Media logo
հայաստան

Հայաստանի սեզոնային երեխաները

Հայաստանի սեզոնային երեխաները
Արմինե (Արմինե Ավետիսյան/ OC Media)

Հաշվի առնելով Հայաստանում աշխատանքային միգրացիայի աճի բարձր տեմպերը՝ աշխատող տարիքի տղամարդիկ շատ գյուղերում հազվագյուտ տեսակ են դարձել։ Նրանց կանայք սովորել են ամուսիններին տեսնել տարին մեկ անգամ։ Այս գյուղերում երեխաներին միայնակ մեծացնելը դարձել է ոչ միայն անհրաժեշտություն, այլև կյանքի փաստ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի մշտական բնակչությունը վերջին 2,5 տարիների ընթացքում նվազել է 30,7 հազարով՝ 2017 թ. հուլիսին կազմելով 3 միլիոնից պակաս մարդ։ Միգրացիոն գործընթացներում առավել ներգրավված են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերը։ Առավել շատ մեկնում են Շիրակի մարզից։ Գրեթե յուրաքանչյուր գյուղում կան տղամարդիկ, ովքեր աշխատում են արտերկրում։ Նրանք տուն վերադառնում են դեկտեմբերին և մեկնում հունվարին։

Առանց տղամարդ գյուղը

Շիրակի մարզի Ձիթանքով գյուղը Երևանից 105 կմ հեռավարության վրա է գտնվում։ Գյուղն աչքի է ընկնում իր ցուրտ կլիմայով և տղամարդկանց բացակայությամբ։ Տեղի տղամարդիկ, չափահաս դառնալուն պես, մեկնում են արտագնա աշխատանքի՝ յուրաքանչյուր տարի այնտեղ մնալով մոտ 11 ամիս։

«Խաբարովսկ, Կեմերովո, Նովոսիբիրսկ, Յակուտիա՝ 7–8 տարի, վերջին տասը տարին էլ Մոսկվա», — Ձիթանքովի բնակիչ, 58 ամյա Միսակ Մանուկյանը թվարկում է այն քաղաքները, որտեղ աշխատել և ապրել է երեք տասնամյակ։

«Առաջին անգամ արտագնա աշխատանքի մեկնեցի 21 տարեկանում (Հայկական ԽՍՀ-ից դուրս)։ Գնացի հունվարի կեսին ՝ ինչպես ընդունված է արտերկրում աշխատողների մոտ, և վերադարձա դեկտեմբերի կեսին ՝ ընտանիքիս հետ նոր տարին դիմավորելու համար։ Այդ օրից սկսած ապրել եմ խոպանչու (ժամանակակից ժարգոնային բառ, որով բնութագրում են այլ երկրներում աշխատանքի մեկնողներին) գրաֆիկով։ Մեր գյուղում չկա մի ընտանիք, որի տղամարդը արտերկրում չլինի։ Մեր կյանքում մենք ամեն ինչ հարմարեցնում ենք արտագնա աշխատանքի հետ», — OC Media-յի հետ զրույցում նշել է Միսակ Մանուկյանը։

Ձիթանքովում ապրում է 400 ընտանիք։ Առանց բացառության՝ յուրաքանչյուր տան տղամարդ աշխատում է ատերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում։

Ձմեռային հարսանիքները

Այն, որ հայերի համար նախընտրելի աշխատանքային ուղղությունը Ռուսաստանն է, փաստում է նաև վիճակագրությունը։ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանից մեկնած միգրանտների գերակշռող մասը՝ մոտ 56%-ը, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստանին տարեկան փոխանցվող 41,6 մլն դոլարի ավելի քան 80%-ը փոխանցվում է Ռուսաստանից։

Տղաները առաջին անգամ ՌԴ մեկնում են, երբ լրանում է նրանց 15–16 տարին, վերադառնում են 18 տարեկանում՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու, և երբ զորացրվում են, կրկին մեկնում են։

