fbpx

Երբ մարտի են գնում ուսանողները

Բողոքի ցույցերի ժամանակ ուսանողները Երևանում փակել են փողոցը (Արմինե Ավետիսյան /OC Media)

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ Քայլը» նախաձեռնության հավաքները, քայլերթերն ու բողոքի այլ ակցիաները, որոնք առաջնորդում էր ՔՊ-ի վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Ցուցարարները պայքարում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Շաբաթներ տևած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների շարքում հիմնականում ուսանողներն էին ինչպես Երևանում, այնպես էլ այլ քաղաքներում։

Պայքարի սկիզբը

Մինչև ապրիլի 13-ի հանրահավաքի մեկնարկը, որին հաջորդեց հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ քայլարշավ էր սկսել ՀՀ երկրորդ քաղաք Գյումրիից։ 14 օրում նրանք հաղթահարել են 200 կիլոմետր՝ անցնելով Հայաստանի խոշոր և հեռավոր համայնքներով և հասել Երևան։

Ապրիլի 13-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի հանրահավաքը։ Նիկոլ Փաշինյանը խոսեց խաղաղ քաղաքացիական անհնազանդություն նախաձեռնելու մտադրության մասին։ Նույն օրը երեկոյան ցուցարարները շրջափակեցին Երևանի կենտրոնական հատվածում գտնվող Ֆրանսիայի հրապարակը և նստացույց սկսեցին։

-Երբ սկսվեց «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիաները, ես անմիջապես միացա նրան, որովհետև ուզում եմ ապրել, սովորել ու աշխատել ազատ, անկախ Հայաստանում, մի երկրում, որի գլխին ոչ թե ինչ-որ բանդա է կանգնած, այլ ժողովրդի կողմից ընտրված վստահելի, արդար, խելացի մարդիկ, այն Հայաստանում, ուր ուսանողի և մյուսների իրավունքները չեն ոտնահարվում,-Oc Media-ի հետ զրույցում ասում է Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, 18 ամյա Անի Հակոբջանյանը, ում խոսքով պայքարի ընթացքում հիմնական դժվարությունը սեփական զգացմունքների դեմ պայքարելն է եղել։

Պայքարի առաջին օրերին Անիի համակուրսեցիները պայքարին չեն միացել։ Ասում է ընդամենը 3–4 համակուրսեցի է ոտքի կանգնել։

«Որոշ ոստիկաններ իսկապես անմարդկային էին վերաբերվում մեզ, հարվածում էին, մի անգամ նույնիսկ հայհոյեցին, իսկ որոշ ոստիկաններ էլ փորձում էին պաշտպանել բռնություն կիրառողներից։ Գալիս էին ինչ-որ սադրիչներ, փորձում շեղել, բռնության կոչեր անել, խանգարել մեզ, ու ես չէի կողմնորոշվում՝ ում վստահել, ում ոչ, որ ոստիկանին ժպտալ, իսկ որին նայել ու ցավ ապրել։ Դա խանգարում էր ինձ, երբեմն հուսահատեցնում։ Ամենամեծ դժվարությունը նաև մայրիկիս հետ էր կապված։ Չէր ցանկանում, որ դրսում գիշերեմ, անհանգստանում էր ու անգամ փորձեց ինձ տուն տանել։ Բայց ես շուրջ 3 շաբաթ տուն չգնացի, չէի կարող թողնել պայքարը», — հիշում է Անին։

Անի Հակոբջանյանը և Միքայել Նազարյանը (/Facebook)

Պայքարի օրերին Անին մենակ չի եղել։ Նրա ընկերը՝ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի ուսանող 25 ամյա Միքայել Նազարյանը նրա կողքին էր։

Advertisements

«Կարծում եմ պայքարին միանալու խնդիր չկար, քանի որ այս քայլի մեկնարկը պայքարի սկիզբը չէր, սա շարունակական պրոցես էր, որը և փուլային հաջողություն էր գրանցելու», — ասում է Միքայելը։

Կարդացեք OC Media-ում «Լսված, բայց չտեսած. ինչպես կանայք դարձան թավշյա հեղափոխության չճանաչված ճարտարապետները»

Հայաստանի քաղաքական կրքոտ խաղերը

Ապրիլի 16-ը պայքարի ամենաթեժ օրերից մեկն էր։ Այդ օրը ցուցարարները փորձում էին արգելափակել Ազգային ժողով տանող փողոցները։ Սակայն դա նրանց չհաջողվեց։ Նման փորձերի համար ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ ցուցարարների։ Մեծ ուժեր կենտրոնացնելով ԱԺ տանող Բաղրամյան պողոտայում՝ ոստիկանները փշալարեր տեղադրեցին։ Հրմշտոցի և ոստիկանների կիրառած ձայնային նռնակի հետևանքով եղան վիրավորներ թե ցուցարարների կողմից, թե ոստիկանների։ Վիրավորվեց նաև Փաշինյանը։

