fbpx

Սևանի ավազանի գյուղերը՝ առանց տղամարդ

Արծվանիստ (Գայանե Մկրտչյան/OC Media)

Հայաստանում Սևանի ավազանի գյուղերից տղամարդիկ հաճախ են մեկնում արտագնա աշխատանքի Ռուսաստան, որպեսզի կարողանան պահել ընտանիքներին։ Հաճախ նրանք տանը չեն անցկացնում տարվա 10 ամիսը։ Այդ պատճառով էլ կանայք ստիպված միայնակ են իրենց ուսերին վերցնում գյուղատնտեսական ծանր աշխատանքները, իսկ երեխաներն էլ մեծանում են առանց հայրերի։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

33-ամյա Խաթուն Ժամհարյանի մաշկը խանձվել է ամառվա այրող արևից։ Քրտինքի խոշոր կաթիլները հոսում են դեմքի վրայով, սական դա չի խանգարում, որպեսզի երիտասարդ կինը մեջքին շարունակի քարշ տալ գյուղատնտեսական սրսկման ծանր սարքը, որով պայքարում է կարտոֆիլի դաշտում միջատների դեմ։ Նա կարտոֆիլը սրսկում է օրվա ամենաշոգ ժամին, երբ միջատները դուրս են գալիս հողի մակերես։

Խաթուն Ժամհարյան (Գայանե Մկրտչյան/OC Media)

Խաթունը ապրում է Երևանից 140 կմ հեռավորության վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում, որտեղ բնակչության թիվը 6000 է, սակայն ամռան ամիսներին գյուղում միայն կանայք են, ծերերն ու երեխաները։ Կարտոֆիլի ու հացահատիկի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվող գյուղում կանայք են իրենց ուսերին կրում աշխատանքի հիմնական ծանրությունը։

35 տարի արտագնա աշխատանքում

Խաթունի սկեսրարը՝ 70-ամյա Սուրեն Ներսիսյանը, 35 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի։ Նա ասում է, որ Երանոսում դեռ խորհրդային տարիներից կար այդ ավանդույթը մեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստան, փլուզումից հետո գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ բռնեցին այդ ճանապարհը։

«Իմ երեք տղաներն էլ Սվերդլովսկում են, արդեն քանի տարի։ Կանանց ու երեխաներին չեն տանում, տանեն, ո՞ւր մնան, իրենք տղամարդկանցով ապրում են մի մեծ ընդհանուր սենյակում։ Մի քանի ամիս բան է, ոչինչ, որ մնացին գյուղում, ո՞վ է պահելու մեզ բոլորիս», — պատմում է նա OC Media-յին։

Advertisements
Սուրեն Ներսիսյան (Գայանե Մկրտչյան/OC Media)

Հյուրասենյակի մի անկյունում համակարգիչն է, որտեղ Խաթունի տղաները՝ 12-ամյա Լիպարիդն ու 9-ամյա Արամը, ամեն օր սկայպով խոսում են հոր հետ։

«Թոռս գիտեք, ինչա՞ ասում. «էտ էլ եղավ պապա՞, իմ մաման համ պապա է, համ մամա»», — ասում է Խաթունի սկեսուրը՝65-ամյա Ժենյա Ներսիսյանը, ով դեմ է, որպեսզի հարսները տարվա մեջ 8 ամիս ապրեն առանց իրենց ամուսինների, — «Ասել եմ, այս տարի կգաք, ձեր ընտանիքիներին էլ ձեր հետ կտանեք, թե չէ, սա ի՞նչ կյանք է, իրարից բաժանված, իրար երես չեն տեսնում»։

Երանոսը մարզի միակ գյուղը չէ, որտեղ տղամարդիկ գրեթե ողջ գյուղով մեկնում են ժամանակավոր արտագնա աշխատանքի, իսկ ձմռան շեմին, հիմնականում Ամանորից առաջ վերադառնում տուն։ Մարզի գրեթե բոլոր գյուղերում նույն իրավիճակն է տիրում։

Սերը՝ «Սկայպի» միջոցով

Տաթև Պետրոսյանը իր դստեր հետ (Գայանե Մկրտչյան/OC Media)

