fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Կյանքը զրոյից. փախստականները 30 տարի անց հայկական լեռնային գյուղում

Սոթք (Գայանե Մկրտչյան /OC Media)

Ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տանող ճանապարհի վերջին ոլորանի վրա գտնվող գյուղում, կյանքն այնքան էլ հեշտ չէ։ Ընդամենը 30 տարի առաջ ադրբեջանցիներով բնակեցված Սոթք գյուղն այսօր դարձել է տուն այն հայերի համար, ովքեր տարիներ առաջ թողեցին իրենց տները Ադրբեջանում, սակայն 30 տարվա ընթացքում նրանցից շատերը լքեցին գյուղը՝ ավելի լավ կյանքի փնտրտուքներով։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Read in Russian]

Նոր կյանքի սկզիբը Սոթքում

63-ամյա Զեմֆիրա Հակոբյանի ձեռքերին ծանր գյուղատնտեսական աշխատանքի հետքերն են, դեմքի մաշկն ամբողջությամբ սևացել է ամռան այրող արևից։ Վերջացնելով աշխատանքը տնամերձ այգում՝ նա պատրաստվում է կերակրել անասուններին։

Միշտ չէ, որ նա աշխատել է հողի հետ, նախկինում հաշվապահ-ապրանքագետ էր, հիմա ստիպված է պայքարել ցրտի ու ձյան դեմ։

Զեմֆիրան 29 տարի առաջ Սոթք է տեղափոխվել ամուսնու՝ 63-ամյա Կիմիկ Կարապետյանի հետ Ադրբեջանից, որտեղ անցկացրել են իրենց կյանքի գրեթե կեսը, որի մասին հիշողությունները շատ ջերմ են։ Տեղափոխվելուց հետո նրանք դժվարությամբ են ինտեգրվել հայաստանյան կյանքին։

Կիմիկ Կարապետյան և Զեմֆիրա Հակոբյան (Գայանե Մկրտչյան/ OC Media)

Զեմֆիրան ու Կիմիկը 1.300 քառակուսի մետր տնամերձ հողատարածքում կարոֆիլ են մշակում, ասում են որ հազիվ հերիքում է իրենց ու Աբովյան քաղաքում ապրող երեխաներին։ Ամուսիններով միասին ստանում են 50.000 դրամ (100 $) կենսաթոշակ, երկու կով ունեն, որի կաթը հանձնում են լիտրը՝ 100 դրամով։ Ամեն շաբաթ հանձնում են 60-70 լիտր կաթ, ինչը կազմում է 6.000-7.000 դրամ (11-12 $)։

Advertisements

Շատ հայեր 30 տարի առաջ, իրենց ապրած կյանքի մի մասը թողնելով Ադրբեջանի Խանլարի շրջանի Զուռնաբադ ու Միրզիկ գյուղերում, տեղափոխվեցին ապրելու հայրենիքում, փորձելով ինտեգրվել ու հարմարվել նոր կյանքին։ Նրանց թվում էին նաև Զեմֆիրան ու Կիմիկը։ Մինչև 1990-ական թվականների սկիզբը Սոթքում ապրում էին միայն ադրբեջանցիներ, որոնց թիվը կազմում էր գրեթե 3.000։

«Միրզիկում զբաղվում էի խաղողագործությամբ, անտառ կար, գյուղի միջով գետ էր հոսում, 300 տարի մեր նախնիները, հետո մենք ապրել էինք այնտեղ։ Մեծ տներ թողեցինք, մեր պապերի գերեզմանոցները թողեցինք ու եկանք», — պատմում է 63-ամյա Կիմիկ Կարապետյանը։

Խորհրդային Միության մասնատումը

1979 թվականի՝ Խորհրդային Միության մարդահամարի տվյալների համաձայն, Հայկական ԽՍՀ-ում ապրում էր 161.000 ադրբեջանցի, որը կազմում էր բնակչության 5,3% -ը։ Ադրբեջանցիները Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունն էին կազմում։ Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրում էին 475,5 հազար, որը կազմում էր բնակչության 7,9% -ը, նրանցից 123.000-ը՝ Լեռնային Ղարաբաղում։

