բիսեքսուալությունը համարում են բնածին հիվանդություն, 60%-ը վատ է վերաբերվում սեռական փոքրամասնություններին, իսկ 64%-ը չէր ցանկանա աշխատել նրանց հետ։ Ընդ որում, հարցվածների մեծ մասը բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ տղամարդիկ էին։

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները կարծում են, որ Ադրբեջանում լեսբուհիներին ավելի հանդուրժողաբար են վերաբերվում, քան գեյերին։ Իրավապաշտպան Էլդար Զեյնալովը դա բացատրում է ադրբեջանական հասարակության հայրապետությամբ։ Դրանում տղամարդն ավանդաբար ունի գերիշխող դեր։ Այս հասկացության տեղային մեկնաբանության մեջ իր «տղամարդկությանը» տրվում են բարձր պահանջներ։

«Տղամարդը, ով միասեռական հարաբերությունների մեջ է մտնում, ոչ միայն նվազեցնում է իրեն մինչև կնոջ մակարդակը՝ նվաստացնելով իրեն, այլև փաստացի ոտնահարում է ավանդույթը և հասարակության հիմքերը», — բացատրում է Զեյնալովը։

Նրա խոսքերով, Ադրբեջանում կա միայն մեկ միջոց՝ հասարակությանը ստիպելու հաշտվել մարդու ոչ ավանդական կողմնորոշման հետ։ Դրա համար հարկավոր է ունենալ իշխանություն կամ մեծ գումար, կամ, ավելի լավ է՝ երկուսն էլ։

«Շատ ադրբեջանցիների ընկալման մեջ փողը և իշխանությունը ավելի ծանրակշիռ փաստարկներ են՝ հօգուտ տղամարդկության, քան սեռական նախասիրությունները։ Հարուստ և հզոր մարդուն կարող են ներել շատ բաներ, այդ թվում՝ սեռական հարաբերությունները իր սեռի մարդու հետ», — ասում է իրավապաշտպանը։

Այժմ Ամինան և Էլվիրան որդու հետ ապրում են Ամերիկայում և փորձում են «կառչել»՝ աշխատանք են փնտրում, կարգավորում են նոր բնակարանը և հարմարվում — այլև վախենալու բան չկա, որ ինչ-որ մեկը կիմանա ճշմարտությունը իրենց մասին։

Արմինե Ավետիսյան, Նիքա Մուսավի, Դաթո Փարուլավա