Media logo
թրաֆիքինգ

Սեքս ստրկության զոհերը. թրաֆիքինգ

Սեքս ստրկության զոհերը. թրաֆիքինգ
(Արմինե Ավետիսյան /OC Media)

Կանանց, ովքեր սիրո կամ փողի խոստումներով տոգորված Հայաստանից արտերկիր են մեկնում՝ հատկապես Թուրքիա և Դուբայ, երբեմն ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել: Նրանք թրաֆիքինգի զոհեր են: Կանայք, ովքեր հասցնում են փախչել, նրանց սարսափելի փորձությունների հոգեբանական վերքերին ավելանում են Հայաստանի հասարակության և ընտանիքի կողմից մերժումները և անըմբռնելիությունը։

Նոր կյանքի հետքերով

«5 տարի դայակ էի աշխատում, օրը 3 հազար դրամ էի ստանում։ Մարզից էի Երևան եկել, ստացել բարձագույն կրթությունս ու մնացել մայրաքաղաքում, որովհետև հիվանդ մայր ունեմ, ում դեղեր էի առնելու յուրաքանչյուր ամիս։ Ամսեկան ստացածս 90 հազար դրամ աշխատավարձը շատ քիչ էր ինձ ու մորս համար, 2012 թվականին սկսեցի այլ աշխատանք փնտրել», — պատմում է Լիլիթը (կնոջ խնդրանքով փոխված են նրա անձնական տվյալները)։

Աշխատանքի փնտրտուքի ժամանակ Լիլիթի ծանոթներից մեկը նրան տեղեկացրել է, որ Հունաստանում դայակի թափուր հաստիք կա՝ առաջարկելով նրան մեկնել արտագնա աշխատանքի։

«Ծանոթս, ով երկար տարիներ է արտերկրում դայակ էր աշխատում, վստահեցրեց, որ իր ծանոթներից մեկին է դայակ պետք, որն ուներ հիանալի ու կիրթ ընտանիք։ Առաջարկում էին խնամել հայ ընտանիքի 5տարեկան փոքրիկի. պետք է կերակրեի, առօրյա խնամքին հետևեի, նաև նպաստեի հայերեն լեզվի զարգացմանն ու գրել-կարդալ սովորեցնեի։ Ամիսը 1 000 դոլար էի ստանալու։ Այդ ժամանակ 27 տարեկան էի՝ հոգնած կյանքիցս ու ինձանից, որոշեցի մեկնել՝ թե կենցաղս կփոխվեր, թե ավելի շատ փող կվաստակեի ինձ ու մորս համար, թաքուն երազում էի նաև Հունաստանում գտնել իմ մեծ սիրուն։ 5 տարի առաջ դեռ երազկոտ ռոմանտիկ էի», — պատմում է Լիլիթը, սկսելով իր պատմությունը։

Լիլիթն ու իր ծանոթը միասին մեկնել են Ստամբուլ, որպեսզի այնտեղից էլ մեկնեն Հունաստան։

«Ավտոբուսով գնացինք Ստամբուլ։ Այնտեղ նա ինձ տարավ մի հյուրատուն, ինքը գնաց մեզ համար Հունաստանի տոմսեր գնելու։ Գնաց ու…», — Լիլիթը պատմում է դանդաղ ձայնով։

Լիլիթի կյանքում հենց այդ պահից սկսվել են գերության օրերը։ Նրա ծանոթը այդպես էլ Հունաստանի տոմսեր չի գնել, փոխարենը ստել է, իբր ճանապարհին պայուսակը գողացել են, որտեղ եղել է իրենց ամբողջ փողն ու անձնագրերը։ Նա մի ելք է առաջարկել Լիլիթին՝ փոքրիկ սեքսուալ ծառայություն մատուցել մի ծանոթ տղամարդու, ով արագորեն օգնելու էր իրենց փաստաթղթերը վերականգնելու հարցում։