1980-ականների վերջին այս թվերը կտրուկ սկսեցին իջնել։ Հասկանալով, որ հակամարտությունը անխուսափելի է, մարդիկ սկսեցին փոխանակել իրենց տները հանրապետությունների միջև։ Այսօր էլ Հայաստանում ապրող ադրբեջանցիները թիվը և հակառակը՝ Ադրբեջանում ապրող հայերի թիվը հստակ դժվար է ասել, չկա պաշտոնական վիճակագրություն։

Հայ-ադրբեջանական բախումների հետևանքով 1980-ականների վերջին Սոթքից հեռացած ադրբեջանցիներին փոխարինեցին Ադրբեջանից եկած հայ փախստականները։

Սոթք (Գայանե Մկրտչյան /OC Media)

«Գյուղի անճարներն են մնացել, ովքեր մեջքներին տեր ունեին, գնացին Ռուսաստան, գրանցվեցին, տեղավորվեցին», — ասում է Զեմֆիրան։

Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը նույնպես ներքին տեղահանված է, Սոթք է տեղափոխվել ծնողների հետ Զուռնաբադից։

Կոլիկ Շահսուվարյան (Գայանե Մկրտչյան /OC Media)

«Տարիների ընթացքում այստեղ եկան ապրելու ընտանիքներ նաև Հայաստանի այլ շրջաններից, ադրբեջանցիների դատարկ տներ կային, ու նոր համայնք ձևավորվեց։ Մարզի Վարդենիսի տարածաշրջանում դեռևս խորհրդային ժամանակաշրջանում 30 գյուղեր բնակեցված էին միայն ադրբեջանցիներով, երեք գյուղերում ապրում էին խառը՝ հայեր և ադրբեջանցիներ միասին», — պատմում է Երևանից 150 կմ հեռավորության վրա գտնվող Սոթքի գյուղապետը։

Սկզբնական շրջանում Սոթքում հայերի 750 տնտեսություն է լինում, սակայն 29 տարիների ընթացքում նրանց գերակշռող մասը լքում են գյուղը՝ սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններին չդիմանալով։

«Մարդիկ շատ հարուստ բնակավայրեր են թողել ու հասել այստեղ։ Մի մասը թողեցին գնացին, ու ոչ միայն սոցիալական դժվարին պայմանների պատճառով, այստեղ հեշտ չէ ապրելը, ձմռանը սաստիկ ցուրտ է ու ապրելը կրկնակի ծանր է դառնում, մարդիկ չկարողացան հարմարվել տեղի կլիմային։ Հիմնականում գնացին Ռուսաստան», — ասում է Շահսուվարյանը։

Սոթք (Գայանե Մկրտչյան /OC Media)

Հարմարվում են գյուղական կյանքին

Հարություն Գաբրիելյան (Գայանե Մկրտչյան /OC Media)

Զեմֆիրայի հարևանությամբ է ապրում մասնագիությամբ բուժքույր 63-ամյա Ամալյա Մաղաքյանը Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից։ Ասում է, որ տեղափոխվելուց հետո երկար տարիներ շարունակել է իր մասնագիտությամբ աշխատել նաև Սոթքում, այսօր այլևս չի աշխատում, ապրում է հաշմանդամ տղայի՝ 29-ամյա Հարություն Գաբրիելյանի հետ։ Խոստովանում են, որ կարոտում են Սոթքը լքած իրենց հարազատներին ու ընկերներին։

