Հայաստանի կառավարությունը ամեն տարի նվազեցնում է կրթության ոլորտին տրվող ֆինանսավորումը՝ բարձրագույն կրթական համակարգը կանգնեցնելով ճգնաժամի առջև։ Դրան զուգընթաց փորձագետները համարում են տագնապալից երկրում կրթական ոլորտի շարունակական քաղաքականացումը, արտագաղթը, ուսման բարձր վարձավճարները և կրթության ռազմավարության զարգացման բացակայությունը։
[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]
[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]
Կրթական քաղաքականացված համակարգը
«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանի կարծիքով բուհերը երկրում չեն զարգացնում ռեֆլեկտիվ մտածողություն և չունեն միջազգայնացմանն ուղղված արդյունավետ ծրագրեր։
«Հատկապես հասարակագիտական առարկանները շատ միակողմանի են մատուցվում, քննադատական դպրոցը գրեթե ներկայացված չէ։ Սակայն գլխավոր խնդիրը ակադեմիական ազատության բացակայությունն է, բուհի օգտագործումը՝ որպես հպատակեցման և պրոպագանդման գործիք», — ասում է նա։
«Հանրային քաղաքականության ինստիտուտ», — ի տնօրեն Արևիկ Անափիոսյանը ընդգծում է, որ երկրում բացակայում է կրթության զարգացման ռազմավարությունը։ Նա համամիտ է այն տեսակետի հետ, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները քաղաքականացված են։
«Այսօր բոլոր խոշոր բուհերի խորհուրդների նախագահները բարձրաստիճան պաշտոնյաններն են։ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը երկրի նախագահն է։ Բուհերի քաղաքականացման հետևանքով այսօր բուհերում չկա ազատ քննարկում, չի ձևավորվում դիսկուրս տարբեր խնդիրների շուրջ», — ասում է նա։
Շուկա և առաջարկ
Ըստ Երևանի պետական համալսարանի դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ խնդիրը կապված է նաև արտագաղթի հետ։ Նա նշում է, որ վերջին տարիներին Հայաստանից գնացել է 18 հազար աշակերտ, ինչը չէր կարող չազդել դիմորդների թվի վրա։
Սերոբյանի դիտարկմամբ դիմորդներից շատերը նախընտրում են Երևանում գործող Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարանները, որտեղ ավելի որակյալ կրթություն են ստանում, շատերն էլ ավարտելով միջազգային ծրագրեր իրականացնող դպրոցները, միանգամից հնարավորություն են ունենում ընդունվելու աշխարհի լավագույն համալսարանները։
Ոլորտի փորձագետները մատնանշում են բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության պակասի գլխավոր պատճառներից մեկը. բուհերը մասնագետներ են պատրաստում առանց հաշվի առնելու շուկայի պահանջարկը, ինչն էլ հետագայում բերում է նրան, որ բուհն ավարտած շրջանավարտը աշխատանք չի կարողանում գտնել։
Ֆրանսերենի մասնագետ, ֆրանսերեն-հայերեն իրավաբանական բառարանի հեղինակ Իզաբելլա Աբգարյանը, ով երեք տարի դասավանդել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, նշում է, որ երկրում կրթությունը և շուկայի պահանջները իրար չեն համապատասխանում։
«Թևավոր խոսք է դարձել. բոլոր տաքսիստները երկու բարձրագույն կրթություն ունեն։ Այսինքն անձը ունենում է բարձրագույն կրթություն, բայց միևնույնն է չի կարողանում գտնել աշխատատեղ, դա էլ է արժեզրկում բուհին։ Վճարում են հսկայական ուսման վարձերը, իսկ հետո անցնում աշխատանքի սպասարկման ոլորտում», — ասում է Աբգարյանը։
«Հանրային քաղաքականության ինստիտուտ», — ի տնօրեն Արևիկ Անափիոսյանը նկատում է, որ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում գոյություն ունի անհավասարակշռություն, ինչպես օրինակ՝ ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում չկան թափուր տեղեր, մինչդեռ այլ մասնագիտությունների գծով շատ թափուր տեղեր կան։
«Բուհերը այսօր խնդիր են լուծում իրենց ֆինանսապես ապահովելու և դրա համար վճարովի տեղեր են ավելացնում ՝ հույս ունենալով, որ այդ տեղերը լրացնելու հաշվին կկարողանան հավաքագրված վարձավճարներով ապահովել նաև մյուս մասնագիտությունները։ Տեսեք՝ միջազգային ֆակուլտետում ազատ տեղ չկա և դրա հաշվին պահում են ֆիզիկայի ֆակուլտետը», — ասում է Անափիոսյանը։
Ուսման բարձր վարձավճարները
Բարձրագույն կրթության գները ևս մեծ խնդիր են։ Հայաստանում ամենամատչելի բարձրագույն կրթությունը Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում է։ Այստեղ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետներում կարելի է կրթություն ստանալ տարեկան 260 հազար դրամի դիմաց (ԱՄՆ 480 դոլլար)։ Ամենաթանկ վարձավճարը՝ Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետինն է՝ տարեկան մեկ միլիոն դրամ (ԱՄՆ 2000 դոլլար)։
