Ամուսնական բռնաբարությունը և սեռական բռնությունը ազդում են Հայաստանում շատ կանանց վրա, և մշակութային տաբուներն ու զոհերի ամաչկոտությունը նշանակում են, որ կանայք հաճախ առաջընթաց չեն ունենում։ Չնայած օրենքում փոփոխությունները պետք է հակազդեին սրան, շատ ակտիվիստներ ասում են, որ սեռական բռնության խնդիրը մնում է հրատապ, և տուժած կանայք դեռևս քիչ են պաշտպանված։
Արմինեն (նրա ոչ իրական անունը) երկու անգամ է ամուսնացել։ Նրա առաջին ամուսնությունը տևել է ընդամենը մի քանի օր, քանի որ նա բացահայտել էր, որ ամուսինը և նրա խորթ մայրը ինտիմ հարաբերությունների մեջ էին և ամուսնությունն օգտագործում էին որպես քողարկում։
Հինգ տարի անց նա հանդիպեց մեկ այլ մարդու և նրա հետ գնաց Ռուսաստան։ Նա բնակության թույլտվություն չուներ, ուստի ստիպված էր մնալ տանը։ Երբ ամուսինը երեկոյան աշխատանքից վերադառնում էր տուն, նա առիթ էր փնտրում վիճելու և նրան ծեծելու համար։
«Նա հարվածում էր ինձ աթոռով, ափսեներով։ Նա պատռում էր իմ հագուստը, կրկին ծեծում և ինձ ստիպում էր իր հետ սեռական հարաբերություն ունենալ։ Մի անգամ ուշաթափվեցի ցավից, և նա գլխիս ջուր լցրեց», — ասում է նա։
Արմինեի կյանքը համեմատաբար հանգիստ էր, երբ նա հղի էր։ Սակայն երեխայի ծնվելուց հետո բռնությունը դարձավ ավելի դաժան։ Ամեն անգամ, երբ ամուսինն ուզում էր սեռական հարաբերություն ունենալ իր հետ, նա խնդրում էր նրան պահպանակ օգտագործել։ Բայց դա նրան ավելի էր զայրացնում և նա հրաժարվում էր օգտագործել այն։ Արմինեն չորս անգամ հղիացել է և ամեն անգամ աբորտ է արել։ Նա հակաբեղմնավորիչ միջոցներ ձեռք բերելու համար փող չուներ, և նրա ամուսինն էր դեղորայք բերում աբորտների համար։
«Մի անգամ մեր ծանոթներից մեկը եկել էր ինձ հյուր։ Ես նրան պատմեցի ամեն ինչ, և նա օգնեց ինձ փախչել։ Գիշերը վերցրեցի երեխային, տնից ուղիղ վազեցի օդանավակայան և եկա Հայաստան», — ասում է նա։
Արմինեն չի գնացել ոստիկանություն, որովհետև վստահ է, որ ոչինչ չի ստացվի։ Նա նաև վախենում է, որ իր ամուսինը վրեժխնդիր կլինի, եթե նա գնա ոստիկանություն։
«Մարդիկ կասեն. «Ինչպե՞ս ստացվեց, որ չկարողացար ապրել երկու տարբեր տղամարդկանց հետ։ Դու ես մեղավոր։ Դու անբարոյական ես», — ասում է Արմինեն։
Լռում են ամոթից
ՀՀ ոստիկանության կողմից OC Media-ին տրամադրած տվյալների համաձայն, 2016 թ.-ին կանանց նկատմամբ սեռական բռնության 112 դեպք է գրանցվել։ 2017 թ.-ին պաշտոնական թիվը նվազել է մինչև 94։
Այնուամենայնիվ, սեռական բռնության զոհերը հաճախ չեն գնում ոստիկանություն։ «Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը ասում է, որ դա կարելի է բացատրել սեռական բռնության հետևանքով կանանց ունեցած վախով, ամոթի զգացումով և իրավիճակի համար մեղադրվելու վախի պատճառով։
«Այս թեման տաբու է Հայաստանում. այն ամոթալի է համարվում։ Կանայք վախենում են, որ մարդիկ կմեղադրեն նրանց այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել, կասեն, որ թույլ են տվել, որ բռնությունը տեղի ունենա, գնացել են սխալ տեղ, հայտնվել են մի միջավայրում, որտեղ բարոյական կինը չէր գնա», — OC Media-ի հետ զրույցում նշել է Հովհաննիսյանը։
