fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Հայ ծնողները երազում են տղա երեխա ունենալ

Ժաննա Տեփանյանը իր դստեր հետ (Արմինե Ավետիսյան/ OC Media)

Չնայած թիվը դանդաղ նվազում է, Հայաստանը դեռևս ունի սեռով պայմանավորված աբորտների ամենաբարձր ցուցանիշներից մեկը աշխարհում։ OC Media-ն զրուցել է մի շարք կանանց հետ, ովքեր ճնշման են ենթարկվել իրենց ընտանիքների կողմից այն որոշման համար, որ նրանք ստիպված էին կայացնել, երբ հղիացել են աղջիկ երեխայով և այն հետևանքների համար, որոնցով նրանք ստիպված էին ապրել։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

Չսպասված աղջիկը

«17 տարեկանում ամուսնացա, 5 ամիս հետո արդեն հղի էի։ Մեր ընտանիքում սպասված էր հղիությունս, դեռ նույնիսկ ուշացած, որովհետև ամուսնուս գերդաստանում ընդունված է այն տեսակետը, որ հարսը երեխա ունենալու համար է և ամուսնու հետ անկողին մտնելու առաջին իսկ գիշերը պետք է հղիանա», — պատմում է Արագածոտնի մարզի բնակչուհի Գայանեն (անունը փոխված է)։

Գայանեն սկսել է սկեսրոջ ուղեկցությամբ հաճախել տեղի պոլիկլինիկա՝ հղիության նորմալ ընթացքը վերահսկելու համար։

«Շատ հաճախ էինք գնում բժշկի մոտ։ Այնքան հաճախ, որ մեզ նույնիսկ չէին ընդունում, ասում էին՝ ստուգման նորմեր կան։ Ես արդեն ամաչում էի գնալ, բայց սկեսուրս ինձ ստիպելով տանում էր՝ ասում էր «տղայիս» հետ հանկարծ մի բան չլինի», — հիշում է Գայանեն։

«Տղա» ասելով՝ Գայանեի սկեսուրը նկատի է ունեցել այն երեխային, որին սպասել է հարսը։ Սկեսուրը համոզված է եղել, որ Գայանեն տղա է ունենալու։ Հերթական այցի ժամանակ, երբ նա 13 շաբաթական հղի է եղել ու բժշկուհին կարողացել է տեսնել երեխայի սեռը, նրանց տեղեկացրել են, որ Գայանեն աղջիկ երեխա է ունենալու։

Advertisements

«Դա երևի կյանքիս ամենադաժան օրն էր։ Սկեսուրս երբ իմացավ, որ աղջիկ եմ ունենալու, բժշկուհու մոտ բան չասեց, լուռ եկանք տուն, բայց ես զգում էի, որ տանը կռիվ է լինելու։ Ու եղավ։ Սկեսուրս գոռում էր, որ ինքը տղա չի պսակել, որ հարսը աղջիկ ունենա։ Գոռում էր, որ խայտառակ է լինելու գերդաստանի առաջ, որ բոլորին արդեն ասել է, որ տղայի կինը հղի է, որ տղա է ունենալու։ Սկեսրայրս լսում էր անձայն, բայց հայացքից երևում էր, որ կնոջ խոսքերի հետ համակարծիք է։ Ինձ վատ հայացքով էին նայում դեռ այն ժամանակ չպսակված տալերս՝ ամուսնուս քույերը։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ է աշխատանքից գալու ամուսինս, որ գոնե ինքը ինձ պաշտպաներ», — ասում է Գայանեն։

Գայանեի ամուսինը, սակայն, աշխատանքից վերադառնալուն պես միացել է մոր խոսքերին ու պնդել, որ ինքը այն տղամարդը չէ, ումից կարող է աղջիկ ծնվի։ Ընտանեկան հավաք է տեղի ունեցել, որի ժամանակ Գայանեին խոսելու իրավունք չեն տվել, աղջիկ ունենալու հարցը քննարկել են ու որոշել, որ այն ցանկալի երեխա չէ և պետք է հեռացվի։

«Ինձ ստիպելով տարան հիվանդանոց… Աբորտ արեցի… Աստված ինձ պատժել է այդ օրվա համար, բայց ախր ես մեղք չունեի, ինձ ստիպեցին…», — լաց լինելով պատմում է Գայանեն։

Հայաստանում բնակչության 12%-ն է ընդունելի համարում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում 2016» զեկույցի։ Ավելի մեծ թվով կանայք (13%), քան տղամարդիկ (11%) են ընդունելի համարել սեռով պայմանավորված աբորտները։

Աղջիկ պտղի հեռացումն ընդունելի համարողների թիվը ավելի մեծ է գյուղական վայրերում։ Գյուղերում հարցվածների 18%-ը, իսկ քաղաքներում՝ 13%-ն է ընդունելի համարում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։ Զեկույցում նաև նշվում է, որ խնդիրն առավել ցայտուն է այն շրջապատում, որտեղ կրթական ցենզը ցածր է։

Մեկ անգամ արված աբորտը կարող է ճակատագրական դառնալ

Գայանեի աբորտ անելուց հետո անցել է 6 տարի։ Այս տարիների ընթացքում կինը անընդհատ փորձել է հղիանալ, սակայն՝ անարդյունք։ Բժիշկների մոտ բազմաթիվ ստուգումներ է անցել և պարզվել է, որ հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուց հետո իր մոտ կանացի խնդիրներ են առաջացել և այդ իսկ պատճառով էլ հղիանալ չի կարող։ Հիմա նա բուժվում է։

«Հիմա ամուսինս ու սկեսուրս մեծ գումարներ են վճարում, որ թեկուզ աղջիկ երեխա ունենամ։ Շատ են փոշմանել իրենց արածի համար։ Ես էլ ցավ եմ ապրում, որ իմ մեջ ուժ չգտա ու դեռ չծնված երեխայիս իմ ձեռքով սպանեցի»։

