fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Երևանի առևտրականները բողոքում են «Ֆիրդուսի» շուկայից հարկադիր տարահանման դեմ

Առևտրի տաղավարները գտնվում են Ֆիրդուսի փողոցի բնակելիւ տների անմիջական հարևանությամբ (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Հունիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պաշտոնապես ծանուցել են Ֆիրդուսի փողոցում գտնվող շուկայի առևտրականներին վերջինի տարածքում հունիսի 15-ից շինարարական աշխատանքներ սկսելու մասին։ Առևտրականներին առաջարկվել է ինքնաբուխ տաղավարներից ապրանքը տեղափոխել առևտրի այլ կետեր։ Սակայն առևտրականները դժգոհ են քաղաքապետարանի որոշումից և խնդրում են տեղափոխման համար տրամադրել կես տարի։ Ընթանում են բանակցություններ, սակայն՝ առայժմ ապարդյուն։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

«Ինքներդ եք տեսնում՝ ապրանքիս գրեթե ամբողջ տեսականին ամառային է։ Բերել եմ Թուրքիայից մեկ ամիս առաջ։ Հիմա ես ի՞նչ անեմ»,— բողոքում է OC Media-յին «Ֆիրդուսի» շուկայիում առևտրով զբաղվող միջին տարիքի մի կին։

«Մինչև ես նոր տեղ գտնեմ, մինչև այս ամենը տանեմ այնտեղ, հաճախորդներ գտնեմ՝ ժամանակը կգա ամառային հագուստի հետևից գնալու։ Իսկ եթե ամառային հագուստը չվաճառվի, ես ի՞նչ գումարով գնամ։ Նորից բանկից վա՞րկ վերցնեմ աննկարագրելի տոկոսով», — հարց է տալիս առևտրական կինը։

Հագուստի շուկայի աշխատակիցները քաղաքի իշխանություններից մինչև տարեվերջ ժամանակ են պահանջում տեղափոխվելու համար՝ իրենց պահանջը բացատրելով գնված ապրանքի իրացման և առևտրի նոր կետերի որոնման անհրաժեշտությամբ։ Առևտրականները պնդում են, որ հագուստի շուկայից ծրագրված հեռացումից հետո իրենք կհայտնվեն անելանելի վիճակում։ Կառավարությունը տեղեր է խոստանում Երևանի առևտրային այլ տարածքներում, սակայն առևտրականները պատրաստ չեն զիջելու և շարունակում են բողոքարկել քաղաքապետարանի որոշումը։

Շուկայի մուտքը (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Կռվախնձորը

«Շահնամե» պարսկական էպիկ պոեմի փառահեղ հեղինակի պատվին անվանված «Ֆիրդուսի» հագուստի շուկան տեղակայված է Երևանի փոքր կենտրոնում, համանուն փողոցի վրա, և առաջացել է 90-ականների սկզբում։ Շուկան իրենից ներկայացնում է մի փողոց, որը բաղկացած է տախտակներից, ցելոֆանե թաղանթից, վրաններից և այլ օժանդակ նյութերից պատրաստված ինքնաշեն առևտրային տաղավարներից։

Advertisements

Բավականին անփույթ տարածքում կարելի է գտնել ամենատարբեր ապրանքներ՝ սկսած ասեղներից, մրգերից, բիժուտերիայից և օծանելիքից, մինչև խաչերով շապիկներ (ներկայումս առանձնապես ոճային համարվող), վերարկուներ և կենցաղային տեխնիկա։

Անձրևների ժամանակ, և հատկապես ձմռանը «Ֆիրդուսին» իրենից ներկայացնում է մի կեղտակույտ, որտեղ մարդիկ տեղաշարժվում են ցեխի մեջ, տենտային «կտուրներից» թափվող ջրի և ձյան տակ։ Սակայն շուկան ունի նաև իր առավելությունները. գները, հատկապես՝ հագուստի, մի երկու տասնյակ տոկոսով, եթե ոչ կիսով չափ, ավելի ցածր են, քան խոշոր առևտրի կենտրոններում։ Իհարկե, այս պարագան արտահայտվում է նաև որակով։ Սակայն, հասկանալի պատճառներով, «Ֆիրդուսի» շուկայի հաճախորդների համար նշված գործոնը վերջին տեղում է։

Խաչերով շապիկները «Ֆիրդուսի» շուկայում ներկայումս առանձնապես ոճային են համարվում (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Օտարման պաճառները

«Ֆիրդուսի» տարածքն օտարվում է Հայաստանի Կառավարության հովանավորությամբ խոշոր ներդրումային ծրագրի ներքո հետագա կառուցապատման նպատակով։ Ծրագրի շրջանակներում քաղաքապետարանն արդեն բանակցություններ է վարում ներդրողների և խոշոր ընկերությունների հետ։ հեռանկարային ներդրողներն ու կառուցապատող ընկերություններն արդեն որոշված են, սակայն դրանց անունները դեռևս չեն հրապարակվում։