Ոստիկանության գլխավոր քրեական հետախուզության գործակալության գնդապետ Նելլի Դուրյանը համաձայն է այս տեսակետի հետ։
«Դա գալիս է մեր կանանց մտածելակերպից։ Նրանց համար անհարմար է նստել և նկարագրել նրանց վրա կատարված բռնությունը։ Այդ է պատճառը, որ երբ ստանում ենք նման դիմումներ, ապա գործին կցվում են հատուկ վերապատրաստում անցած մասնագետները։ Հարցաքննության ժամանակ սենյակում առավելագույնը երկու աշխատակից է լինում, որպեսզի զոհը չկաշկանդվի», — OC Media-ի հետ զրույցում ասաց Դուրյանը։
Նրա խոսքերով, վերջին տարիներին կանայք ավելի վստահ են դարձել ոստիկանություն գնալիս։ Դուրյանը հավելեց, որ Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում շուտով կբացվի մասնագիտացված սենյակ՝ մեկ ուղղությամբ հայելիով, որը թույլ կտա կնոջը ներկա գտնվել միայն մեկ անձի հետ, իսկ հայելիի մյուս կողմում աշխատակիցները կկարողանան հետևել։
«Ես չեմ հետևել հայկական ավանդույթներին»
«Ես սիրահարվեցի և ամուսնացա։ Կյանքը հրաշալի էր։ Ամուսինս սիրում էր ինձ խենթի պես, իմ յուրաքանչյուր ցանկություն կատարում էր շատ արագ։ Ես չգիտեի, թե ինչ է նշանակում «ոչ» բառը։ Երբ ես հղի էի, նա ինձ թագուհու պես էր վերաբերվում։ Մի խոսքով, իմ կյանքը նման էր հեքիաթի։ Այնուհետև այն վերածվեց դժոխքի», — ասում է Լիլիթը (նրա ոչ իրական անունը)։
Հեքիաթային կյանքը տևեց մինչ երեխայի ծնվելը։ Դրանից հետո նա ասում է, որ ամուսինը փոխվել է։ Երեխայի ծնվելուց մի քանի օր անց, երբ Լիլիթը կրծքով կերակրում էր, ամուսինը մոտեցավ նրան, երեխային մահճակալի վրա դրեց, և նրանք «կրքոտ սեքս» ունեցան։ Այն մի քանի անգամ կրկնվեց, և սկզբում հաճելի էր Լիլիթի համար։
«Կարճ ժամանակ անց, սակայն, փոփոխություններ նկատեցի նրա վարքագծի մեջ՝ ստիպում էր անկողնում անել բաներ, որոնք ինձ տհաճ ու ցավեցնող էին, եթե ընդդիմանում էի՝ կապում էր ու…», — Լիլիթն ասում է, որ մոտ վեց ամիս պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ Հարազատներին ոչ մի բառ չի ասել, քանի որ անհարմար է զգացել պատմել իր ինտիմ խնդիրների մասին։
Սկզբում նա ուզում էր պահպանել ընտանիքը, այդ պատճառով ամուսնուն խնդրել է այցելել սեքսոպաթոլոգի և հոգեբանի, սակայն ամուսինը հրաժարվել է։
«Ես այսօր ողջ եմ, որովհետև կուլ չգնացի հայկական բարքերին, չվախեցա «բաժանված կնոջ» պիտակը կրելուց և դիմեցի ապահարզանի։ Ոստիկանություն չեմ դիմել։ Այդ ժամանակ չէի ցանկանում, որ իմ կյանքի պատմությունը մարդիկ իմանան», — ասում է Լիլիթը։
Ֆինանսապես ապահովված Լիլիթը կարողացել է հեռանալ փոքրիկի հետ և տուն վարձակալել։ Ասում է արդեն նախկին ամուսինը մի քանի անգամ փորձել է կապը վերականգնել, սակայն նա հրաժարվել է։ Լիլիթն ասում է, որ համոզված է, որ ամուսինը սեռական բռնության հակում ունի, և համոզված է, որ նա բռնաբարում է նաև իր ներկայիս կնոջը։
