fbpx

Ժամկետանց թունաքիմիկատները՝ տոքսիկ վտանգ Հայաստանի համար

Ջրառատ (Գալուստ Նանյան /OC Media)

Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում հայտնաբերվել են  քլորօրգանական թունաքիմիկատներ, որոնք արդեն 30 տարի է արգելված են օգտագործել գյուղատնտեսությունում։ Գյուղացիների նկուղներում ու տանիքներում, ինչպես նաև խորհրդային միությունից դեռևս պահպանված պահեստներում գտնվող ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները սպառնալիք են մարդկանց կյանքի և առողջության համար։

Արմավիրի մարզի, Ջրառատ գյուղի բնակիչ 52-ամյա Նարինե Սարգսյանը հիշում է, որ հայրը օգտագործում էր դիկլորոդիֆենիլտրիկլորոմետմետան, ավելի շատ հայտնի ԴԴՏ անվանմամբ,այգու բույսերը տարբեր միջատներից պաշտպանելու համար։

«ԴԴՏ  պահում էր նկուղում։ Նրա մահից հետո, ես շարունակել եմ օգտագործել  այդ թունաքիմիկատը մինչև անցյալ տարի», — պատմում է Նարինեն OC Media-յին։

«Մի անգամ քույրս տեսավ. ապշել էր։ Նա սկսեց ինձ բացատրել, թե դրա կիրառումը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Հասկացա, որ թունավորել եմ իմ ամբողջ ընտանիքին, օգտագործելով այդ արգելված թունաքիմիկատը։ Փառք Աստծո մեզ հետո դեռ ոչ մի վատ բան չի պատահել, մեզանից ոչ ոք չի հիվանդացել»։

Բնապահպան, «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը ասում է. ԴԴՏ առաջացնում է մի շարք չարորակ հիվանդություններ, անպտղություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն կապում է  քաղցկեղի մի շարք տեսակների հետ։

Արդյունքում ԴԴՏ դեռևս 30 տարի առաջ արգելվեց Հայաստանում, իսկ 2003 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանը վավերացրեց «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան, որն էլ իր հերթին ուժի մեջ  մտավ 2004 թվականի մայիսին։ Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ Հայաստանը պարտավոր է մինչև 2025 թ. ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները։

Թունավոր գազարը

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը 2013 թվականից սկսած իրականացնում «Կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտման առանձնահատկությունների ուսումնասիրում» ծրագիրը, Հայաստանում հողերի աղտոտվածության չափը հասկանալու համար։ Հետազոտությունների արդյունքում փորձագետները գյուղական մի քանի հողահանդակներում հայտնաբերել են ԴԴՏ և ԿՕԱ, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։

Advertisements

«28–30 տարի է անցել, ինչ ԴԴՏ արգելված է օգտագործել գյուղատնտեսությունում, բնականաբար պետք է որ գյուղացիների մոտ չլիներ, բայց Արմավիրի, Կոտայքի ու Շիրակի մարզերի համայնքների տարբեր հողահանդակներում  հայտնաբերել ենք ԴԴՏ», — ասում է «Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման» կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։

Նա նշում է, որ դաշտային աշխատանքների ժամանակ հանդիպել են գյուղացիների, ովքեր պատմել են, որ երկար ժամանակ իրենց կտուրներում պահել են ԴԴՏ։ Շատերը արգելքից հետո էլ, մինչև 2000 ականները այն շարունակել են  կիրառել գյուղատնտեսությունում։

«Մոտ 20 տարի պահել են՝պարկերով, տուփերով, պահել են ու օգտագորճել, ու ոչ միայն որպես բույսերի վնասատուների դեմ պայքարի միջոց։ Շատ գյուղացիներ էլ օգտագործել են անասուններն լողացնելու համար, քանի որ ԴԴՏ բավականին արդյունավետ միջոց է ոջիլի դեմ պայքարի համար։ Լողացրել են ու բաց թողել ոչխարին հողի վրա, կենդանու արտաթորանքով էլ այն անցել է հողին», — ասում է Պիպոյանը։

«Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման» կենտրոն-ը ԴԴՏ հայտնաբերել է գազարում։

