Media logo
երևան

Ես հետ չեմ վերադառնա. սիրիահայերը նոր կյանք են սկսում Հայաստանում

Ես հետ չեմ վերադառնա. սիրիահայերը նոր կյանք են սկսում Հայաստանում
Հալեպից փախստական՝ Կարո Հարոյանը (Արմինե Ավետիսյան /OC Media)

Սիրիական հակամարտության վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստան են ներգաղթել ավելի քան 17 հազար սիրիահայեր: Նրանցից շատերը կարծում էին, որ դա ժամանակավոր քայլ է, այնուհանդերձ այսօր ամուր արմատներ են գցում երկրում:

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Read in Russian]

Կրկնակի փախստականները

Երբ 2012 թվականին Ռշտունիների ընտանիքը Հալեպից առաջին անգամ եկավ Հայաստան, նրանք ևս, ինչպես պատերազմից փախած բազմաթիվ սիրիահայեր, նախատեսում էին այստեղ մնալ ընդամենը մի քանի ամիս՝ մինչ խաղաղությունը կվերադառնար Սիրիա:

Նրանք փախստականների առաջին մեծ ալիքի մի մասն էին: 2012 թվականի վերջին արդեն ավելի քան 6,500 սիրիահայ էր եկել Հայաստան, որից 4,900-ը ստացել են քաղաքացիություն, 425-ը՝ փախստականի կարգավիճակ:

«1915 թվականի ցեղասպանության ժամանակ մեր ընտանիքը մի կերպ էր փրկվել ու հաստատվել Սիրիայում: Փախստականների ընտանիքի զավակ եմ ու հիմա ինքս էլ փախստական եմ դարձել: Հալեպում թողել ենք ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, աշխատանք: Ամուսինս այնտեղ սեփական բիզնես ուներ՝ վերելակների աքսեսուարների արտադրանքով էր զբաղվում, ոչինչ չկարողացանք բերել Հայաստան, այնտեղ մնացած ծանոթներից տեղեկացել ենք, որ ամուսնուս արտադրամասն էլ թալանել են, մնացել են միայն դատարկ պատերը», — ասում է Յոլանդ Ռշտունին:

Մամուլից և հարազատներից տեղեկանալով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ ընտանիքը հասկացել է, որ չի կարող կարճ ժամանակ անց վերադառնալ Սիրիա:

«Մենք սովոր չենք ձեռք պարզել ու փող խնդրել, սկսեցինք մտածել, թե ինչ աշխատանք կարելի է անել Երևանում, որ պահանջված է, հետաքրքիր և կարող է գումար վաստակելու միջոց դառնալ», — պատմում է Յոլանդը:

Երկար փնտրելով և Հայաստանում հարմար աշխատանք չգտնելով՝ որոշեցին քաղցրավենիքի և տորթերի արտադրություն սկսել:

«2014 թվականն էր, երբ խոհարարական կուրսերի հաճախեցի, և այսօր արդեն մեր ընտանիքն ունի սեփական բրենդային արտադրանքը՝ մենք պատրաստում ենք համեղ և գեղեցիկ թխվածքաբլիթներ, որոնք վաճառում ենք հիմնականում Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Մեր սեփական բնակարանն էլ չունենք, որ այնտեղ մի անկյունում գրասենյակ կամ խանութ բացենք: Վարձով մի շատ փոքրիկ տանն ենք ապրում», — ասում է Յոլանդ:

Այժմ տիկին Յոլանդի ամուսինը պատրաստվում է մեկնել Հալեպ՝ փորձելով վաճառել այնտեղ գտնվող տունը: Նպատակ ունեն այդ գումարով Հայաստանում տուն գնել և բացել իրենց երազած խանութը:

Յոլանդ Ռշտունի (Արմինե Ավետիսյան /OC Media)

Հաստատվելով Հայաստանում

2011 թվականից առաջ Սիրիայում ապրում էր 80 հազար էթնիկ հայ, որոնց մեծ մասը՝ մոտ 60 հազարը, Հալեպում: ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալներով՝ այժմ Հայաստանում են 17 հազարից ավելի սիրիահայեր, որոնց բացարձակ մեծամասնությունը՝ Երևանում:

«Երբ եկավ սիրիահայերի առաջին մեծ խումբը, կառավարությունն անմիջապես ձեռնամուխ եղավ նրանց օգնելու: Ոչ մի սիրիահայ դրսում և անօգնական պետք է չմնար՝ դա էր մեր նպատակը, մենք մինչ օրս էլ աշխատում ենք այդ ուղղությամբ», — ասում է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