«Արտագնա աշխատանքի պատճառով մեր գյուղում մի սովորույթ է ձևավորվել, որի համաձայն՝ մենք մեր հարսանիքները անում ենք բացառապես նոյեմբերին, դեկտեմբերին կամ հունվարին. կախված է աշխատանքային պլաններից։ Տղան ընտրում է հարսնացուին, երբ հունվարին գալիս է հայրենիք, կամ էլ ծանոթանում է աղջկա հետ որևէ մեկի խորհրդով, հետո շփվում են հեռվից-հեռու, դե, հազար շփման տարբերակ կա մեր օրերում, հետո թե հարսանիք են պլանավորում, տղան տուն է գալիս իր հետ մեկնած խմբից մի քիչ շուտ, որ հասցնի պսակվի ու հետ գնա։ Իմ տղայի հարսանիքը, օրինակ, նոյեմբերի 8-ին արեցինք», — ասում է Միսակ Մանուկյանը։

Միսակը, Միսակի տղան ու տղայի կնոջ հայրը աշխատել են միասին, միասին էլ որոշել են հարսանիքի օրը և տնեցիներին տեղյակ պահել, որ գալիս են, արագ հարսանիքն անեն ու վերադառնան։

«Ես կատակում էի, ասում էի՝ թե տղաս չհասցնի գործերը արագ ավարտի, ես գնալու եմ Հայաստան ու առանց փեսա հարսանիք եմ անելու։ Բայց հասցրեց, կարգին ուրախացանք հարսանքի ժամանակ», — հիշում է Միսակը։

Միսակի տղան խոպանչու մեկ այլ չգրված օրենք էլ է պահել. մինչ հերթական արտագնա աշխատանքի մեկնելը կինը արդեն հղի էր։

«Թոռնիկս ծնվել է օգոստոսին։ Տեսեք, եթե հարսանիքներi ամիսը աշնան վերջ – ձմռան սկզիբն է, ապա ամռան վերջին ու աշնան սկզբին էլ գյուղում ծնունդ ընդունելու շրջանն է։ Գյուղի հարսները հենց այդ ժամանակահատվածում են ծննդաբերում։ Դե հարսանիքից 9 ամիս անց», — ասում է Միսակը։

Միսակ Մանուկյան (Արմինե Ավետիսյան/ OC Media)

Սեզոնային երեխաները

«Մենք ամուսնացել ենք 2016 թվականի հունվարին՝ ըստ մեր խոպանչիների ժամանակացույցի, — ասում է 22 ամյա Արմինե Փինոյանը, — ամուսնուս հետ ապրել ենք 5 ամիս։ Ես հղի էի, նա գնաց արտագնա աշխատանքի»։

Արմինեի պատմությունը նման է Ձիթանքովի գրեթե բոլոր հարսների պատմությանը։

Հարսանիքը շքեղ է եղել՝ արտագնա աշխատանքից բերած փողերի հաշվին։ Ամուսնու հետ մի հարկի տակ ապրել են հաշված օրեր, որի ընթացքում հասցրել է զգալ ընտանիքի քաղցրությունը, հղիացել է, ապա ստիպված է եղել ամուսնուն խոպան ճանապարհել ու առանց ամուսին զգալ ծնող դառնալու բերկրանքը։

«Զույգ տղա ունեցա 11 ամիս առաջ։ 2016 թվականի նոյմբերին ծնվեցին հրաշքներս՝ Գագիկն ու Գարիկը։ Ամուսինս ժամանակ չունեցավ, որ Հայաստան գա», — ասում է Արմինեն ու հավելում՝ քանի որ ամուսինը իր կողքին մնացել է նախատեսվածից երկար ու արտագնա աշխատանքի մեկնել ոչ թե հունվարին՝ հարսանիքից անմիջապես հետո, ինչպես ընդունված է գյուղում, այլ մայիսին, այդ իսկ պատճառով էլ չի կարողացել 2016 թվականի դեկտեմբերին գալ։

«Խոստացավ, որ 2018 թվականը միասին կդիմավորենք», — ասում է Արմինեն։

Արմինեի տունը աչքի է ընկնում իր շքեղությամբ ու լավ կահավորմամբ։ Ասում է արտերկրում նախ աշխատել է սկեսրայրը, հիմա էլ՝ ամուսինն ու տեգրը։ Տղամարդկանցից յուրաքանչյուրը ամսական վաստակում է մոտ 1000 դոլար, որի մեծ մասն էլ ուղարկվում է Հայաստան։ Արմինեի սկեսուրը լավ է հետևում տանը, լավ է պահում հարսին ու թոռներին։

