fbpx

Տարիքային խտրականություն Հայաստանում. ինչու՞ են կանայք դիմում պլաստիկ վիրաբուժության օգնությանը աշխատանք ստանալու համար

Գեղեցկության սրահ Երևանում (Նազիկ Արմենկյան /Դափնե )

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պատճառով բնակիչները հաճախ տուժում են գործատուի անարդար եւ շահադիտական մոտեցումից։ Իրավական պաշտպանության բացակայության արդյունքում՝ գործատուները հաճախ խտրականություն են դրսեւորում կին դիմումատուների նկատմամբ տարիքի եւ արտաքին պատճառով։ Կանայք ստիպված են արտաքինում կոսմետիկ մի քանի շտկումներ կատարել՝ իրենց երիտասարդ տեսքը վերադարձնելու եւ աշխատանք գտնելու հույսով։

Երեւանում այսօր կան գեղեցկության սրահներ, որտեղ ոչ մեծ գումարի դիմաց կարելի է կատարել որոշակի կոսմետիկ շտկումներ արտաքին տեսքում։

«Ես կատարում եմ շրթունքների ծավալի մեծացում և ընդգծում, նաև մանր կնճիռների հարթեցում՝ բերանի, աչքերի ու ճակատի շուրջ։ Շատ-շատ հաճախորդներ ունեմ, ովքեր կանոնավոր ինձ այցելում են», — նշում է կոսմետելոգ Շուշանը և մանրամասնում, որ հաճախորդների մի մասը պարզապես ձգտում է խնամված տեսք ունենալ, իսկ մի մասն էլ պարտադրված է իրեն այցելում։

«Ես ունեմ հաճախորդներ, ովքեր տարին երկու անգամ պարտադիր մի քանի պրոցեդուրայի են գալիս, նրանք միշտ պետք է գեղեցիկ լինեն, դա նրանց ղեկավարների պահանջն է։ Նրանց համար դեմքի թարմացումը նոր վերնաշապիկ գնելու պես է, ասում են, որ մաշված ոչ մի բան չի ընդունվում իրենց ընկերությունում՝ ոչ հագուստ, ոչ էլ դեմք», — ասում է կոսմետոլոգը։

Եթե 25 տարեկան չես, ապա ծեր ես

Գյումրիում բնակվող 31 ամյա Ալինան շատ երկար է աշխատանք փնտրել։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ կամավորական ծրագրով նա մեկնել է Եվրոպա, աշխատել է Լեհաստանում, ապա վերադարձել հայրենիք ու հայտնվել գործազուրկի կարգավիճակում։ Աշխատանք չի կարողացել գտնել, որովհետև գործատուները նրան «ծեր» են համարել։

«Ես թարգմանչուհի եմ, օտար լեզուների եմ տիրապետում, մեր քաղաքում իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելը բարդ է, որոշեցի խանութում վաճառողուհի աշխատեմ՝ գիտեի, որ թափուր աշխատատեղ ունեն։ Դիմեցի։ Տնօրենը նույնիսկ չհետաքրքրվեց, թե ես ով եմ, ինչ մասնագետ եմ, ինձ ուսումնասիրեց ու հարցրեց քանի տարեկան եմ, ասացի 27, պատասխանեց՝ կներեք, բայց դուք մեծ եք, չեք համապատասխանում աշխատանքին», — պատմում է Ալինան։

Աղջիկն այսօր աշխատում է ուսումնական հաստատությունում, ասում է իր ընկերուհիները իրեն նախանձում են, որ անկախ իր տարիքից, կարողացել է աշխատանք գտնել։

Advertisements
Պահանջվում է մաքրուհի մինչև 25 տարեկան՝ բարետես, գեղեցիկ, առանց կոպլեքսների, իմ սեփական բնակարանում աշխատելու համար։ Աշախատավարձը՝ սկսած 150 հազար դրամից։

«33 տարեկան ընկերուհիս չի կարող ոչ մի տեղ աշխատանքի անցնել։ Բոլորը ասում են, որ նա շատ մեծ է և նաև բարետես չէ։ Նրան առաջարկում են միայն հավաքարարի աշխատանք», — ասում է Ալինան։

Հայաստանում կին լինելը բարդ է։ Աշխատաշուկայում տեղ չկա միջին տարիքի կնոջ համար։ 25–27 տարեկանը դա ամենաբարձր սանդղակն է։ Բացի այդ, որոշ գործատուները կին աշխատակիցներին լուրջ չեն ընդունում։

«Աշխատանք փնտրելու նպատակով Վանաձորից եմ եկել Երևան, մտածում էի, որ այստեղ մի գործ կգտնեմ, իմ հարազատ քաղաքում իմ մասնագիտությամբ գործ գտնել չէի կարող, ես տնտեսագետ եմ։ Եկա-սկսեցի աշախատնք փնտրել ու հասկացա, որ բոլորովին անիմաստ էր իմ Երևան գալը», — ասում է 38 ամյա Լուսինեն, ով, գրասենյակային աշխատանք գտնել չկարողանալով, սկսել է փնտրել վաճառողուհու աշխատանք։

«Մի քանի խանութ մտա, ինձ ասացին կներեք, բայց ձեզ կարող ենք միայն հավաքարարի աշխատանք առաջարկել», — նշում է Լուսինեն։