«Սիրիահայերը երբ գալիս էին, համոզված էին, որ Հայաստանը լինելու է ժամանակավոր կանգառ, և իրենք կարճ ժամանակ անց շտապելու են հետ: Ցավոք, պատերազմը այլ ճակատագիր էր պատրաստել նրանց համար: Ժամանակի ընթացքում նրանցից շատերը սկսեցին տարբեր գործերով զբաղվել, և այսօր արդեն խորը արմատներ են գցել Հայաստանում: Շատերը չեն մտածում վերադարձի մասին, իսկ երիտասարդներն ընդհանրապես գնալ չեն ուզում՝ հարմարվել են Հայաստանի կյանքին ու պայմաններին: Այստեղ զգում են՝ ինչպես տանը», — ասում է Զաքարյանը:

Նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվող սիրիահայերից ավելի քան 500-ին արդեն հաջողվել է հիմնել սեփական գործը:

Ես ցավում եմ, որ Հայաստանում չեմ ծնվել

Կարոյի զարդերը (Արմինե Ավետիսյան /OC Media)

«2012 թվականը կյանքիս ամենադաժան տարին էր: Հալեպից փախանք, եկանք Երևան: Չունեինք ոչինչ: Այնտեղ թողել եմ կյանքիս մի մասը՝ ընկերներիս, գրքերս… Հարմար տան մեջ եմ միշտ ապրել, իսկ այստեղ ստիպված էի հարմարվել փախստականի կենցաղին: Ժամանակը բուժեց ընտանիքիս», — ասում է Հալեպից ներգաղթած 23 ամյա Կարո Հարոյանը:

Սիրիահայերից շատերի պես՝ նրա ընտանիքը ևս Հալեպում ունեցել է սեփական գործը՝ պատրաստել են արծաթյա ձեռագործ զարդեր և հուշանվերներ, ունեցել են հարմարավետ տուն ու բարեկեցիկ կյանք:

«Հայրս լավ մասնագետ է, ես օգնում եմ իրեն, բայց ես վարպետ չեմ, զբաղվում եմ վաճառքով: Արդեն նաև մշտական աշխատանք ունեմ՝ մենեջեր եմ աշխատում բավական հայտնի մի ընկերությունում: Շատ լավ դասավորվեց մեր կյանքը: Նույնիսկ հասցրեցինք մեր սեփական բնակարանը գնել: Ես երջանիկ եմ, ստիպեն էլ՝ հետ չեմ գնա», — ասում է Կարոն:

Կարոն, իր բախտակիցների պես, սկզբում դժվար է հարմարվել հայաստանյան կյանքին: Արևմտահայերենը, որով խոսում են շատ սփյուռքահայեր, այդ թվում՝ սիրիահայերը, քիչ է նման արևելահայերենին , որով խոսում են Հայաստանում: Կարոն այժմ սովորում է տեղի խոսակցական լեզուն:

«Մենք տարբերվում էինք նաև մեր հագուստով, մեր վարսահարդարմամբ ու կենցաղով: Սկզբում բարդ էր, բայց Հայաստանը մեզ բաց ձեռքերով ընդունեց, ու մենք երբեք մեզ օտար չզգացինք, այս ամբողջ տարիներին ապրել ենք ինչպես իմ հարազատ քաղաքում՝ ես իմ տեսքով Երևանին եմ հարմարվել, նաև երևանցիները շատ բաներ վերցրել են մեր ձևերից, ու գեղեցիկ միքս է ստացվել», — ասում է Կարոն:

Վերադառնալու մասին ժամանակ առ ժամանակ մտածում են Կարոյի ծնողները, սակայն նրանք ևս կարծում են, որ ավելի ճիշտ կլինի մշտապես բնակվել Հայաստանում:

«Քույրս չեկավ մեզ հետ: Նա Կարմիր Խաչում է աշխատում: Ասաց, որ իր տեղը Սիրիան է: Ծնողներս եթե մտածում էլ են հետ գնալու մասին, ապա միայն քրոջս կարոտից: Բայց ինձ համար Երևանից լավ տեղ չկա», — ասում է նա:

«Գիտեք, հաճախ անծանոթները, օրինակ տաքսու վարորդները, երբ խոսակցականիցս հասկանում են, որ տեղացի չեմ ու իմանում են, որ չեմ ցանկանում հեռանալ, ապա սկսում են զարմանալ, թե ի՞նչ եմ էստեղ կորցրել, ասում են՝ փախի, քանի ուշ չի: Ես չեմ ասում՝ այստեղ դրախտ է, կան դժվարություններ, բայց սա իմ երկիրն է, ցավում եմ, որ այստեղ չեմ ծնվել», — ասում է Կարոն:

Նոր մշակույթ Երևանում

40-ամյա սիրիահայ Շանթ Խայալյանը Հայաստան է տեղափոխվել 2013-ին:

