Ի հեճուկս էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանն ուղղված Վրաստանի կառավարության փորձերին, հայ և ադրբեջանցի երիտասարդները ավելի շատ են ներգրավված Հայաստանի ու Ադրբեջանի, քան հայրենի Վրաստանի քաղաքական կյանքում։
«Եթե պատերազմը նորից սկսվի, ես մեկնելու եմ (պատերազմի դաշտ)։ Տարբերություն չկա՝ ես նույնպես ադրբեջանցի եմ։ Իմ համար կարևոր չէ՝ մենք ապրում ենք Վրաստանում, թե՞ այլուր։ Եղբայրներն այնտեղ են, նրանք իմ սրտում են», — OC Media-ին ասում է երիտասարդ ադրբեջանցի Ռիչարդ Բայրամովը։
Ռիչարդը 19 տարեկան է, ծնվել է Հարավային Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Գարդաբանի քաղաքում, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ ադրբեջանցիներ։
«Մենք ճշմարտության կողմնակիցն ենք», — ասում է Ռիչարդը՝ ամենևին չկասկածելով, որ Ադրբեջանը հակամարտության ճիշտ կողմում է։
Ռիչարդն ու իր ընկերները, հատկապես նրանք, ովքեր ծնվել են Քվեմո Քարթլիում, ավարտել են ադրբեջանական դպրոց։ Նրանք ավելի շատ հետևում են Ադրբեջանի քաղաքական իրադարձություններին ու նորություններին։ Ռիչարդը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող դեպքերին։
Նա Վրաստանի հայ և ադրբեջանական համայնքների ընդամենը մեկ օրինակն է, որն ի ցույց է դնում նրանց առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական կյանքում։
Անցյալի ստվերը
1991 թվականից նախկին խորհրդային երկու հանրապետությունները հակամարտության մեջ են Լեռնային Ղարաբաղի հարցով, երբ հիմնականում հայաբնակ շրջանը Խորհրդային միության փլուզումից հետո հայտարարեց իր անկախության մասին։
Ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է, օրինակ 2016թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, Վրաստանի հայ և ադրբեջանական համայնքների անդամները հանդես են գալիս հայտարարություններով՝ իրենց համերաշխությունը կամ պատրաստակամությունը հայտնելով մասնակցել պատերազմին։
Վրաստանում 2014թ․-ին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ երկրում ապրում է 233 հազար էթնիկ ադրբեջանցի, 168 հազար 100 էթնիկ հայ։ Հիշյալ էթնիկ խմբերը հիմնականում ապրում են, համապատասխանաբար, Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում։ Այս շրջանների երիտասարդ բնակիչները հաճախ են հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ արտահայտում են իրենց ընդգծված կարծիքները։
«Ադրբեջանցիների հետ շփման ժամանակ հիմնականում խնդիրներ են առաջացել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Երկու երկրների միջև եղած հակամարտության պատճառով ես ու ընկերներիս մեծ մասը չենք կարողացել ունենալ ադրբեջանցի ընկերներ, այնպես ինչպես վրացի ընկերներ։ Ընկերություն չկա, գուցե դեռ չկա․․․Եթե մենք սիրում ենք մեր հայրենիքը (նկատի ունի Հայաստանը), նրանք էլ, իհարկե, սիրում են իրենցը։ Բացի այդ, յուրաքանչյուր լուսանկար կամ տեսանյութ (հակամարտության գոտուց), որ ցույց է տալիս, թե ինչպես են մեր քույրերն ու եղբայրները զոհվել, մեր վրա անասելի զգացմունքային ազդեցություն է թողնում։ Նույնն էլ տեղի է ունենում ադրբեջանցիների հետ», — OC Media-ին պատմում է Սամցխե-Ջավախեթիում ծնված Էդուարդ Շախբեկյանը։
Էդուարդն ավարտել է Սամցխե-Ջավախեթիի Օրլովկա գյուղի հայկական դպրոցը։ Այժմ նա սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, որտեղ դասերի է մասնակցում մի խումբ էթնիկ ադրբեջանցիների հետ։ Էդուարդը հետևում է հայկական նորություններին, սակայն հետաքրքրված է նաև այլ երկրների՝ հատկապես Վրաստանի քաղաքականությամբ։
«Անշուշտ, ես հետաքրքրվում եմ Վրաստանի քաղաքական անցուդարձով, բայց պապիկիս նման, ես ևս, ընդհանուր առմամբ, չեմ հավանում որևէ կառավարության գործունեությունը, որովհետև ոչ մեկը հոգ չի տանում մարդկանց մասին», — ասում է Էդուարդը։
Ինտեգրման փորձերը
Վրաստանի կառավարությունը փորձում է ակտիվացնել իր ջանքերը՝ ներգրավել էթնիկ փոքրամասնություններին երկրի քաղաքական կյանքում, նրանց հնարավորություն տալով սովորել մայրենի լեզվով։ Էդուարդը վստահեցնում է, որ հայերենով կրթությունն անհրաժեշտ է եղել իր ազգային ինքնության զարգացման համար։