«Այդ աղջկան հեռակա ճանաչում էի՝ թմբլիկ-գեղեցիկ աղջիկ էր՝ գյուղից է քաղաք եկել։ Նրանց հարսանիքից հետո ես փողոցում տեսել եմ նրան մի քանի անգամ։ Ահավոր նիհարել է, մի քիչ կռացած է քայլում և պարանոցը միշտ կապած է։ Երբ ես ամուսնացած էի, իմ պարանոցն էլ էր միշտ ծածկված, որովհետև նա բռնում էր իր հաստ մատներով ու սեղմում՝ ուզում էր խեղդել ինձ։ Նա ասում էր. «Ես երազում եմ դիակի հետ սեռական հարաբերություն ունենալ»։
Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքների փոփոխություն
Նախորդ տարի սեպտեմբերին Հայաստանի Արդարադատության նախարարության կողմից քննարկման ներկայացվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագծի փաթեթի ընդունմամբ ապահովվելու էին ընտանեկան բռնության կանխարգելման իրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, քանի որ մինչ այս գործող օրենսդրությամբ այս ամենը չէր կարգավորվում։
Ըստ «Կանանց նկատմամբ բռնության դադարեցման» կոալիցիայի ակտիվիստների՝օրենքի ընդունումը կարող էր օգնել Հայաստանում կանխել ընտանեկան բռնությունը։ Սակայն նախագիծը միանշանակ չընդունվեց։ Մի շարք պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ սկսեցին բողոքել դրա դեմ։ Ոմանք պնդում էին, որ օրենքը Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրված օրենսդրական նախագիծ է, որը «միտված է ընտանիքներ քայքայելուն և ծնողներից երեխաներին խլելուն»։
Թեժ քննարկումներից հետո, 2017 թվականի դեկտեմբերին ընդունվեց արդեն օրենքի նախագծի վերանայված տարբերակը, որը կրում էր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը։
Ակտիվիստներից շատերը, ովքեր մինչ այդ կողմ էին օրենքի նախագծին, փոփոխված տարբերակին դեմ արտահայտվեցին՝ պնդելով, որ փոխվել է օրենքի ամբողջ փիլիսոփայությունը։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները խնդրահարույց են համարում թե՛ օրենքի նախագծի անվանման փոփոխությունը, թե՛ դրանում տեղ գտած որոշ հասկացություններ։ Նրանք նշում են, որ նախագծի թե՛ անվանումից, թե՛ ընդհանրապես նախագծից հանվել է «ընտանեկան բռնություն» եզրույթը, այն փոխարինվել է «ընտանիքում բռնություն» եզրով, ինչն իրավական տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում։
Ընդունված օրենքում հանվել է «ֆիզիկական ցավ պատճառել» ասվածը և ներառված է միայն դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը։ «Ֆիզիկական տառապանք» տերմինը չի գործածվում ՀՀ քրեական օրենսգրքում։
«Ընտանիքի անդամին ֆիզիկական ցավ պատճառելը դուրս է մնում ֆիզիկական բռնության սահմանումից, դրանով իսկ որոշ տուժողներ օրենքով պաշտպանության հնարավորություն չեն ունենա։ Այսինքն եթե կնոջ նկատմամբ բռնություն է տեղի ունեցել, նրան ֆիզիկական ցավ է պատճառվել, սակայն բացակայում են ծեծին կամ առողջությանը վնաս պատճառելու հանցանշանի հատկանիշները մարմնի վրա, դա այլևս պատժելի արարք չի համարվում», — OC Media-ին ասել է Զառա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ օրենքի նախնական տարբերակը վերաբերում էր բռնության ենթարկված մարդու պաշտպանությանը, իսկ հիմա գաղափարը շրջվել ու դարձել է «ընտանիքի աջակցություն»։