fbpx

Ընդլայնված անվտանգություն. հայ նորաբնակները Լեռնային Ղարաբաղում

Քարվաճառ, Շահումյան թաղամաս, Լեռնային Ղարաբաղ (Արմինե Ավետիսյան /OC Media)

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հույս ունեն ավելի շատ մարդկանց խթանել՝ Լեռնային Ղարաբաղի նոսր բնակավայրերում բնակություն հաստատելու, տնտեսական աճը խրախուսելու և անվտանգության զգացումն ամրապնդելու համար։ Սակայն Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը ստվեր է գցում այս ծրագրերի վրա։

Երևանում ապրող Լևոնն արդեն մեկ տարի է, ինչ մտածում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին։ Նա 24 տարեկան է, սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Մասնագիտությամբ լինելով հաղորդակցման ինժեներ, սովորելու հետ մեկտեղ աշխատում է մասնավոր ընկերությունում։

«Սովորելուն զուգահեռ ես միշտ աշխատել եմ, իմ ոլորտում բավականին լավ պատրաստված մասնագետ եմ։ Բավական գումար եմ վաստակում, սակայն որոշել եմ մեկ տարվա ընթացքում տեղափոխվել Ղարաբաղ։ Ներկայումս սովորում եմ մագիստրատուրայում։ Եթե դասերս չլինեին, ես հենց հիմա էլ այնտեղ կգնայի», — ասում է Լևոնը։

Երբ Լևոնի հարազատներն իմացել են Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու նրա մտադրության մասին և հասկացել, որ դա լոկ քմահաճություն չէ, նրանք փորձել են համոզել նրան՝ փոխել իր միտքը։ Սակայն Լևոնը անսասան է մնացել իր որոշման մեջ։

«Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղում վտանգավոր է, և այնտեղ հնչում են կրակոցներ։ Ես բացատրում եմ բոլորին, յուրաքանչյուրին անհատապես, որ վտանգն ինձ հետ կարող է պատահել աշխարհի ցանկացած կետում։ Ճակատագրից չես կարող փախչել, և ես զգում եմ, որ իմ ապագան այնտեղ է»։

Լևոնն արդեն պլանավորել է, թե որտեղ է ապրելու՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում։ Մի քանի տարի առաջ, այցելելով քաղաքը և սիրահարվելով բնությանը, սկսեց մտածել այնտեղ մշտապես տեղափոխվելու մասին։ Նա երազում է փոքրիկ համայնքային խումբ ստեղծել, որտեղ տեղի երեխաներին մասնավոր դասեր կտա հաղորդակցության և ինժեներության վերաբերյալ։ Ասում է, որ դասերը անվճար կլինեն։ Համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կաջակցի իր ծրագրին և ազատ տարածք կտրամադրի դասերի համար։

Պատերազմի ժառանգությունը

Քարվաճառը Լեռնային Ղարաբաղի արևմուտքում գտնվող բազմաթիվ բնակավայրերից մեկն է, որ կորցրեց իր բնակչության մեծ մասը 1991–1994 թթ. պատերազմում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է ընդամենը 500 բնակիչ. այն 1989 թ. մարդահամարից հետո, որի ընթացքում արձանագրվել էր 7,250 բնակիչ, զգալիորեն նվազել է։ Պատերազմից առաջ քաղաքը բնակեցված էր էթնիկ ադրբեջանական մեծամասնությամբ։

Advertisements

Այսօրվա Լեռնային Ղարաբաղը (որը հայտնի է նաև որպես Արցախ) կազմում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը (ձևավորված խորհրդային ժամանակաշրջանում, Ադրբեջանի նախկին ԽՍՀ տարածքում), ամուր էթնիկ հայ մեծամասնությամբ և նախկինում գերակշռող Ադրբեջանի բնակչությամբ բնակեցված հարակից տարածքներով, որոնք Ադրբեջանում հայտնի են որպես «Ադրբեջանի յոթ բռնազավթված շրջաններ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ»։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պնդում են, որ տարածքները, որտեղ գտնվում է Քարվաճառը, ծառայում են որպես հանրապետության բուֆերային գոտի և Հայաստանին կապող կենսական օղակ։

Պատերազմի ժառանգության օրինակներից մեկն այն է, որ ներկայումս դրանք ժամանակակից մոնոէթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղի առավել նոսր բնակեցված տարածքներն են։

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը այժմ փորձում է խթանել արտագաղթը դեպի արևմտյան Լեռնային Ղարաբաղի Շահումյանի և Քաշաթաղի մարզեր, որի տարածքը մեծամասամբ գտնվում է հակամարտության գոտուց հեռու։