«Խնդիրը նրանում է, որ պետությունը պետք է ունենա հողերի աղտոտման քարտեզ ու հասկանա, որոնք են ռիսկային հողահանդակները», — ասում է Պիպոյանը։

Նա հուսով է, որ երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունները կազդեն նաև այս ոլորտի վրա, և դրական տեղաշարժեր կնկատվեն, կիրականացվեն հողերի մաքրման աշխատանքներ։

«Պետությունը պետք է հասկանա որ սա ազգային  անվտանգության խնդիր է։ Ամեն օր ուշացնելը նպաստում է  երկրում ուռուցքների բազմացմանը, տարածմանը, ի վերջո որի համար վճարում է պետությունը, ու ի վերջո եթե մարդը ուռոցքով հիվանդանում է , ապա դա պետության համար ահռելի ծախս է։ Չկա մի պետություն, որ սա ազգային անվտանգության անքակտելի մաս չլինի», — ասում է Պիպոյանը։

Պահեստներ՝ ավերակներում

Ժամկետանց թունաքիմիկատները հայտնաբերվել են ոչ միայն գյուղական տնտեսություններում, այլև նաև երկրի տարբեր մարզերի գյուղերում գտնվող խորհրդային ժամանակներից պահպանված պահեստներում։

Ըստ Գյուղատնտեսության  նախարարության՝ ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին անգամ 2014 թվականին է իրականացվել ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում և գույքագրում։

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի դիտարկմամբ «Հայբերրիություն» գիտաարտադրական միավորման շրջանային և որոշ գյուղական համայնքների նախկին տնտեսությունների թունաքիմիկատների 64 պահեստներից՝ 29-ում գրանցվել են վերափաթեթավորման ու ոչնչացման ենթակա ժամկետանց պեստիցիդներ։ Գույքագրման արդյունքում Հայաստանի տաս մարզերում  հայտնաբերվել են գրեթե 150 տոննա ժամկետանց պեստիցիդներ։

«Ժամկետանց թունաքիմիկատները, տարբեր քանակներով, հիմնականում գտնվում են նախկին «Հայբերրիություն» գիտաարտադրական միավորման  պահեստներում, որոնք սեփականաշնորհվել են։ Այդ տարածքները հսկվում են սեփականատիրոջ կողմից և գույքագրման մասնակից միջազգային փորձագետների կողմից գնահատվել են հսկվող և անվտանգ շրջակա միջավայրի համար», — ասում է Հարությունյանը OC Media-յին։

Երևանից 30 կմ հեռավորության վրա գնտվնող Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մինչև այսօր էլ պահպանվում է  խորհրդային տարիների թունաքիմիկատների ամենամեծ պահեստը։ Հայաստանի հենց այս պահեստում են բեռնաթափել երկաթգծով ստացված թունաքիմիկատները եւ ուղարկել այլ պահեստներ։ Այստեղ են ամբողջ հանրապետությունից հավաքվել ժամկետանց թունաքիմիկատները եւ տարաները։

Մինչդեռ փոխնախարար Հարությունյանը նշում է, որ տվյալ գյուղում նախկին կենտրոնական բազայի տարածքը փակ է և պատշաճ հսկվում է սեփականատիրոջ կողմից։

«Ինչ-ինչ նկատառումներով այդ պահեստները քանդվել են։ Քանդվել են ոչ թե դատարկելով պահեստի եղածը, այլ շենքն են քանդել, իսկ կուտակված թունաքիմիկատները մնացել են տակը»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հիգիենայի եւ էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը։

«Մենք անընդհատ հարց ենք բարձրացնում, որ պետք է ուսումնասիրվեն այդ պահեստներում եղած պաշարները, որպեսզի այդ հարցերն իրար հետ լուծվեն», — ասում է Լիլիկ Սիմոնյանը OC Media-յին։

Թունաքմիկիատների խորհրդային գերեզմանոցը Երևանում

Երևանի ծայրամասային թաղամասերից մեկում, որը կոչվում է Էրեբունի, գտնվում է Նուբարաշենի թունաքիմիկիատների 41-ամյա գերեզմանոցը, որտեղ թաղված են շուրջ 900 տոննա թունաքիմիկատներ՝ ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ։