«Այստեղ մի հատ Բակինսկի չի մնացել, ժողովրդի կեսը հենց առաջին տարին փախան, քաղաքի մարդիկ էին, այստեղ ո՞նց կապրեին։ Փախստականներ կային Բաքվից, Կիրովաբադից, Խանլարից։ Հիմա շատ լավ ապրում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում, կապի մեջ ենք հետները, բիզնեսներ ունեն, մենք ի՞նչ ենք անում այստեղ՝ կարտոֆիլ ենք մշակում, հնար ու ճար լիներ, մենք էլ կթողներինք կգնայինք։ Մշակում ենք կարտոֆիլ, էդ կարտոֆիլը փոխանակում վառելիքի հետ, տակը բան չի մնում, միայն 200 հազար դրամի փայտ ենք վառել», — ասում է Ամալյա Մաղաքյանը։

«Այս գյուղում առանց աշխատելու չես ապրի»

Քնարիկ և Վարդ Ռաֆաելյաններն իրենց վեց աղջիկների հետ Սոթք են տեղափոխվել 1999 թվականին Արմավիրի մարզի Արաքս գյուղից։ Տանը, որտեղ բնակվում են, ադրբեջանցի ուսուցչի տուն է եղել։ Գնել են հայից, ով ժամանակին փոխանակել է ադրբեջանցու հետ, իսկ հետո վաճառել գյուղից հեռանալու համար։ Քնարիկն աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես կազմակերպիչ, ամուսինը՝ զորամասում։

Վարդ և Քնարիկ Ռաֆաելյաններ (Գայանե Մկրտչյան /OC Media)

«Առաջին անգամ, որ եկա մտա գյուղ, ապշել էի, ինձ թվաց թե ռմբակոծել են, այդ տպավորությունը ստացա, երբ տեսա որ տներից միայն քարե կմախքն է մնացել։ Ովքեր չկարողացան դիմանալ պայմաններին, գնացին, մնացողները աշխատեցին, ապրեցին, հիմա անգամ հետ եկողներ ունենք։ Այստեղ պետք է աշխատես, հակառակ դեպքում չես ապրի», — պատմում է Քնարիկը։

Վարդ Ռաֆաելյանն էլ նշում է, որ Սոթքը ստեղծող մարդու տեղ է, եթե աշխատեցին, ապրում են։

«Ապրեն մեր գյուղի 4 ֆերմերները, գրեթե ամբողջ տարին ժողովրդին ապահովում են աշխատանքով, ամբողջ ձմեռ պահեստներում աշխատում են, կարտոֆիլ են ջոկում, սերմեր», — ասում է Վարդ Ռաֆաելյանը։

Մանսագիտությամբ տնտեսագետ 42-ամյա Հակոբ Ավետյանը Սոթքի չորս ֆերմերներից մեկն է։ Նա ծնողների հետ այստեղ է տեղափոխվել Ադրբեջանի Միրզիկ գյուղից։ Աշխատանքի ամենաթեժ սեզոնին նրա մոտ աշխատողների թիվը հասնում է 600-700-ի։

«Մարդկանց տարբեր խմբեր կան, մեկը ստեղծող է, մյուսը կազմակերպող, մարդկանց մի խումբ էլ կա, որ սպասում է իրեն կանչեն գնա աշխատի։ 29 տարին քիչ ժամանակ չէր, մարդ կար ամեն ինչը կորցրած եկել էր, բայց կարողացավ զրոյից ոտքի կանգնել։ Ես իմ գործը սկսել եմ շատ փոքր մասշտաբով, այսօր արդեն 140 հա կարտոֆիլ եմ մշակում, ևս 20 հա վաղահաս կարտոֆիլ Էջմիածնում», — պատմում է Հակոբ Ավետյանը։

Սոթք (Գայանե Մկրտչյան /OC Media)

Հոդվածը պատրաստվել է Հարավային Կովկասում FES տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել FES-ի տեսակետների հետ։

Right now, online media in Georgia is in dire need of safety equipment, legal support, and technology as we cover increasingly challenging circumstances. Support small, independent media outlets in Georgia via our collective fundraiser.

Interested in directly assisting OC Media? Consider becoming a member.