Փշալարերը Երևանում. ապրիլի 16 (Քնար Խուդոյան /OC Media)

Ապրիլի 17-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 77 կողմ, 17 դեմ ձայներով դարձավ ՀՀ վարչապետ։ Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապակում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» և ոչ բռնի հեղափոխության մեկնարկի մասին։

Ապրիլի 18-ին ընդդիմությունը սկսեց մի շարք կառավարական շենքերի շրջափակումը։ Ուսանողները սկսեցին զանգվածաբար դասադուլ հայտարարել։

Ուսանողները՝ «հեղափոխության փայլը»

«Երբ նոր էին սկսում հանրահավաքները ազատության հրապարակում,մարդկանց մեծ մասը 40-ից բարձր տարիքի էին… Ու, որ ճիշտն ասեմ, այդ ժամանակ ներքին համոզմունք ունեի, որ ժողովրդի հույսը հերթական անգամ կոտրվելու է վերջում, բայց երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 16-ից փոխվեց ամեն ինչ, երբ ուսանողությունը սկսեց ոտքի կանգնել… Կարծում եմ հեղափոխության կայծը ուսանողությունը եղավ», — ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, 23 ամյա Հակոբ Գյոզալյանը։

Հակոբ Գյոզալյան (/Facebook)

Հայաստանում չկար որևէ բարձրագույն ուսմնական հաստատություն, որտեղ բողոքի ակցիաներ չէին ընթանում։

«Պայքարի սկզբում եթե մեր կուրսից քչերն էին գալիս հանրահավաքների, ապա արդեն ապրիլի 16-ից հետո մոտ 60 ուսանող միայն մեր կուրսից էր դասադուլ անում», — ասում է Անին։

Հազարավոր ցուցարարների ձայնը լսելի դարձավ ապրիլի 23-ին, երբ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նրան փոխարինեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, որի դեմ կրկին սկսվեցին բողոքի ակցիաներ։Կարճ ժամանակ անց Կարեն Կարապետյանն ու իր թիմակիցները ևս հրաժարվեցին կառավարությունը ղեկավարելու մտքից, և արդեն մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի կողմից ընտրվեց վարչապետ։

«Հաջողության հիմանական գրավականը ուսանողական շատ լայն շրջանակների ներգրավվածությունն էր, որի շնորհիվ մենք դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու… հաղթանակի համը ճաշակած ժողովրդին կանգնեցնել հնարավոր չէ», — ասում է Միքայելը։

«Սա ուսանողների համար իսկապես մեծ հաղթանակ էր, և այս հաղթանակը մեզ պետք էր։ Ոգևորվեցինք, հասկացանք, որ մեկ միասնական բռունցք դառնալու դեպքում մենք կարող ենք հաղթել։ Սակայն սխալ կլինի հաղթանակը միայն ուսանողներին վերագրել, որովհետև պայքարին նաև այլ մարդիկ էին մասնակցում։ Սա հայ ժողովրդի հաղթանակն էր, իսկ ուսանողությունը նրա կորիզն է», — նշում է Անին։

«Ինձ համար հաղթանակ էր ոչ թե անձերի փոփոխությունը, այլ այն, որ իսկապես տեղի է ունեցել մարդկանց գիտակցության փոփոխություն, երկրի նկատմամբ՝ սիրո ու վստահության փոփոխություն, ապագայի նկատմամբ՝ հույսի փոփոխություն… Այ սա ինձ համար Հաղթանա՜կ է», — ասում է Հակոբը։

Ուսանողներին օգնում էին դասախոսները

«Ես այդ օրերին (գրեթե 1 ամիս) դասի չէի գնում, կուրսեցիներից եմ իմացել, որ դասախոսները ոչ միայն չեն ճնշել, այլև գովել են իմ, ապա նաև իրենց մասնակցությունը։ Իսկ իրադարձությունների ավարտից հետո, երբ արդեն համալսարան գնացի, բոլորը շատ ջերմ էին, հարցնում էին՝ ինչ հետաքրքիր դեպքեր եղան ցույցերի ժամանակ, որտեղ էի քնում, արդյոք վնասվել եմ։ Դասախոսներիս աչքերի մեջ հպարտություն ու երջանկություն կար», — հիշում է Անին։