Շահումյանն ու Քաշաթաղը սպասում են նորաբնակներին

1993 թվականից ի վեր, բոլոր նրանք, ովքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ, հասցրել են օգտվել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից տրամադրած վերաբնակեցման փաթեթից, որն առաջարկում է մի շարք արտոնություններ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են տեղափոխվել այդ տարածք։ Ամեն տարի սխեման թարմացվում է, իսկ արտոնությունների ցանկը՝ աճում և բարելավվում։

«Մենք հողագործության և անասնապահության համար [ֆինանսական] խթաններ տրամադրում ենք նրանց, ովքեր տեղափոխվում են արևմտյան Ղարաբաղ», — բացատրում է Էլինա Մխիթարյանը՝ Լեռնային Ղարաբաղի Տարածքային կառավարման և վերաբնակեցման ու միգրացիայի վարչությունից,- «Նրանց տեղափոխման ծախսերը նույնպես վճարվում են, տարբեր կարիքներ հոգալու համար կան ֆինանսական հատկացումներ»։

Պետության կողմից ֆինանսավորվող այս սխեմայի համաձայն՝ վերաբնակեցված ընտանիքները կարող են նաև որոշակի աջակցություն ստանալ փոքր բիզնեսի ստեղծման հարցում։

«Բացի այդ, յուրաքանչյուր վերաբնակեցված ընտանիքի հատկացվում է տուն՝ տասը տարվա վարձակալությամբ, որոշակի պարտավորությունների կատարման դիմաց», — ավելացնում է Մխիթարյանը, — «Վերաբնակեցված ընտանիքի յուրաքանչյուր անդամի մշտական հիմունքներով հատկացվում է 6000 քառակուսի մետր հողատարածք։ Վերաբնակեցված ընտանիքը նաև ազատվում է կոմունալ հարկերի վճարումից՝ հինգ տարի ժամկետով»։

«Մեր նպատակն է խթանել տնտեսությունը և, հնարավորության սահմաններում, նորմալ կենսապայմաններ ստեղծել վերաբնակեցված ընտանիքների համար։ Մենք ուզում ենք, որ Ղարաբաղի բնակիչները ապահով զգան և ապրեն անվտանգ ու արժանապատիվ պայմաններում», — ասում է Մխիթարյանը։

Ըստ նրա, կառավարությունն արդեն որոշակի հաջողություններ է գրանցել այս առումով։ Նա մեջբերում է Ավստրալիա տեղափոխվելուց առաջ որոշ ժամանակ Լեռնային Ղարաբաղում ապրած մեկ սիրիահայ ընտանիքի օրինակ։ Որոշ ժամանակ անց նրանք որոշել են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և այժմ մշտապես բնակություն են հաստատել Քաշաթաղի շրջանում։

«Մենք գոհ ենք այն փաստից, որ Քաշաթաղում ապրում են արդեն 76 սիրիահայեր։ Համոզված ենք, որ նրանց թիվը կաճի։ Ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվել վերաբնակեցման սխեմայից՝ լինեն դա պատերազմի հետևանքով Ղարաբաղը թողած մարդիկ, Հայաստանի բնակիչները կամ այն [էթնիկ հայերը], ովքեր որոշել են տեղափոխվել այստեղ այլ երկրից», — նշում է Մխիթարյանը։

«Մենք չենք վախենում պատերազմից»

28-ամյա Լիլիթ Տոնոյանի ծնողները Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել ՀՀ Արմավիրի մարզից՝ 20 տարի առաջ։ Նրանք այժմ ապրում են Քաշաթաղի շրջանի՝ 100 բնակիչ ունեցող Գողթանիկ գյուղում։

«Ծնողներս ուսուցիչներ են։ 1998 թվականին նրանք տեղափոխվեցին այստեղ՝ դասավանդելու, ուստի մենք մնացինք։ Այդ ժամանակ իշխանությունները մեզ տուն տրամադրեցին։ Այս ամբողջ ընթացքում մենք կարողացել ենք օգտվել սոցիալական աջակցության ծրագրի բազմաթիվ արտոնություններից՝ էլեկտրաէներգիայի ծախսը մասնակիորեն սուբսիդավորվում է, իսկ ջուրն ամբողջությամբ անվճար է։ Ցավոք, գյուղում դեռևս չկա գազի միացում», — պատմում է Լիլիթը OC Media-ին։

Լիլիթը ներկայումս դասավանդում է Գողթանիկի դպրոցում։ Նա մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է։ Դասավանդման հետ մեկտեղ, վերջին կես տարում Լիլիթը նաև օրգանական օճառներ է արտադրում։ Օճառի վաճառքից ստացված եկամուտներով նախատեսում է իր աշակերտների համար գյուղում ստեղծել երիտասարդական կենտրոն։