Նուբարաշենի գերեզմանոցը  Հայաստանը ժառանգել է խորհրդային ժամանակներից, որն էլ մինչ  այսօր շարունակում է վտանգ ներկայացնել շրջակա միջավարի ու մարդկանց առողջության համար։

Թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքը գտնվում է սողանքային հատվածում, որտեղ ընթանում են ակտիվ սողանքային պրոցեսներ։

Բնապահպանները ահազանգում են, գերեզմանոցի սողանքային գոտում գտնվելու փաստը էլ ավելի է մեծացնում  թունաքիմիկատների վտանգավորության աստիճանը։

«Թունաքիմիկատները թաղվել են սողանքային գոտում, ինչն էլ ավելի է նպաստում  թունաքիմիկատների միգրացիային (տարածմանը)։ Դրանց տարածմանը նաեւ նպաստում են մարդկանց անտեղյակությունը, քանի որ տարածքում մինչ օրս էլ դեռեւս շրջակա համայնքների շատ բնակիչներ իրենց անասուներն արածեցնում են այդ կողմերում», — OC Media-յին ասում է բնապահպան, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը։

Նա նշում է, որ թունաքիմիկատների գերեզմանոցի մասին բուռն քննարկումները սկսվել են դեռևս 2008 թվականին, իսկ 2010-ին աղմուկն ավելի մեծացավ։

«2008 թ.-ին և դրանից հետո՝ 2010-ի մայիսին, որոշ մարդիկ մտել էին գերեզմանոց՝ համապատասխան տեխնիկայով ավերելով գերեզմանոցի վերին շերտը։ Նրանք մի քանի մետր փորել էին և այդպես բաց թողել ու գնացել, ինչը ևս պատճառ դարձավ թունաքիմիկատների տարածմանը», — ասում է բնապահպան Նանյանը։

Նուբարաշենի թունաքմիկիտաների խնդրով տարիներ շարունակ զբաղվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը, պարբերաբար բարձրացնելով գերեզմանոցի ազդեցության հետևանքները շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը OC Media-յին ասում է. դեռևս 2000-ականներին կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թունաքիմիկատների, հատկապես  ԴԴՏ-ի և ՀՔՑՀ-ի (հեքսաքլորցիկլոհեքսան) քանակները հողում ավելացել էին և  գերազանցում էին սահմանային թույլատրելի խտությունը՝ մի քանի հարյուր անգամ։ Տարածքի բնակիչների շրջանում ուսումնասիրել և հայտնաբերել էին, որ  մայրական կաթի մեջ ԴԴՏ թունաքիմիկատ կա։

«Սողանքների հետևանքով տեղի է ունեցել գերեզմանոցի ամբողջականության խախտում, առկա է թունաքիմիկատների արտահոսք՝ գերեզմանոցից դեպի արտաքին միջավայր», — բացատրում է փորձագետը։

Այս ամենի պատասխանը եղավ Հայաստանի  կառավարության պատասխանը, որը ծրագիր է մշակել անվտանգության ապահովման առումով։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է.  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ հայաստանյան գրասենյակը և ՀՀ կառավարությունը Գլոբալ էկոլոգիական հիմնդրամի ԳԷՀ ֆինանսական օժանդակությամբ սկսել են իրականացնել ծրագիր, որի շնորհիվ կնազվեցնեն թափոնների ազդեցությունը և կլիկվիդացնեն խորհրդային ժամանակներից մնացած աղտոտված տարածքները։

«Ծրագիի ընդհանուր արժեքը 4,7 միլիոն դոլլար է, որի շրջանակներում նախատեսված է թունաքիմիկատների գերեզմանոցը արտափորել, արտազատել համապատասխան նյութերից ոչնչացման եղանակով, ինչպես նաև վնասազերծել շրջապատող հողային զանգվածը։ Քանի, որ ծրագիրը  շատ սպեցիֆիկ է, իսկ մեր երկիրն էլ համապատասխան փորձառություն չունի այս ոլորտում, ծրագրային բոլոր փուլերում կներգրավվեն միջազգային լավագույն փորձագետներ», — ասում է ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը նշում է.  չեն հավատում, որ այսքան տարի անց վերջապես սայլը տեղից շարժվում է, միևնույն ժամանակ հույսով սպասում են։