«Փոքրիկ սեքսուալ ծառայությունը, որ կյանքի գնով արեցի, վերածվեց հարկադիր աշխատանքի։ Ինձ կեղտոտ շոր էի զգում, որին ով ոնց կարող էր օգտագործում էր ու դեն շպրտում։ Ծանոթիս տեսնում էի շաբաթը մեկ, գալիս էր իմ կացարան ու հուսադրում՝ ստորաբար ստելով, թե ինքն էլ իմ պես գերի է ու սպասում է օգնության, բայց ինչ գերի՝ նա էր կազմակերպիչը…»

Զոհի ընտրությունը

2013 թվականի ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Հայաստանը ճանաչվում է որպես թրաֆիքինգի դեմ պայքարող երկիր՝ բավարարելով թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշները։ Այնուհանդերձ, Հայաստանը հանդիսանում է թրաֆիքինգի ծագման երկիր, այսինքն՝ Հայաստանից շատ են լինում թրաֆիքինգի զոհեր այլ երկրներում։

Վերջին տարիներին թրաֆիքինգի դեպքեր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գրանցվել են հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններում (առավել հաճախ՝ Դուբայում) և Թուրքիայում։ Օրինակ 2016 թվականին, ոստիկանության ներկայացրած տվյալների համաձայն, բացահայտվել է կանանց պոռնկության շահագործման երեք դեպք, որից 2ը՝ Դուբայում, մեկը Հայաստանում։ Իսկ 2015 թվականին բացահայտվել է 5 դեպք, որից երկուսը Թուրքիայում։ 2014-ին դեպքեր բացահայտվել են թե Թուրքիայում, թե Դուբայում։

Թրաֆիքինգից տուժածների վիճակում առավել հաճախ հայտնվում են սոցիալապես խոցելի խմբեր ներկայացնող կանայք՝ նշում է «Ամքոր» կազմակերպության հակաթրաֆիքինգային ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան։

«Նրանք հիմնականում միայնակ, այրի, ամուսնալուծված կամ լքված կանայք են, ովքեր փող վաստակելու որևէ նորմալ աղբյուր չունեն։ Հաճախ նրանց խնամքի տակ են գտնվում երեխաներ և տարեցներ», — ասում է Վիկտորիան։

«Կրթություն կամ, ավելի հաճախ, աշխատանք գտնելու հնարավորություններ չունենալու պատճառով նրանք ի վիճակի չեն բնականոն ճանապարհով ապրուստ հայթայթել ընտանիքի համար։ Հաճախ զոհի կարգավիճակում են հայտնվում նաև ընտանիքի կողմից բռնության ենթարկված կանայք, ովքեր ամեն գնով փորձում են փախնել իրենց հարազատներից։ Այ հենց նման կանանց էլ ընտրում են տրաֆիքյորները», — ասում է նա։

«Ամքոր»-ը 2004 թվականից աջակցում է թրաֆիքինգից տուժածներին և այդ նպատակով ստանում է պետական աջակցություն։ Կազմակերպության առաքելությունն է՝ տուժածներին ապահովել ժամանակավոր ապաստարաններով, տրամադրել ֆինանսական, իրավաբանական աջակցություն, բժշկական ու հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ այս ճանապարհով թրաֆիքինգի զոհերին վերադարձնելով բնականոն կյանքի։

«Տրաֆիքյորները զոհին ընտրելուց հետո շատ նուրբ աշխատանք են տանում, որպեսզի նրան երկրից դուրս տանեն։ Օրինակ, աստղաբաշխական գումարներ են խոստանում։ Զարմանալին այն է, թե ինչպես են զոհերը մտածում, որ իրենք մատուցող կամ հավաքարար աշխատելով կարող են նման ահռելի գումար աշխատել, երբ նույնիսկ լեզուն չգիտեն։ Դա նույն կրթական խնդիրն է։ Եղել են դեպքեր նաև, երբ որպես զոհ ընտրել են բավական կայացած կնոջ ու նրան առաջարկել են աշխատանք ֆանտաստիկ պայմաններում եվրոպական երկրում՝ ներկայացնելով օրինական պայմանագիր։ Կինը կասկածելի էր գտել որոշ դրույթներ և մեր իրավաբանի հետ քննարկելուց հետո պարզեցինք, որ դա իրականում նրան տանելու էր դեպի թրաֆիքինգ», — ասում է Ավակովան։