Մինչդեռ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ երկրում միջին աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ (ԱՄՆ 114 դոլլար), իսկ սպառողական միջին զամբյուղի արժեքը ըստ 2017 թվականի առաջին եռամսյակի կազմում է 56. 919 հազար դրամ (ԱՄՆ 118 դոլլար)։ Այս ամենին զուգահեռ դեռևս 2013 թվականին հայստանյան 11 բուհերում վարձավճարները թանկացրին ավելի քան 50 տոկոսով։
22-ամյա Արամ Պետրոսյանը, ով սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, բանակից զորացրվելուց հետո որոշում է կիսատ թողնել բուհը ու անցնել աշխատանքի։
«Հիմա ես աշխատում եմ Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, որպես մատուցող, ու վատ էլ չեմ վաստակում՝ 250 հազար դրամ, ինչից ես ավելի գոհ եմ», — պատմում է Արամ Պետրոսյանը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակութաբանության բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Նարինե Մարկոսյանն էլ նշում է, որ նպատակ ունի արտասահմանում մագիստրոսի կոչում ստանալ և մնալ այնտեղ, քանի որ հայաստանյան շուկայում իր մասնագիտության կարիքը չկա։
«Մեզ հիմնականում առաջարկում են աշխատել թանգարաններում, բայց իմ երազանքն է մշակութային մարդաբան աշխատելը հետագայում, ինչի հնարավորությունը չի տալիս տեղի շուկան, քանի որ չունի նման մասնագետի կարիք», — պատմում է Նարինեն։
Ժողովրդագրության խոչնդոտը
Բարձրագույն կրթության ոլորտում խնդիրները այս տարի էլ ավելի սրվեցին, որի պատճառը դեռևս 2016 թվականին կառավարության իրականացրած կրթության բարեփոխումներն էին։ ՀՀ կառավարությունը գնալով ռեֆորմների, որոշում էր կայացրել անցնել 12-ամյա կրթության, միևնույն ժամանակ չփոխելով 11-ամյան։
2006 թ-ին 12-ամյա կրթության անցնելու կապակցությամբ դպրոց ընդունվեցին 2 առաջին դասարան՝ 7 և 6 տարեկանների, որոնք պետք է սովորեին 11 և 12 տարի։ Ծնողները կարող էին ընտրել 11-ամյա և 12-ամյա միջնակարգ կրթության միջեւ, մեծ մասը նախընտրել էր 11-ամյա կրթությունը։
Սա հանգեցրեց նրան, որ բուհերն այս և հաջորդ տարի իրենց դռները ավելի քիչ թվով ուսանողների առջև կբացեն, ինչն էլ պատճառ է դառնում «ժողովրդագրական խոչնդոտի»։
Ֆինանսավորման խնդիրները
Հայաստանում պետության կողմից համաֆինանսավորումը չափազանց քիչ է՝ ՀՆԱ-ի համամասնությամբ 2.5 տոկոսը։ Կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրով նախատեսվում էր տրամադրել ՀՆԱ-ի համամասնությամբ 4 տոկոսը, սակայն անգամ 2016-ի համար նախանշվեց ընդամենը 2.53 տոկոս։
Նոյմեբերի վեցին ՀՀ խորհրդարանում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, Ֆինանսների փոխնախարար և գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականին կրթության ոլորտին տրվող գումարները էլ ավելի կնվազեն։ Այսինքն, 2018-ին ՀՆԱ-ում կրթության ծախսերի բաժինը այս տարվա ցուցանիշից ավելի պակաս կլինի և 2, 4-ից կդառնա 2.2 տոկոս։
Այդուհանդերձ փոխնախարար Ջանջուղազյանը համոզված է, որ ծախսերի կրճատումը պետք է, որ ազդեցություն չունենա կրթության որակական ցուցանիշների վրա, քանի որ փոփոխությունները միտված են ծախսերի արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասում է, որ իրենց նույնպես մտահոգում է ՀՆԱ-ի մեջ ոլորտի մասնաբաժնի նվազումը։ Կարծում է, որ այն կարմիր գիծը, որից ներքև իջնել չի կարելի, ՀՆԱ-ի 2 տոկոսն է։
«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը նշում է. հաջորդ 3 տարվա համար կառավարությունը ծրագրում է ՀՆԱ մասնաբաժնում կրթության բաժինը տոկոս առ տոկոս իջեցնել, ընդ որում՝ 2.34 %-ից այն հասնելու է 1.85%-ի։ Ըստ նրա կառավարությունը կրթությանն ուղղված գումարները համարում է «խանգարող ծախս»։
Դիմորդների թվաքանակի կրճատման հետևանքները իրենց մաշկի վրա են զգում դասախոսներից շատերը։ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ իր ծանրաբեռնվածությունը ԵՊՀ-ում պակասել է 0,25 դրույքով։
«Հաջորդ տարի շատ ավելի ծանր է լինելու իրավիճակը, լինելու է ծանրաբեռնվածությունների նվազում, ոմանք նաև կորցնելու են աշխատանք։ Բուհական մանկավարժության վիճակը լուրջ խնդիրներ ունի։ Լավագույն մասնագետները բուհերից հեռանում են, գնում են ավելի բարձր վարձատրվող աշխատանքների, բուհերը չեն պահում այդ մարդկանց, նաև պետք է մարդկային կապիտալի մոբիլիզացիա անել, քանի որ Հայաստանում շատ չեն լավ մասնագետները,», — ասում է Խաչատրյանը։
Իզաբելլա Աբգարյանին այս տարի հեռացրել են բուհից, պատճաբանելով որ պակաս զբաղվածություն ունեցող դասախոսներին կրճատում են։ Նա աշխատել է բուհում 0,25 դրույքով։
Հոդվածը պատրաստվել է Հարավային Կովկասում FES տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել FES-ի տեսակետների հետ։