Երևանից 148 կմ հեռավորության վրա գտնվող, 3600 բնակչություն ունեցող Արծվանիստ գյուղում խոտհունձի աշխատանքերին լծված են գյուղի կանայք ու երեխաները։ 34-ամյա Տաթև Պետրոսյանը աշխատում է 15-ամյա աղջկա՝ Գայանեի, ու 13-ամյա տղայի՝ Կարենի հետ։ Ասում է՝ ինչ ամուսնացել են, ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ երբ երեխաներն ավելի փոքր էին, ամեն անգամ ամուսնու վերադառնալուց հետո, ժամանակ էր պետք լինում, որպեսզի երեխաները ճանաչեին ու ընտելանային հորը։

«Հիմնական մեր շփումը «վայբերով» կամ «սկայպով» է, տարին երկու կամ երեք ամիս են միասին ապրում... երեխաները մեծանում են առանց հոր ջերմության։ Ստիպված մենք ենք անում հողի հետ կապված բոլոր գործերը։ Սեփականաշնորհված մեր հողատարածքներում անասնակեր ենք ցանել, խոտքաղ ենք անում, հավաքում ենք, մենք էլ բարձում ենք մեքենայի մեջ, հետո բերում բակ ու էս անգամ հանում տան կտուրին դասավորում։ Ողնաշարս ամբողջ հիվանդ է ծանր ֆիզիկական աշխատանքի պատճառով», — պատմում է Տաթևիկը։

Տաթևիկի ամուսինը երեք եղբայրների հետ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, երկուսը Մոսկվայում են, երկուսը՝ Կրասնոյարսկում։ Կանայք դժգոհում են, որ հաճախ ամուսինները կարող են գումար չուղարկել, քանի որ այնտեղ էլ գործատուները չեն վճարում, ստիպված ապրում են սոցիալական չնչին նպաստի, կամ եթե տանը ծերեր կան, նրանց թոշակի հույսով։

«Երկուսը միասին կազմում է 58 հազար դրամ (ԱՄՆ 110 դոլար), որից 15000 դրամը (ԱՄՆ 15 դոլար), վճարում եմ կոմունալ վարձերը, մնացածն էլ հազիվ մի երկու բան հասցնում գնել։ Գյուղից մարդ չկա, որ բանկում վարկ չունենա։ Մենք մեր ոսկյա զարդերն ենք գրավ դրել ու 300 հազար դրամ վերցրել, որպեսզի ամուսինս կարողանար գարնանը մեկնել Ռուսաստան, հետո ուղարկում է, փակում ենք, հետո հանում, հետո նորից դնում, կարուսելի նման», — սրտնեղած պատմում է Տաթիկը։

100 հազար միգրանտներ

(Գայանե Մկրտչյան/OC Media)

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի դիտարկմամբ աշխատանքային միգրացիան այն միակ ռացիոնալ ճանապարհն է, որով մարդիկ կարողանում են իրենց ընտանիքների գոյատևումն ապահովել։

«Այսօր միայն սեզոնային միգրանտների թիվը կազմում է 80–100 հազար։ Դրա մոտավորապես 85 տոսկոսը տղամարդիկ են, մնացածը՝ կանայք։ Ընդ որում, գերակշիռ մասը կազմում են աշխատանքային տարիքի տղամարդիկ, մեծ թիվ են կազմում նաև երիտասարդները։ Հիմնական միգրացիոն գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեկնում է մեր աշխատանքային միգրանտների 95 տոկոսից ավելին», — ասում է ժողովրդագիր Եգանյանը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշում է, որ կառավարության պատվերով իրականացվել է ՀՀ միգրացիոն իրավիճակի գնահատում՝ ընտրանքային հետազոտության միջոցով, ըստ որի Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը աճել է։ Եթե 2007-2013թթ.24,3%-ից՝ 2012–2015 թթ.՝ 33,8%-ի։

«Չնայած ռուբլու արժեզրկմանը, ինչն էլ ավելի է դժվարեցնում իրավիճակը, մեր հայրենակիցները շարունակում են մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, սա խոսում է այն մասին, որ տեղում ոչինչ չի փոխվում», — ասում է Դավթյանը։

Ընտանիքների փոփոխվող մոդելը

Աշխատանքային միգրացիայի արդյունքում Հայաստանում ձևավորվել է ընտանիքի նոր տեսակի մոդել, որտեղ կանայք տարվա 10 ամիսը ապրում են առանց ամուսինների, առանց ընտանեկան երջանկության, երեխաները մեծանում են առանց հոր ներկայության։ Ընտանիքի անդամների միջև շփումները դառնում են ընդամենը տեխնոլոգիական՝ մի կողմ մղելով մարդկային կարոտը։