Լիլիթն իր ապագան տեսնում է Լեռնային Ղարաբաղում։ Նույնիսկ 2016թ.-ի բռնի էսկալացիան չի կարողացել ստիպել նրան՝ մտածել հեռանալու մասին։

«Ապրիլյան (2016թ.) պատերազմի ժամանակ ես մեկ վայրկյան անգամ չեմ մտածել հայրենիքից հեռանալու մասին։ Կյանքն այստեղ սովորականի պես ընթանում էր։ Ես գնում էի իմ դասերին, անում էի իմ աշխատանքը, և բոլորը նույնն էին անում։ Մենք այստեղ չենք վախենում պատերազմից», — ասում է նա։

Սիրիայից՝ Լեռնային Ղարաբաղ

«Արդեն 4 տարի է, ինչ ապրում եմ Երևանում։ Եկել եմ Հալեպից, ամեն ինչ թողնելով այնտեղ՝ իմ տունը, իմ գործը։ Չրերի արտադրությամբ էի զբաղվում։ Պատերազմը ոչնչացրեց այն ամենը, ինչ ստեղծել էի տարիների ընթացքում։ Այստեղ ամեն ինչ սկսեցի զրոյից. ապրում ենք վարձակալած բնակարանում։ Իրատեսական չեմ համարում տուն գնել այս պահին, քանի որ դրա համար չունենք բավարար գումար», — ասում է 45-ամյա էթնիկ հայ Տիգրանը, ով կնոջ և դստեր հետ փախել է Սիրիայի պատերազմից։

Սիրիայում սկսված պատերազմից ի վեր, ավելի քան 17.000 սիրիահայ փախստականներ են բնակություն հաստատել Հայաստանում։ Նրանցից ոմանց համար Լեռնային Ղարաբաղում նոր կյանք սկսելու գաղափարը գրավիչ հեռանկար է։

Տիգրանը Երևանում աշխատում է որպես տաքսու վարորդ։ Նա լիովին ինտեգրվել է հայաստանյան կյանքին և ակտիվորեն հետևում է երկրի քաղաքական գործերին։ Իր օրը սկսում է ռադիոյով լուրեր լսելով։ Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման սխեմայի մասին լսել էր լուրերի հեռարձակմամբ, այժմ մտածում է այնտեղ տեղափոխվելու մասին։ Ասում է, այնտեղ ավելի հեշտ կլինի ապրել, քան Երևանում։

«Երևանում մեզ [որպես փախստականների] տրամադրվում է պետական օգնություն, ստանում ենք աջակցություն, սակայն Ղարաբաղում վերաբնակեցման հեռանկարը մեզ ավելի գրավիչ է թվում։ Ուզում եմ գնալ այնտեղ, հող վերցնել և մշակել այն, ապա կամաց -կամաց վերադառնալ իմ նախորդ աշխատանքին։ Փորձում եմ համոզել կնոջս, բայց նա դեռ վախենում է պատերազմից։ Նա ասում է. «Իսկ եթե գնանք, և իրավիճակը սրվի, ի՞նչ ենք անելու։ Նորից փախչելո՞ւ ենք»։

«Ընդլայնված անվտանգություն»

Ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (1999–2007), այնպես էլ՝ Հայաստանում (2008–2016) պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը վերաբնակեցման ծրագիրը դիտարկում է որպես Լեռնային Ղարաբաղի պաշտպանության կարևոր մաս։

«Ղարաբաղի վերաբնակեցումը շատ կարևոր է։ Մինչ օրս բազմաթիվ խոշոր նախագծեր արդեն իրականացվել են, բայց ես կարծում եմ, որ լիակատար հաջողված արդյունքի համար մենք (Լեռնային Ղարաբաղում) Հայաստանի կառավարության և Սփյուռքի աջակցության կարիքն ունենք», — OC Media-ին տված հարցազրույցում նշում է Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի, վերաբնակեցման սխեման պաշտպանական տեսանկյունից կխթանի Լեռնային Ղարաբաղի սահմանների անվտանգությունը Ադրբեջանի հետ, քանի որ ճակատային գիծը պահող զինվորներն իրենց մեջքի հետևում կունենան բնակեցված բնակավայրեր՝ նրանց աջակցություն տրամադրելու համար, դատարկ գյուղերի փոխարեն։

Օհանյանը մեծ դեր է խաղացել 2000-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական սահմանները ամրապնդելու նախագծում, ինչը հնարավորություն էր տալիս ավելի մեծ հզորությամբ ետ մղել Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումները։ Նրա խոսքերով, հաջորդ քայլը անվտանգության ամրապնդման գործում՝ պատերազմից հետո դատարկված հողերը բնակեցնելն է։