«Մենք շատ լավ ենք ապրում, դեռ չեմ մտածում երկրից գնալու մասին։ Երեխաներս էլ փոքր են, այնտեղ տղամարդիկ ապրում են խմբերով՝ փոքր տներում, մնալու պայմանները այնքան էլ հարմար չեն, ավելի լավ է՝ իմ ամուսնուն ես իմ տանը սպասեմ», — ասում է Արմինեն։

Պլանավորված սերունդ

Արմինեի նման Հայաստանից հեռանալ չեն ցանկանում գյուղի շատ հարսներ։ Դեռ մանուկ հասակից տեսնելով իրենց մայրերի ու հարազատների ապրած կյանքը՝ նրանք համակերպվել են այն մտքին, որ եթե ամուսնանաn արտագնա աշխատանքի մեկնողի հետ, ապա երկար ժամանակ ապրելու են ամուսնուց բաժան և հանդիպելու են տոնից տոն։

Ձիթանքովն իր տեսակով միակը չէ Շիրակի մարզում։ Հարակից գրեթե բոլոր գյուղերում պատկերը նույնն է՝ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, գալիս տարին մեկ անգամ, ամուսնանում, որ առանց սերունդ չմնան, ու շտապում հետ՝ աշխատանքի։

«5 տարի առաջ դեկտեմբերին ամուսնացել ենք, սակայն երեխա ունենալ չենք կարող, սկզբում կարծում էի, որ կարճ ժամանակ ենք միասին անցկացնում ու չեմ հասցնում հղիանալ։ Որպեսզի որևէ հիվանդություն բացառենք՝ ես սկեսրոջս ուղեկցությամբ գնացի ստուգվելու, որտեղի բժիշկն ասաց, որ ես որևէ առողջական խնդիր չունեմ և կարող եմ մայրանալ։ Նախորդ տարի ամուսինս էլ գնաց անալիզներ հանձնեց ու պարզվեց, որ ինքը խնդիր ունի։ Հիմա պատրաստվում ենք արհեստական բեղմավորում անել, ես անցնում եմ համապատասխան ստուգումների փուլը, օրգանիզմս պատրաստում են բեղմավորմանը։ Դոնոր սերմնահեղուկով են անելու, բայց դա գիտենք միայն ես ու ամուսին», — ասում է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակչուհին՝ Կարինեն (անունը փոխված է)։

Կարինեն պատրաստվում է մայրանալ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ-հիվանդանոցում։ Հատուկ որոշել էին դեկտեմբերին գնալ այդ քայլին։

«Մեզ երեխա է պետք, բայց չենք ուզում, որ մարդիկ իմանան, որ այն արհեստական միջամտությամբ է արված։ Բեղմնավորումից մեկ ամիս անց պարզ կլինի՝ հղիացել եմ, թե ոչ։ Նա արդեն հունվարին կարող է մեկնել, ինչպես միշտ։ Ես էլ ինչպես բոլոր հարսները՝ ամուսնուս կճանապարհեմ, կմնամ սկեսրոջս կողքին ու կվայելեմ հղիությունս։ Ես ոչ մեկից վատը չեմ, ուզում եմ՝ ես էլ մայր դառնամ ու մայրանամ մեր գյուղի հարսների պես՝ ձմեռը հղի լինել, աշնանը ծննդաբերել», — կեսկատակ-կեսլուրջ ասում է Կարինեն, ում կարծիքով ընտանիքի ճիշտ մոդելը հենց դա է՝ արտերկրում աշխատող ամուսին և իր կողքին մեծացող փոքրիկ։

«Կիսված ընտանիքների» խնդրով, սակայն, մտահոգ է ՀՀ կառավարությունը։ Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի կառավարությունը մշակել է ժողովրդագրական վիճակի բարելավման 2016–2018 թթ. ազգային ծրագիր, որով ակնկալվում է հանրապետությունից միգրացիոն հոսքերի աստիճանական կրճատում։ Ծրագիրը ներառում է երիտասարդ ընտանիքների՝ մատչելի բնակարանի ձեռքբերման կետն ու պետության կողմից ֆինանսավորվող դայակի ծառայությունները։