«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական հկ-ի նախագահ Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ տարբեր հետազոտությունների արդյունքում, երբ զրուցել են աշխատանքային միգրանտների հետ, նրանք պատմել են, որ եթե Ռուսաստանում վաստակած գումարի կեսը վաստակեին սեփական երկրում, ապա չէին մեկնի ՌԴ, քանի որ իրենց բացակայությունը լուրջ անդրադարձ է թողնում ընտանիքիների վրա, ովքեր շարունակում են մնալ ու ապրել Հայաստանում առանց իրենց։

Լեւոն Զաքարյանը Իշխան Թարոյանի հետ (Գայանե Մկրտչյան/OC Media)

Ըստ նրա արտագնա աշխատանքը փոխել է հայկական ավանդական ընտանիքի մոդելը։ Ամուսինների բացակայությունը միայնակ մնացած կանանց ստիպում է դառնալ ուժեղ և տղամարդու փոխարեն հաճախ որոշումներ կայացնողներ։

«Կանայք դառնում են ընտանիքի «տղամարդը», և նրանց վրա է մնում երեխաների դաստիարակության ամբողջ բեռը։ Ամուսնու երկարատև բացակայությունը բերում է նրան, որ կինն է դառնում թելադրողը տան մեջ։ Ընտանիքի հայրը դառնում է ընդամենը մեկը, ով բացակա է, բայց երբեմն գումար է ուղարկում։ Որոշումներ կայացնելու վրա քիչ քիչ սկսում է նվազել տղամարդու դերակատարումը՝ որպես սոցիալական բջիջ ընտանեկան մոդելում», — բացատրում է Բեժանյանը։

Կանանց գյուղ

Արծվանիսի հարևանությամբ 5000 բնակչություն ունեցող Ծովինար գյուղն է, որն առավել հայտնի է արտագնա աշխատանքի մեկնողներով։ Ռուսաստան մեկնող ավտոբուսները շարժվում են հենց Ծովինարի կենտրոնից ամիսը երկու անգամ։

Ծովագյուղից 47-ամյա Լևոն Զաքարյանը գյուղի հազվագյուտ տղամարդկանցից է, ով մնացել է գյուղում, ընտանիքի կողքին։ Ասում է, որ Ռուսաստան դադարեց գնալ ամուսնանալուց հետո։

«Չէի կարող թողնել կնոջս, երեխաներիս, ծեր ծնողներիս, իհարկե դժվար է, եկամուտներս չեն հասնի Ռուսաստանում աշխատողների եկամուտներին, բայց իմ որոշումն էր մնալ ու աշխատել հայրենի գյուղում։ Սովետի ժամանակ էս գյուղում, կողքի գյուղերում մեծ գորածարաններ կային, ապահովում էին մարդկանց զբաղվածությունը։ Գյուղատնտեսությունը իրեն ընդհանրապես չի արդարացնում, ամեն տարի ասում ենք, որ այս տարի լավ կլինի, բայց մեր ծախսածն անգամ չենք հանում, մի տարի երաշտ, մի տարի կարկուտ…», — ասում է Զաքարյանը։

Լևոն Զաքարյանի հողամասի հարևանությամբ 42-ամյա Իշխան Թառոյանի կարտոֆիլի այգին է։ Ասում է, որ եթե գյուղում ամեն ինչ լավ լիներ, ոչ մի տղամարդ էլ չէր ցանկանա թողնել ընտանիքին ու հեռանալ։

«Բացի Լևոնից ու ինձնից այս թաղում էլ տղամարդ չկա, — ծիծաղելով ավելացնում է Իշխանը, — Մեզ մոտից գնում են Բաշկիրիա, Թաթարիա։ Գյուղից լավ գործարարներ ունենք, իրենք են տանում համագյուղացիներին, տեղավորում գործի. 45–50 հազար ռուբլի գումար են ամսական ստանում, իսկ կարտոֆիլի մշակությունը շարունակում է իրեն չարդարեցնել, իրենք գնացել են, ամեն ամիս իրենց փողն ունեն, հիմա ո՞րն է լավը»։