Ավակովան նաև նկարագրում է դեպք, երբ կայացած կինը գիտակցորեն դարձել է թրաֆիքինգի զոհ։ Այս դեպքում նրան սպառնացել են, որ կվնասեն հարազատին, եթե նա հրաժարվի։

«Թրաֆիքյոր շատ հաճախ դառնում են նաև նախկին զոհերը։ Օրինակ, Թուրքիայում գտնվող կավատը, ով հետախուզման մեջ է եղել և չի կարողացել գալ Հայաստան նոր աղջիկներ հավաքագրելու համար, ընտրել է այդ պահին ձեռքի տակ եղած զոհերից ամենաճարպիկին և գործուղել Հայաստան։ Այս դեպքում կինը որոշել է ընդունել խաղի նոր կանոնները՝ չտեսնելով բնականոն կյանքի վերադարձի տարբերակ և մտածելով, որ վերջապես կսկսի փող վաստակել», — ասում է Հայաստանում «Անտիթրաֆիքինգ» կազմակերպության ղեկավար Արզուման Հարությունյանը։

Չարաբաստիկ ամուսնության առաջարկներ

Մասնագետների խոսքով՝ հաճախ կանանց գայթակղում են նաև կեղծ ամուսնության առաջարկով։

Հայաստանում, մասնավորապես գյուղերում, ամոթալի է համարվում, եթե աղջիկը չի ամուսնանում մինչ 25 տարեկանը։ Շատ հաճախ, զոհի կարգավիճակում են հանդիսանում հարազատների կողմից պարսավանքի ենթարկված աղջիկները, նրանք «ամոթից», ինչպես նաև գյուղից պրծնելու համար պատրաստ են ամուսնանալ նույնիսկ էքստրեմալ պայմաններում։

«Աղջկան նկար են ցույց տալիս, ասում են՝ սա իմ բարեկամի տղան է ԱՄՆ-ում, կամուսնանաս իր հետ ու տանում են աղջկան։ Պատկերացնում եք։ Կամ սկայպով խոսում են մեկ տղայի հետ ու որոշում, որ դա իրենց սպիտակ ձիով ասպետն է ու մեկնում անհայտ ուղղությամբ։ Մեր պրակտիկայում եղել են նման դեպքեր», — ասում է Ավակովան։

Փախուստ գերությունից

Ստրկության մեջ են հայտնվում հիմնականում առավել երիտասարդ կանայք՝ 25-ից մինչև 45 տարեկան։

Սեռական շահագործման մեջ գտնվող կանանց դեպքերը բացահայտվում են բազմաթիվ եղանակներով և հիմնականում՝ իրավապահ մարմինների կողմից։ Սակայն խնդիրը բարդանում է, երբ զոհը հայտնվում է Թուրքիայում։ Այս պետության հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի՝ կապված Հայոց ցեղասպանության չլուծված խնդիրների և Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի Հայաստանի հակամարտության հետ։

«Թուրքիայում եղել են դեպքեր, երբ մեր աղջիկները փրկվել են անհավանական պայմաններում, օրինակ, մեր աղջիկներից մեկին փրկել էր հաճախորդը, երբ կինը հերթական այցելությունից հետո, չգիտես ինչու, պատմել էր իր կյանքը, հաճախորդը որոշել էր օգնել զոհին և դիմել էր ոստիկանություն», — ասում է Հարությունյանը։

«Մի կին էլ թղթի կտորի վրա էր գրել իր գերության մեջ լինելու մասին և թուղթը նետել պատուհանից դուրս. այն գտել էր պատահական անցորդն ու հանձնել իրավապահ մարմիններին։ Եղել է նաև դեպք, երբ կնոջը մեքենայով այլ վայր են տեղափոխել, և նա շրթներկով ափի մեջ է գրել «թրաֆիքինգ» բառը և երբ մեքենան լուսացույցի տակ է կանգնել, ձեռքի ափը հպել է պատուհանին՝ մոտակա անցորդներին հասկացնելով, որ ինքը գերի է», — խոսքն է շարունակում Հարությունյանը։