[Ընթերցե՛ք OC Media-յում. Սևանի ավազանի գյուղերը՝ առանց տղամարդ]

Related Articles

Վարդանուշ Զաքարյանը և իր ամուսին Անդրե Անդրեյանը։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media
հայաստան

Ձայն | «Ես 17 տարեկան էի, երբ գնացի պատերազմ»

1941 թվական, Երկրորդ Համաշխարհային պատերազմին, 17 տարեկան հասակում Վարդանուշ Զաքարյանը զորակոչվել է Խորհրդային Բանակ։ Կարճ ժամանակ անց նրա ամուսինը ևս սահման է մեկնել։ Երկու տարի անց նրանք հանդիպում են, ու այդ պահից սկսած նրանց սերն ավելի է ամրապնդվում։ «Իմ կյանքը շատ դժվարությունների միջով է անցել։ Ես ծնվել եմ Թիֆլիսում, սկզբից զրկվել եմ հորից, հետո ապրել եմ Բաքվում մորս ու երկրորդ հորս մոտ: 12 տարեկան էի, մայրս մահացավ։ Անծնող մեծըցա, մեկը Բաքու է թաղված, մյուսը Թիֆլիս»։  «Հետո եկա Հայաստա

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media
գյումրի

Ձայն | «Իմ ձեռքերում զենքերը վերածվում են խաղաղասեր զարդերի»

Գյումրեցի արվեստագետ ու զարդագործ Արտակ Թադևոսյանը նոր կյանք է տալիս պարկուճներին։ Նա դրանք վերածում է զարդերի ու կարծում է, որ աշխարհում բոլոր զենքերը պետք է զարդեր դառնան։  «Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց տարիներ շարունակ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մանրածախ առևտրից մինչև արտագնա աշխատանքի մեկնել, որտեղ տների հարդարման աշխատանքներ եմ կատարել։ Սակայն որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք Գյումրի ու ընտանիք կազմել։ Այժմ ապրում եմ ծնողներիս, կնոջս ու երկու դուստրերիս հետ»։  «Երկար ժամանակ տ

Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը՝ Բեյրութի պայթյունից փրկված հայ կինը։ 
Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media
Լիբանան

Բեյրութից Երևան․ մի փրկության պատմություն

V

73-ամյա Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը մեկն է այն հայերից, ովքեր փրկվել են Բեյրութի պայթյունից։ Մինչև այսօր նրա ոտքերի մեջ ապակու բեկորներ կան։ Պայթյունից հետո Հայաստան վերադարձավ 1100 լիբանանահայ, որոնց թվում էր նաև տիկին Շողիկը։ 2 դուստրերի մայրը կյանքի 50 տարին անցկացրել է Լիբանանում՝ այդ ընթացքում հասցնելով անցնել քաղաքացիական պատերազմի բովով ու տեսնել շատ դժվարություններ։ Բայց տիկին Շողիկի համար օգոստոսի 4-ի պայթյունը նման չէր ոչ մեկին․ «Առաջին պայթյունի ժամանակ կորսված վիճակ էր։ Ամբողջ օդը ս

Երևանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն։ Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի։
ԱՌՈՂԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Ես շատ փոքր էի մայրանալու համար». դեռահասների հղիության դեպքերը Հայաստանում

V

Չնայած Հայաստանում դեռահասների հղիության տոկոսը նվազում է, սակայն այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Անցանկալի հղիության պատճառով դեռահասները կատարում են հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ առանց բժշկական հսկողության։ «15 տարեկան էի։ Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին։ Ընկերս ու ես ապրում էինք իրար համար», — OC Media-ին պատմում է Աննան (ոչ իրական անունը), ով այժմ 25 տարեկան է։ «Հետո հասկացա, որ հղի եմ։ Ընկերս 16 տարեկան էր, — հիշում է նա, — Մեր մտքով չէր անցնում պաշտպանվելը։ Պարզապես

Most Popular

Editor‘s Picks