«Վրաստանը բազմազգ և հանդուրժող երկիր է։ Օրինակ Ռուսաստանում ապրող իմ բարեկամները հնարավորություն չունեն սովորել հայերեն, նրանք չգիտեն Հայաստանի պատմությունը, մշակույթը և իրենց լիովին հայ չեն զգում», — ասում է էդուարդն ու երախտապարտությունը հայտնում ծնողներին, որ իրեն մեծացրել են հայրենասեր, կարծում է՝ ինքը ծնողներից ավելի հայրենասեր է։
Քվեմո Քարթլիի հայաբնակ Շահումյան գյուղից Նորայր Գասպարյանը պնդում է, որ Վրաստանում ապրող հատկապես երիտասարդ հայերն ու ադրբեջանցիներն ավելի շատ ներգրավված են երկու հարևան երկրների քաղաքականությունում, քանի որ նրանց չի բավարարում վրացերեն լեզվի իմացությունը։ Նրա խոսքով, երկու համայնքների ներկայացուցիչներն էլ հիմնականում տեղեկատվությունը ստանում են ադրբեջանական ու հայկական աղբյուրներից։
«Հենց դա է այս երկու փոքրամասնությունների վրաց հասարակությունում ինտեգրվելու ճանապարհի առանցքային խոչընդոտը։ Մի կողմից այս մարդիկ մտածում են, որ ինտեգրացիան կհեռացնի իրենց արմատներից, մյուս կողմից՝ Վրաստանի մի քանի կառավարության ինտեգրացիոն քաղաքականությունը մի շարք պատճառներով արդյունավետ չի եղել։ Անհնար է վրացերեն սովորել օրվա ընթացքում ընդամենը 45 րոպե տևողությամբ դասաժամին», — ասում է Նորայրը, ով ավարտել է հայկական դպրոց և այժմ ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների համար նախատեսված «1 + 4» ծրագրով սովորում է Իլիա Ճավճավաձեի անվան Թբիլիսիի պետական համալսարանում։
2010 թ․-ին մեկնարկած ծրագիրը հնարավորություն է տալիս էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ խոստումնալից ուսանողներին հանձնել մայրենի լեզվով ընդհանուր հարցաշար, մեկ տարի հաճախել վրացերենի արագացված դասերի, ինչից հետո միանալ վրացական համալսարանների կանոնավոր դասընթացներին։
«Միայն այս ծրագիրն է արդյունավետ։ Հիմա, երբ ես գիտեմ վրացերեն, ինձ ավելի եմ ներգրավված ու ինտեգրված զգում։ Այսօր (որպես թարգմանիչ) ամեն օր վրացերենից հայերեն լուրեր եմ թարգմանում», — ասում է Նորայրը, ով աշխատում է Թբիլիսիում գործող հայալեզու Ալիք ռադիոյում։
Լավ օրերի հիշողություններով
Թբիլիսին դարեր շարունակ բազմազգ երկիր է։ Ազգությամբ հայերը, ադրբեջանցիները, ռուսները, եզդիներն ու հրեաները շարունակում են վրացիների հետ ապրել նույն թաղամասերում, հաճախ քաղաքի հայտնի «իտալական բակերում»։
«Վիրահայերն իրենց սրտերում մեծ ցավ ապրեցին վերջին օրերին (ապրիլի 24 –ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը), Վրաստանում ապրող ադրբեջանցիները ևս ցավ ունեին, բայց մենք չպետք է կռվենք մեկս մյուսի հետ կամ ագրեսիվ պահվածքով նոր հակամարտության առիթ տանք։ Ադրբեջանում ադրբեջանցիներ են ապրում և ես, իհարկե, մտածում եմ Ադրբեջանի մասին», — ասում է Լեյլա Ակբարովան, ով ծնվել է Թբիլիսիում, հայ, ռուս ու եզդի երեխաների հետ մեծացել քաղաքային բակերից մեկում։
«Երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինչ-որ բան է պատահում, մենք մեր ծնողների հետ նախընտրում ենք մնալ տանը, որպեսզի չքննարկենք այն դրսում, թեև սովորաբար մենք շատ այլ թեմաների դեպքում այդպես ենք անում», — ավելացնում է Լեյլան։
Էթնիկ ադրբեջանցի Էմզար Մամեդզաձեն, որ ծնվել է Թբիլիսիի Հին քաղաքի Մեյդան թաղամասում ու այսօր էլ հարևանությամբ ապրում է տարբեր էթնիկ խմբերի հետ, ղեկավարում է հին գորգերի խանութը, առևտուր անում ողջ Հարավային Կովկասի տարբեր անկյուններում գտնված հին ու հազվագյուտ գորգերով։ Մանկությունից նա մի հայ ընկեր ունի, ով այսօր նաև իր գործընկերն է։
«Մենք առաջին հերթին Վրաստանի քաղաքացիներ ենք և մտածում ենք այն երկրի մասին, որտեղ ապրում ենք», — OC Media-ի հետ զրույցում ասում է Էմզարը։
«Գորգերը միավորում են ժողովուրդներին։ Ես ադրբեջանցի եմ և աշխատում եմ հայի հետ։ Մենք ընկերներ ենք և ոչինչ չի խանգարում մեզ խաղաղությամբ ապրել», — ասում է Էմզարը, ով խոսում է ոչ միայն վրացերեն, ադրբեջաներեն և ռուսերեն, այլ նաև հայերեն։