Քաղաքապետարանը խոստանում է մոտ ապագայում հագուստի շուկայի տարածքում մի նոր թաղամաս կառուցել, որի կենտրոնը կհանդիսանա 85 մետր տրամագծով մի հրապարակ, որտեղ կխաչվեն մի քանի փողոց։ Հրապարակի տակ պլանավորվում է բազմահարկ կայանատեղի, ծառայությունների և սնունդի օբյեկտներ կառուցել։ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի շինությունները պետք է ամբողջությամբ պահպանվեն։ Իսկ քանդած մեկ հարկանի տների փոխարեն պետք է կառուցվեն ժամանակակից օֆիսային և բնակելի շենքեր։ Ենթադրվում է, որ նման ընդլայնումն ու տրանսպորտային նոր հանգույցի կառուցումը Էապես կթեթևացնի Երևանի փոքր կենտրոնի գերբեռնված երթևեկությունը։

Տվյալ նախագծի իրականացման անհրաժեշտությունից ելնելով, «Ֆիրդուսի» տարածքը ճանաչվել գերակա հասարակական շահերի գոտի և «պետական և հասարակական կարիքների համար օտարման մասին» Օրենքի կիրառման միջոցով ենթակա է օտարման՝ սեփականատերերին համապատասխան փոխհատուցմամբ։

Առևտրականները

«Ֆիրդուսի» շուկայում առևտրով զբաղվող մարդիկ շատ լարված են ընդունել քաղաքապետարանի որոշումը և արդեն իսկ հունիսի 10-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել։ Առևտրականների հիմնական պահանջը տների և, համապատասխանաբար, շուկայի քանդման հետաձգումն է մինչև 2018 թ հունվարի 1-ը։ Ցուցարարները պահանջել են վարչապետ ԿարենԿարապետյանի հետ հանդիպում, սակայն վերջինս այդպես էլ դուրս չեկավ ցուցարարների մոտ։ Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը ցուցարարներին առաջարկել է բողոքի ցույցը շարունակել քանդման նախաձեռնող հանդիսացող քաղաքապետարանի շենքի մոտ, սակայն ցուցարարները հրաժարվել են տեղափոխվել քաղաքապետարանին հարակից տարածք՝ ակցիան շարունակելով կառավարության շենքի մոտ։

Սեփական գործունեությունը նոր տեղ տեղափոխելու, նոր տեղում հարմարվելու և նոր հաճախորդներ ձեռք բերելու համար առևտրականներին ժամանակ է պետք, ինչը նրանք չունեն։ Ամառն իր գագաթնակետում է, և արդեն մեկ ամիս անց ամառային հագուստը պահանջարկ չի ունենա սպառողների մոտ։ Առևտրականները խոստանում են անվերապահորեն դադարեցնել գործունեությունը մինչև տարվա վերջ՝ փաստացի աղաչելող իշխանություներին չհասցնել իրենց լիակատար սննկացման։

«20 տարուց ավել է, ինչ մենք աշխատում ենք այս շուկայում, պետությանը վճարում ենք բոլոր հարկերը։ Բոլորը տեղյակ են այստեղի ցածր գներից։ Դրա համար էլ մեզ մոտ գալիս է ոչ շատ հարուստ հաճախորդը։ Շատերը երեխաներին հագուստ են գնում նոր ուսումնական տարվա համար» — ասում է առևտրական Ալինա Մարտիրոսյանը։

«Շուկայի պամաններն իսկապես զզվելի են։ Ոչ ոք դա չի վիճարկում։ Սակայն վարձավճարն էլ է բավականին ցածր՝ 1000-ից մինչև 3000 դրամ (2–6 $) օրեկան։ Մենք ամբողջ ձմեռ մրսել ենք այստեղ, իսկ հիմա, երբ եկել է առևտրի սեզոնը, մենք պետք է լքե՞նք տարածքը։ Ես ի վիճակի չեմ իմ ապրանքով գնալ այսպես կոչված «մոլլեր», որովհետև այնտեղ վարձավճարները բացարձակ այլ չափերի են։ Խոսքը գնում է հազարավոր դոլարների մասին, իսկ դրա համար ես պետք է գրավ դնեմ կամ անգամ վաճառեմ տունս», — ասում է 57 ամյա Ռիմմա Ավագյանը։

Մոլլերում Ռիմմա Ավագյանի ապրաքնքը մրցունակ չի լինի (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Օտարվող սեփականության սեփականատերերը