Հարությունյանը նաև ղեկավարում է «Տեսալսողական լրագրողական» ասոցիացիան։ Նրա ղեկավարած կազմակերպությունը զբաղվում է թրաֆիքինգի մասին իրազեկմամբ։ Այդ նպատակով նրանք հրապարակում են գրքեր և բրոշյուրներ, նկարում փոքրիկ ֆիլմեր։

«Մեր բնակչությունը բավականին տեղեկացված է, դա են վկայում նաև հարցումները, սակայն մարդիկ միևնույն է, դիմում են այդ քայլին՝ փողի մեծ խայծ է», — ասում է Հարությունյանը։

Հոգեբանական բարդույթները

«Ես չփախա, ես հետ ուղարկվեցի, երբ մարմինս այլևս օգտագործելու ենթակա չէր, ես արդեն բեռ էի դարձել այնտեղ և իրենք համոզված էին, որ ես կյանքում չեմ պատմի ոչ մեկին, թե ինչ կյանքով եմ ապրել արտերկրում։ Դա կնշանակի իմ ձեռքով իմ կյանքին վերջ տամ։ Ինքասպան լինեմ։ Ես եմ զզվում իմ մարմնից, ո՞նց կարող է դիմացինը չզզվի ու հասկանա ինձ», — ասում է Լիլիթը, ով մեկ տարուց ավելի է վերադարձել է Երևան և աշխատում է որպես հավաքարար։ Նա իրեն համարում է կիսամեռ մարդ, ով երբեք չի ընդունվելու հասարակության կողմից, չի ամուսնանալու և պարզապես ֆիզիկական գոյությունն է քարշ տալու։

Լիլիթի պես բարդույթավորված են գրեթե բոլոր զոհերը, որոնց հետ տարվում է հոգեբանական հատուկ աշխատանք։ Ուշադրության տակ են նաև նրանց հարազատները, ովքեր շատ հաճախ չեն ընդունում գերությունից մի կերպ փրկված կնոջը։

«Շատ մեծ է հասարակության կարծիքը։ Շատ հաճախ հնչում է միտք, թե բա թող չգնար, ո՞վ ստիպեց, ինչո՞ւ գնաց, լավ էլ գիտեր, որ պոռնկությամբ է զբաղվելու։ Այս դեպքում էլ տան տղամարդն է ըմբոստանում՝ թե բա իմ կինը կամ աղջիկը չի կարող անբարոյական լինել և իմ տանը տեղ չունի», — ասում է Հարությունաը։

«Ցավն այն է, որ երբ կինը պատրաստվում է մեկնել, շատ հաճախ նրան աջակցում է նույն այդ հարազատը, ով ևս ոգևորվում է շատ փող ունենալու գաղափարից։ Եղել են ցավալի դեպքեր, երբ ամուսինը անձամբ է կնոջը դրդել այդ քայլին, կա նաև դաժան դեպք, երբ մայրն է աղջկան տարել Թուրքիա։ Շատ հաճախ զոհերը սեռավարակներ են լինում, բայց նրանց ֆիզիկապես բուժելը ավելի հեշտ է, քան հոգեբանորեն։ Կան կանայք, ովքեր փրկվելուց հետո արդեն կամովին վերադառնում են հին կյանքին՝ պարզապես այլընտրանք չգտնելով», — ասում է Ավակովան։

ԱՄՆ պետդեպի զեկույցի համաձայն՝ Հայաստանի հետ առաջին խմբում է նաև հարևան Վրաստանը, իսկ Ադրբեջանը գտնվում է երկրորդ խմբում, ինչը նշանակում է, որ դեռևս քայլեր պետք է ձեռնարկի «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության» ակտի նվազագույն պահանջներին համապատասխանելու համար։ Ի տարբերություն Հայաստանի, որը հիմնականում թրաֆիքինգի ծագման, երբեմն էլ նպատակակետ երկիր է, Վրաստանն ու Ադրբեջանը նաեւ տարանցիկ երկրներ են։

Related Articles

List is empty

Most Popular

Editor‘s Picks