Նրա պատմությունը նույնն է՝ առանց ոչնչի հայտնվել է Երևանում ու անհամբեր սպասել պատերազմի ավարտին: Այսօր, սակայն, նա արդեն բավական հայտնի օճառագործ է Երևանում և նույնիսկ չի մտածում վերադառնալու մասին:

«Երեք տարի է՝ զբաղվում եմ օրգանական օճառների արտադրությամբ: Որպես հումք օգտագործում եմ Հայաստանի լեռներից ու դաշտերից հավաքած ծաղիկներն ու խոտաբույսերը: Օճառների հիմքում զեյթունի ձեթն է: Պատրաստում եմ նաև անուշահոտ շամպուններ ու յուղեր: Պահանջարկը բավական մեծ է, տեսականին՝ լայն: 25 տեսակի օճառներ և 16 տեսակի շամպուններ եմ վաճառում և ոչ միայն Հայաստանում: Արտահանում եմ Վրաստան և Շվեյցարիա: Մեկ ամսում պատրաստում եմ մոտ 10 հազար կտոր օճառ ու շամպուններ», — ասում է Շանթը:

Բիզնես սկսելու գործում Շանթին օգնել են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը: Նրանց մշակած ծրագրի շրջանակներում Շանթը ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար վարկ՝ 4 տոկոսով:

Շանթ Խայալյանը և ևս 110 ձեռնարկատերեր բիզնես ծրագրեր իրականացնելու համար օգտվել են սիրիահայերի համար նախատեսված ցածր վարկային ծրագրից:

Կառավարության և տարբեր կառույցների համաֆինանսավորմամբ՝ այսօր փոխհատուցվում են 400 սիրիահայերի ուսման ծախսերը, բացի այդ, զիջել են Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց ավտոմեքենաների մաքսային վճարները՝ ավելի քան 233 միլիոն դրամ (485,000 $):

Բնակարանային կարիքները հոգալու հարցում ևս սիրիահայերին տրամադրվում է աջակցություն:

«Մենք նրանց օգնում ենք տան վարձի փոխհատուցմամբ, կախված ընտանիքի անդամների քանակից՝ նրանք տարբեր փոխհատուցումներ են ստանում, սակայն մեր նպատակը նման կարճաժամկետ օգնությունները չեն», — ասում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:

«Մի լավ խոսք կա, ասում են՝ եթե ցանկանում ես մարդուն օգնել, ապա նրան տուր ձկան կարթ և սովորեցրու, թե ինչպես ձուկ որսա, ոչ թե տուր ձկան պահածո: Մենք հենց այդպես էլ արեցինք, մեր նպատակը ոչ թե ժամանակավոր օգնությունն էր, այլ անձին հիմնովին ոտքի կանգնեցնելը», — ասում Հայրապետյանը:

Անահիտ Հայրապետյանի կարծիքով՝ սիրիահայերը լավ գործարարներ են, ովքեր իրենց հետ բերել են նոր մշակույթ, որը միախառնելով հայաստանյան կոլորիտին՝ ստացել են նոր ու լավ բիզնես գաղափարներ:

Հոդվածը պատրաստվել է Հարավային Կովկասում FES տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել FES-ի տեսակետների հետ:

Related Articles

Քաղաքականությունը, կոռուպցիան և չարաշահումները հայաստանյան սուպերմարկետների «կ?
աշխատանք

Քաղաքականությունը, կոռուպցիան և չարաշահումները հայաստանյան սուպերմարկետների «կ?

V

Իշխանությունների և խոշոր սուպերմարկետների միջև եղած խավար սահմանները նշանակում են, որ վերջինների սեփականատերերն օգտվում են անպատժելիության որոշակի աստիճանից։ Այս ամենը բերում է աշխատողներին վախեցնելուն, ահաբեկելուն և նրանց անխնա շահագործմանը, ինչպես նաև նախընտրական և ընտրական խարդախությունների։ [Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English] [Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском] 28-ամյա Մարիամը (անունը փոխված է աղջկա խնդրանքով) աշխատում է սւպերմարկետների երևանյան ցանցերից

աշխատուժ

Երևանի առևտրականները բողոքում են «Ֆիրդուսի» շուկայից հարկադիր տարահանման դեմ

V

Հունիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պաշտոնապես ծանուցել են Ֆիրդուսի փողոցում գտնվող շուկայի առևտրականներին վերջինի տարածքում հունիսի 15-ից շինարարական աշխատանքներ սկսելու մասին։ Առևտրականներին առաջարկվել է ինքնաբուխ տաղավարներից ապրանքը տեղափոխել առևտրի այլ կետեր։ Սակայն առևտրականները դժգոհ են քաղաքապետարանի որոշումից և խնդրում են տեղափոխման համար տրամադրել կես տարի։ Ընթանում են բանակցություններ, սակայն՝ առայժմ ապարդյուն։ [Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English] [Հոդվ

Most Popular

Editor‘s Picks