Պահանջվում է վաճառողուհի՝ մոդելի արտաքինով

«Ես պայուսակների փոքրիկ կրպակ ունեմ, այս պահին էլ հայտարարություն եմ տարածել, որ պահանջվում է վաճառողուհի՝ մինչև 25 տարեկան, բարձրահասակ, երկար մազերով և հաստ շրթուքներով։ Ինձ համար հաճելի է, երբ նման արտաքինով աղջիկ է իմ խանութում աշխատում։ Նման արտաքինը նաև հաճախորդ է գրավում», — ասում է երևանաբնակ Արայիկը։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը նշում է, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգիրքի՝ չկա  հստակ արգելող նորմ, ըստ որի գործատուներն իրավունք չունեն իրենց դիմող անձանց ներկայացնեն պահանջները՝ մասնավորապես սեռի, արտաքինի և տարիքի հետ կապված։ Փաստաբանը ասում է՝ միակ իրավական նորմը, որին հնարավոր է հղում անել՝ Սահամանադրությունն է, ըստ որի բոլորը հավասարն են օրենքի առաջ եւ խտրականությունն արգելվում է։

«Մենք բախվում ենք խտրականությանը գենդերային հիմքով։ Աշխատանքային օրենսգրքով միայն կետ կա, ըստ որի արգելված է խտրականությունը, բայց օրենքում չկան այն դրույթները, որոնք հարկավոր են խտրականություն դեմ պայքարելու համար։ Ցավոք, մենք չունենք հատուկ օրենքը, որը կպայքարի խտրականությամ դեմ, իսկ այն այսօր շատ անհրաժեշտ է Հայաստանում»։

Ըստ Ղազարյանի՝ Հայաստանում այսօր ոչ միայն համապատասխան օրենքը չկա, նաև հենց նույն կանայք ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց բախվում են գործատուների մոտ։

«Կինը դիմում է աշխատանքի համար։ Մերժում ստանում ինչ-ինչ պատճառով կամ ուղղակի հրաժարվում է առաջարկից՝ առանց պատճառ նշելու։ Հաճախ շահարկվում է փաստը, որ գործատուն իրավունք ունի որոշել, թե իր մոտ ով կարող է աշխատի։ Այո, բայց դա չի նշանակում, որ նա հայտարարություն է տալու և նշելու, որ փնտրում է բարետես, անթերի կազմվածք ունեցող երիտասարդ աղջիկների», — նշում է Ղազարյանը։

Սեռական ծառայություններ՝ աշխատանքի դիմաց

29 ամյա Անին վերջերս համացանցով տեսել է հայտարարություն, որտեղ նշված է եղել, որ անհրաժեշտ է գործավարուհի՝մինչև 25 տարեկան, աշխատավարձը՝ 200 հազար դրամ։ Ասում է զանգահարել է գործատուին և ասել, որ թեպետ մի փոքր մեծ է, սակայն ունի աշխատանքային փորձ և խնդրել է մեկ հնրարավորություն տալ։

«Գնացի տնօրենի հետ հանդիպման։ Ոտքից գլուխ ինձ զննեց, նույնիսկ խնդրեց պտտվել։ Մի քանի րոպե մտածեց ու ասաց, որ անկախ իմ մեծ տարիքից ես դեռ թարմ տեսք ունեմ և կարող եմ աշխատել։ Սակայն մի քանի պայման դրեց՝ պետք է շրթունքներս մեծացնեի և պատրաստ լինեի աշխատանքից դուրս ազատ շփման։ Ասում էր, որ սիրում է գիշերային կյանքը և իր գործավարոհին պետք է իր հետ անկաշկանդ գիշերային կյանք վարի ու իրեն մեկ-մեկ էլ համբուրի թմբլիկ շրթունքներով։ Ես այդտեղից պարզապես փախա», — ասում է Անին։

«Ես ավարտել եմ մանկավարժական համալսարանը։ Լեզվաբանեմ։ 3 տարի է աշխատանք գտնել չեմ կարող։ Վերջը որոշեցի մատուցողուհի աշխատել՝ այլ տարբերակ չկար։ Մեկ շաբաթ հետո սրճարանի տնօրենը կանչեց իր սենյակ և ասաց, որ ինձ տեսնում է մենեջերի պաշտոնում, սակայն ես այն դեռ պետք է վաստակեի՝ որպես փոխհատուցում պահանջում էր իր հետ սեքսով զբաղվել։ Ես կանգնած տեղը կարմրել էի, ուզում էի գետինը բացվեր ու ես այնտեղ մտնեի։ Մատուցողուհի լինելը չի նշանակում մարմնավաճառ լինել», — ասում է Գայանեն (անունը փոխված է նրա խնդրանքով։)

«Օգտագործելով կնոջ խոցելի վիճակը՝ տղամարդ գործատուն երբեմն նրան առաջարկում է իր հետ ինտիմ կապ ունենալ։ Դա շատ տարածված է Հայաստանում։ Բայց քանի որ մենք չունենք այդ խնդիրը կարգավորող օրենք, նաև մեր կանայք ամաչում են խոսել խնդրի մասին, այդ գործերը այդպես էլ չեն հասնում դատարան», — ասում է Արա Ղազարյանը։

Հայաստանում այսօր գրանցված է 46 հազար 700 գործազուրկ կին։ Նրանք կազմում են ընդհանուր գործազուրկների երկու երրորդը։

Գործատուների առաջ քաշած պահանջների շնորհիվ Հայստանում այսօր բավականին ակտիվացել են գեղեցկության սրահների և էսթետիկ կլինիկաների աշխատանքը։ Թեպետ պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն պլաստիկ վիրաբույժներն են փաստում, որ յուրքանչյուր օր վիրահատում և կոսմետիկ շտկումներով գեղեցկացնում են տասնյակ երիտասարդ կանանց՝մեծացնելով նրանց շրթունքները, հետույքն ու կրծքերը։ Բաղձալի աշխատանքը ստանալու համար կանայք կերպարանփոխվում են։

Հոդվածը պատրաստվել է Հարավային Կովկասում Friedrich-Ebert-Stiftung (FES) տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել FES-ի տեսակետների հետ։