Պատերազմի հետևանքը

Հիմնական խոչընդոտն այն է, որ վերաբնակեցման քաղաքականությունը կարող է ազդել ադրբեջանցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց նախկին տների հնարավոր վերադարձի վրա, ինչը դեռևս հնարավոր է ընթացիկ սառեցված խաղաղ գործընթացում։

Լեռնային Ղարաբաղի կրթության նախարարության անկախ հետազոտող և առաջատար մասնագետ Ալվարդ Սարգսյանը, OC Media-ին ասել է, որ «ոչ մի խաղաղ գործընթաց» չի տուժել վերաբնակեցումից, քանի որ հրադադարի խախտումները ամեն օր տեղի են ունենում և բանակցությունները սառեցված են։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը «անշրջելի է», և իշխանությունների համար հիմքեր չկան՝ մարդկանց չվերաբնակեցնելու «մեր պատմական բերրի հողերում»։

«Ղարաբաղյան պատմական հողերը, որոնք ավելի քան 70 տարի մեկուսացված էին, ազատագրվեցին։ Այս հողերը հարուստ են ջրով և հարմար՝ գյուղատնտեսության համար։ Այսպիսով, ազատագրված տարածքներում փախստականների վերաբնակեցման համար մշակվել է պետական քաղաքականություն։ […] Ներկայումս սկսվել է ներգաղթի նոր փուլ, որը հիմնականում կապված է Հայաստանում հեղափոխության հետ», — նշեց Սարգսյանը OC Media-ի հետ զրույցում։

Բաքվի հումանիտար հետազոտությունների հասարակական միության խաղաղության և հակամարտության հետազոտման նախկին ղեկավար Բախտիյար Ասլանովի խոսքերով, խաղաղ բնակչության բնակեցումը ճակատային գծի երկու կողմերի ցանկացած հակամարտության գոտում, խախտում է նրանց անվտանգությունը և իրենից ներկայացնում է մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտում։

Բացի դրանից, նա նշել է, որ խաղաղ բանակցությունների օրակարգում գտնվող տարածքներում մարդկանց վերաբնակեցումը կարող է ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և հանգեցնել խաղաղ կյանքի խախտման։

«Հայկական կողմի նման լայնածավալ գործողությունները ստիպում են Ադրբեջանին անհանգստանալ և կարող են բացասաբար անդրադառնալ խաղաղ բանակցությունների վրա։ Ադրբեջանը կարող է օգտագործել տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ուժի կիրառում, կանխելու նման ծրագրերի իրականացումը»,- ասաց Ասլանովը։

Նա նաև նշեց, որ եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, և բոլոր ներքին տեղահանված անձինք (ՆՏԱ) ու փախստականները վերադառնան Լեռնային Ղարաբաղի իրենց տները, ապա հայ վերաբնակիչներով բնակեցված տարածքներում կառաջանան սեփականության համար վեճեր։

«Սեփականության իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր կլինեն, որոնք կարող են հանգեցնել համայնքների միջև նոր բախումների կամ հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունների», — ասաց Ասլանովը։

«Խաղաղության երկխոսություն» հայկական խաղաղասիրական խմբի ղեկավար Էդգար Խաչատրյանը համաձայն է, որ վերաբնակեցումը «չի կարող դրական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա»։

«Այս գործողությունները խոսում են այն մասին, որ հայկական կողմը մտադիր չէ տարածքային զիջումներ անել առաջիկայում», — ասաց Խաչատրյանը։

Նա ասում է, որ «Արցախի դե ֆակտո իշխանությունների կողմից իրականացվող Արցախի վերաբնակեցումը» նախևառաջ պայմանավորված էր անվտանգության խնդիրներով, ինչի մասին «պաշտոնյաները բազմիցս խոսել են»։

Սա, ըստ նրա, «կողմերի փոխադարձ վստահության բացակայության անմիջական հետևանքն է»։

«Այսինքն, կարծում եմ, որ վերաբնակեցման նման ծրագրերը անիմաստ կլինեին, եթե չլինեին պաշտոնական Բաքվի կողմից շարունակաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները և պատերազմի վերսկսման անընդհատ աճող սպառնալիքը»։

Սույն հոդվածում կիրառվող բոլոր տեղանունները և տերմինաբանությունը ընտրվում են միայն հեղինակի կողմից և կարող են նաև չհամընկնել OC Media-ի խմբագրական խորհրդի տեսակետների հետ։ Հեղինակը շնորհակալություն է հայտնում խմբագրական թիմին ՝զեկույցի ներդրման համար։