Երևանում ուսանողների կողքին այդ օրերին կանգնած էր Երևանի պետական համալսարանի դասախոս, Քաղաքացիական պաշտպանություն կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, ով Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո նշանակվեց Կրթության և գիտության նախարար։

Իսկ Գյումրիում, որտեղ նույնպես ընթանում էին բազմահազարանոց ցույցեր, հանրահավաքները գլխավորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, 36 ամյա Կարեն Պետրոսյանը։

«Ուսանողների դերակատարությունը անխոս մեծ էր։ Գիտեք, մարդկանց մոտ մի հատուկ աստվածային ներշնչանք կար, իրենք համոզված էին, որ հաղթելու էին։ Համայն ուրախություն էր», — ասում է Պետրոսյանը։

Կարեն Պետրոսյան (/Facebook)

«Ուսանողի կամքին ընդվզում էին՝ նրանք ուրախանում էին, բերման էին ենթարկում՝ նրանք ուրախանում էին… Մեր երիտասարդների իրավագիտակցությունը շատ բարձր է։ Նրանք մինչ այս էլ մասնակցել էին տարբեր բողոքի ակցիաների, բազմիցս բերման էին ենթարկվել ու արդեն օրենքները լավ գիտեին, հետևաբար, երբ նրանց ոստիկանության բաժին էին բերման ենթարկում, նրանք կարողանում էին պաշտպանել իրենց իրավունքները», — հավելում է Պետրոսյանը;

Պետրոսյանի խոսքով, այս հանրահավաքների շնորհիվ Հայաստանում մեկ այլ խնդիրել է լուծվել՝ հարթվել են դասախոս-ուսանող հարաբերությունները։

«Մինչ այս դեպքերը, շատ դասախոսները չգիտես ինչու համոզված էին, որ ուսանողները սուբյեկտներ են, որոնց հետ կարելի է վարվել այնպես, ինչպես դասախոսին է հարմար։ Ինչպես ՀՀ ամբողջ պետական համակարգը, բարձրագույն ուսումնական հաստատություններում էլ մարդկային հարաբերությունները վախի հիման վրա էին կառուցված։ Սա առիթ էր կուտակվածը արտահայտելու։ Մեր ուսանողները չվախեցան ոչնչից, նրանց ոչ մի սպառնալիք հետ չպահեց», — ասում է Պետրոսյանը։

Շաբաթներ տևած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանները ձերբակալել են հարյուրավոր քաղաքացիների (Մարի Նիկուրաձե /OC Media)

Ըստ Պետրոսյանի՝ մեծ սխալ է ուսանողի և դասախոսի միջև սահման գծելը։ Հիշում է, որ դեռ իր ուսանողական տարիներից դասախոսներից պահանջել է հիշել, որ որպես մարդ բոլորը հավասար իրավունքներ ունեն, այլ բան է աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները։

«Բողոքի ակցիաների ժամանակ իրավունքներ և պարտականություններ չկան, բոլորս օրենքի առաջ հավասար մարդիկ ենք։ Այդ օրերին միայն առաջ էր եկել ավագության հարցը։ Նրանք ինձ ընդունում էին որպես ավագ ընկեր և առաջնորդ, և որոշակի պատասխանատվություն էի ես կրում նրանց անվտանգության համար», — հիշում է Պետրոսյանը։

Սկզբնական շրջանում Պետրոսյանի կողքին կանգնած են եղել ընդամենը մի քանի գործընկեր։ Բողոքող ուսանողների թվին զուգահեռ ավելացել է նաև դասախոսների թիվը։

«Մարդիկ միշտ չեն ցանկանում առաջինը լիեն նման դեպքերում», — նշում է Պետրոսյանը։

Կարեն Պետրոսյանի լիդերությունը գնահատվել է իր գաղափարակիցների կողմից։ Շիրակի մարզում, որտեղ և գտնվում է Գյումրի քաղաքը, հանրային պահանջ է ձևավորվել՝ այնտեղ ցանկանում է, որպեսզի մարզը ղեկավարի Կարենը։

Հոդվածը պատրաստվել է Հարավային Կովկասում Friedrich-Ebert-Stiftung (FES) տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել FES-ի տեսակետների հետ։

Fierce, independent journalism

Let’s be honest, the media situation in the Caucasus is grim. Every day we are accused of ‘serving the enemy’ whoever that enemy may be. Our journalists have been harassed, arrested, beaten, and exiled. But nevertheless, we persevere. For us this is a labour of love. Unfortunately, we cannot run OC Media on love alone, journalism is expensive and funding is scarce. Our sole mission is to serve the interests of all peoples of the region. You can support us today for as little as $1 a month and join us in the fight for a better Caucasus.

Support Us