Մանկաբարձ և գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը OC Media-ի հետ զրուցել է աբորտից հետո կանանց մոտ առաջացող բարդությունների մասին։

«Աբորտից հետո կանանց մոտ առաջանում են մի շարք բարդություններ։ Դրանք լինում են մոտակա և հեռակա։ Մոտակա բարդությունները առաջանում են աբորտի ընթացքում կամ աբորտից հետո՝ օրերի ընթացքում, դրանք են. արգանդի պերֆորացիան (ծակելը), արյունահոսությունը, պտղաձվի մնացորդները արգանդի խոռոչում, արգանդի սուր բորբոքային պրոցեսները և այլն։ Հեռակա բարդությունները առաջանում են տարիների ընթացքում և դրանցից ամենանշանակալին անպտղությունն է, նաև վիժումները, հետագա հղիությունների բարդացած ընթացքը», — ասում է Վարդանյանը։

2 տարի առաջ սելեկտիվ աբորտների դեմ որոշեց պայքարել կառավարությունը։ 2015 թվականի հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի փաթեթը, որով արգելվելու էր սեռի պայմանավորված աբորտները։ Օրինախախտ բժիշկների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու։ 2016 թվականի հունիսի 29-ին օրենքն ընդունվեց ազգային ժողովի կողմից։

Ըստ Վարդանյանի, սակայն, օրենքը դեռ անորոշ է և դժվար կիրառելի։ Նրա խոսքով՝ միայն օրենք ընդունելով չի կարող պայքար մղվել սելեկտիվ աբորտների դեմ, որովհետև դեռ հասարակությունը պատրաստ չէ ընդունել ու կիրառել այն։

Մենք բաժանվեցինք, որովհետև ես պետք է աղջիկ ունենայի

«34 տարեկան էի, երբ ամուսնացանք։ Շատ էի սիրում ամուսնուս։ Այնքան երջանիկ էինք, երբ պսակվում էինք, նույնիսկ չէի սպասում, որ մի օր կբաժանվենք, այն էլ դրա պատճառը կլինի այն, որ աղջիկ երեխա ենք ունենալու», — OC Media-ի հետ զրույցում ասում է գյումրեցի Ժաննա Տեփանյանը։

Ժաննան պատմում է, որ երբ ամուսինն ու սկեսուրը իմացել են լուրը, որ ինքն աղջիկ է ունենալու, անմիջապես պատվիրել են հեռացնել պտուղը։ Պատճառն այն է եղել, որ տղամարդը մինչ Ժաննայի հետ ամուսնանալը ևս մեկ անգամ ամուսնացած է եղել և առաջին ամուսնությունից երկու աղջիկ ունի և երազել է տղա երեխայի մասին։

«Ինձ ասացին, որ կամ աբորտ եմ անում կամ բաժանվում ենք։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը։ Հիմա աղջիկս 1, 5 տարեկան է։ Ես երջանիկ եմ։ Թեպետ տուն չունեմ, շատ վատ պայմաններում եմ ապրում, բայց կողքիս հրաշք է մեծանում։ Ծնողներս ինձ օգնում են։ Մի փոքր էլ անցնի, փոքրիկիս մանկապարտեզ կտամ ու ինքս էլ կաշխատեմ՝ երեխաս պետք է լավ ապրի», — ասում է Ժաննան։

Ժաննայի ամուսինը երեխայի հայրությունը չի ճանաչել, իր ազգանունը աղջկան չի տվել։ Տեսել է մեկ անգամ՝ մոտ մեկ տարի առաջ։ Նա հիմա մահացած է։

«Փոքրիկս 8 ամսական էր, երբ հայրը մահամերձ էր։ Տարա, որ տեսնի երեխային։ Տեսավ։ Ոչ մի ռեակցիա իր ընտանիքի կողմից։ Կարճ ժամանակ անց մահացավ։ Նրա մոր հետ կապ չունեմ։ Պետք չենք մենք իրեն», — ասում է Ժաննան։

Ժաննայի պատմությունը իր տեսակով միակը չէ Հայաստանում։ Այդ իսկ պատճառով բժիշկները փորձում են մասնագիտական-հոգեբանական աշխատանքեր տանել տղամարդկանց հետ, երբ նկատում են վտանգը, որ ընտանիքի հայրը հակված չէ աղջիկ երեխա ունենալու մտքին։ Սովորաբար բժիշկները կանանց խնդրում են ստուգման գալ ամուսինների հետ և էխո անելու ժամանակ սկսում են հատկապես տղամարդկանց պատմել ու էկրանին ցուցադրել փոքրիկի մարմնի դետալները՝ այս կերպ տղամարդուն պատրաստել այն մտքին, որ նրա հրաշքի է սպասում, հայր է դառնալու ու այստեղ սեռը ոչ մի կապ չունի։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, եթե  2012-ին ծնված 100 աղջկա դիմաց ծնվել է 114 տղա, ապա 2016-ին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա։ Թեպետ 2005 թվականի համեմատ՝ սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազել է 3 անգամ, այնուամենայնիվ, ներկա ցուցանիշը աշխարհում շարունակում է մնալ որպես անհավարասաչափ։ CIA World Factbook-ի տվյալներով, ցուցանիշը բարձր է նաև Ադրբեջանի և Վրաստանի համար, յուրաքանչյուր 100 աղջկա համար՝ համապատասխանաբար 111 և 108 տղա։ Համաշխարհային միջին ցուցանիշը կազմում է 103 տղա՝ 100 աղջկա դիմաց հարաբերակցությամբ։