Այս ամբողջ պատմությունն ունի ևս մեկ կողմ, որն, ըստ երևույթի, գլխավոր շահագրգիռ կողմն է՝ «Ֆիրդուսի» շուկայի անմիջական հարևանությամբ գտնվող քանդման ենթակա տների և հարակից տարածքների սեփականատերերը։ Նրանցից մի մասն արդեն վաճառել է իրենց սեփականությունը անհայտ գնորդներին։ Մյուս մասը շարունակում է պահանջել ավելի բարձր գին, որն իրատեսական է համարում։

Արդեն 10 տարի է, ինչ մենք լսում ենք, որ այս տարածքը ենթակա կառուցապատման, սակայն այս տարիների ընթացքում մենք որևէ կառուցապատող չենք տեսել։ Միաժամանակ, մեզանից շատերին խաբել են, խոստումերով և սպառնալիքներով ստիպել են վաճառել մեր տներն այս տարածքի համար անհամեմատ ցածր գներով, վրդովվում է սեփականատեր Անահիտը։

Հարկադիր օտարմանը ենթակա սեփականության տերերի խոսքերով, հիմնական խնդիրը կայանում է օտարվող բնակտարածքի արժեքի մեջ։ Ֆիրդուսի փողոցը գտնվում է Երևան քաղաքի ճիշտ կենտրոնում, Հանրապետության Հրապարակի մոտակայքում։ Տները թեպետ հին են, սակայն Երևանյան չափանիշներով բավականին թանկ են։ Համառ դիրք բռնած բնակիչները պատրաստ են վաճառել իրենց սեփականությունը, սակայն միայն այն իրատեսական գնով, որը գործում է քաղաքի կենտրոնում և կազմում է մեկ քառակուսի մետրի համար 1 հազար ԱՄՆ դոլար և ավել։

Նրանք համոզված են, որ քաղաքի իշխանությունները ձգտում են սկզբից փակել շուկան՝ հարակից տների բնակիչներին զրկելով վարձավճարի գումարից, և միայն հետո զբաղվել համառ տանտերերի հետ բանակցելով։ Վերջիններն այս դեպքում մեկ քառակուսի մետրի համար կստանան առավելագույնը 500 ԱՄՆ դոլար։ Իսկ տնամերձ հողատարածքների մեկ քառակուսի մետրի համար /խոսքը գնում է հարակից մրգատու այգիների մասին՝ 250 ԱՄՆ դոլար։

Շուկայի տնօրինությունը մինչ օրս դեռ փորձում է վարձակալության հանձնել տաղավարները (Դավիթ Ստեփանյան /OC Media)

Քաղաքապետարանը

Նոր ժամկետով վերջերս վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատուկ հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ «Ֆիրդուսի» շուկայի առևտրականներըը շուկայի փակման մասին իրազեկված են եղել դեռևս մեկ տարի առաջ։ Սակայն քաղաքապետը խնդրի լուծման առումով բավականին լավատեսորեն է տրամադրված՝ նպատակ ունենալով այն լուծել բացառապես բանակցությունների միջոցով, որոնց անցկացման համար նա լիազորել է իր տեղակալ Դավիթ Օհանյանին։ Երևանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն հնարավորը, որպեսզի «Ֆիդուսի» առևտրականների համար ստեղծվեն և պահպանվեն իրենց գործունեության համար ընդունելի պայմաններ։

Քաղաքապետի խոսքերով, Երևանի իշխանությունները չեն պատրաստվում որևէ կերպ առևտրով զբաղված քաղաքացիներին եկամուտից զրկել։ Ընդ որում, քաղաքապետարանը բանակցություններ է վարում այլ շուկաների տնօրինությունների հետ մատչելի կամ անվճար առևտրի կետեր տրամադրելու շուրջ։

«Դրա հետ մեկտեղ, հակասանիտարական պայմանների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցված բողոքների թիվն անցել է բոլոր սահմանները, և դա հայտնի է բոլորին։ Այսօր մենք ունենք այդ խնդիրը լուծելու հնարավորությունը։ Կան ներդրողներ, կառուցապատողներ։ Մենք ցանկանում ենք օր առաջ սկսել մեր մայրաքաղաքի այս մասի կերպարանափոխման աշխատանքները», — ամփոփեց քաղաքապետը։

Մարգարյանը նշեց, որ քաղաքապետարանը կշարունակի իր փորձերը «Ֆիրդուսի» շուկայի առևտրականների հետ երկխոսության կարգավորման ուղղությամբ՝ հիշյալ հարցում փոխադարձ ընդունելի հայտարարի գալու նպատակով։ Բանակցությունները դեռևս ավարտված չեն։

Right now, online media in Georgia is in dire need of safety equipment, legal support, and technology as we cover increasingly challenging circumstances. Support small, independent media outlets in Georgia via our collective fundraiser.

Interested in directly assisting OC Media? Consider becoming a member.