Media logo
հայաստան

«Ես շատ փոքր էի մայրանալու համար». դեռահասների հղիության դեպքերը Հայաստանում

Երևանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն։ Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն։ Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի։

Չնայած Հայաստանում դեռահասների հղիության տոկոսը նվազում է, սակայն այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Անցանկալի հղիության պատճառով դեռահասները կատարում են հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ առանց բժշկական հսկողության։

«15 տարեկան էի։ Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին։ Ընկերս ու ես ապրում էինք իրար համար», — OC Media-ին պատմում է Աննան (ոչ իրական անունը), ով այժմ 25 տարեկան է։

«Հետո հասկացա, որ հղի եմ։ Ընկերս 16 տարեկան էր, — հիշում է նա, — Մեր մտքով չէր անցնում պաշտպանվելը։ Պարզապես երեխաներ էինք։ Իմ ամսեկանը մի շաբաթ ուշացավ։ Հարևանուհիս, ով սովորում էր բժշկական համալսարանում, գլխի էր ընկել, որ հղի եմ։ Նա ինձ համար հղիության թեստ էր գնել, որը և դրական ցույց տվեց։ Ավելի ուշ ես և իմ ընկերը գնեցինք ևս 10 թեստ։ Նրանք բոլորն էլ դրական էին»։ 

Աննայի փորձը արտասովոր չէ։ Չնայած վերջին տարիներին անչափահաս հղիությունների թիվը նվազել է՝ այն կիսով չափ կրճատվել է 2000-ից 2015 թվականներին, սակայն 15–19 տարեկան պատանիները դեռևս կազմում են երկրում բոլոր հղիությունների 4%-ը։ Դեռ ամենավատն այն է, որ հղի դեռահասները նաև բախվում են կոշտ սոցիալական խարանի, անգամ երբ նրանք բռնաբարության զոհ են։

«Կան երեխաներ, ովքեր փոխհամաձայնեցված սեռական հարաբերություն են ունենում և հղիանում են։ Կան երեխաներ էլ, ովքեր բռնության զոհ են», — OC Media-ի հետ զրույցում նշում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը։

«Երեխաները հաճախ վախենում են պատմել ծնողներին իրենց հղիության մասին, ուստի նրանք դա թաքցնում են»։ 

Աղաբեկյանի խոսքով՝ անչափահաս հղի կանանց 90%-ը ամուսնացած է։ Հայաստանի որոշ գյուղերում սովորական է, որ աղջիկները ամուսնանան դեռահաս տարիքում։ 

Այնուամենայնիվ, շատ անցանկալի հղիություններ տեղի են ունենում ամուսնությունից դուրս, ինչը պայմանավորված է ինչպես փոխադարձ համաձայնությամբ, այնպես էլ բռնաբարություններով։ Համապատասխան աջակցության ցանցերի բացակայությունը և սոցիալական խարանման վախը շատ պատանիների դրդում են ինքնուրույն դեղորայքային աբորտի՝ առանց պատշաճ բժշկական հսկողության, երբեմն էլ՝ ծանր հետևանքներով։

«Այնքան արյուն էի կորցրել»

Զարգացող հղիությունը սարսափեցրել էր Աննային և իր ընկերոջը։ Հարևանուհին օգնել էր նրան ձեռք բերել աբորտ կատարելու դեղահաբեր։

«Մենք չգնացինք բժշկի։ Սարսափում էի այն մտքից, որ իմ ընտանիքը կամ ծանոթները կբացահայտեն։ Հատուկ դեղահաբեր խմեցի, որոնք նախատեսված են հղիության արհեստական ընդհատման համար։ Այդ օրը այնքան արյուն կորցրեցի, որ մտածեցի՝ իմ մեջ մեկ կաթիլ արյուն չի մնա։ Ընկերուհիս մնաց ինձ հետ, բայց չգիտեի, թե որտեղ է ընկերս։ Մեկ շաբաթ անց նա եկավ ինձ տեսնելու և ասաց, որ պետք է բաժանվենք»։

Աննան արդեն երեք տարի է ամուսնացած է և այժմ ցանկանում է երեխա ունենալ, բայց հաբերը խիստ ազդել են նրա վերարտադրողական համակարգի վրա։

«Այդ հաբերը քայքայեցին իմ օրգանիզմը։ Պտղաբերության բուժման դժվարին փուլ եմ անցնում։ Սարսափում եմ մայր դառնալ չկարողանալու մտքից»։

Մանկաբարձ և գինեկոլոգ Տաթև Դավթյանը OC Media-ի հետ զրույցում նշում է, որ հայ կանայք պետք է գիտակցեն ինքնուրույն դեղորայքային աբորտի վտանգների մասին։

«Յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ ցանկացած հղիություն կարող է լինել վերջինը։ Կարևոր չէ՝ առաջինն էր, թե՝ երրորդը»։

«Կանայք չպետք է խաղան իրենց առողջության հետ», — հավելում է նա՝ հիշելով կանանց բազմաթիվ դեպքեր, որոնք փորձել են դեղորայքի միջոցով վերջ տալ հղիությանը և հայտնվել են հիվանդանոցում։

Դավթյանը նշեում է, որ իր պրակտիկայում անձամբ չի բուժել անչափահաս հղի կանանց. իրեն այցելող ամենաերիտասարդ հղիները 18 տարեկան են, այդ թվում նաև այն կանայք, ովքեր հղիացել են արտամուսնական կապերից և շտապում են դադարեցնել հղիությունները։

«Նրանք վախեցած գալիս են այստեղ, չեն պատմում իրենց ծնողներին այդ մասին»։

Լռություն

«Շատ դեռահասների հղիություններ մեծահասակների կողմից երեխաների բռնաբարության հետևանքներ են», — OC Media-ի հետ զրույցում նշում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը՝ հավելելով, որ շատ հաճախ երեխաները լռում են։

«Երեխաներն իրենք իրենց են մեղադրում կատարվածի համար, — ասում է նա, — Նրանք կարծում են, որ անկախ ամեն բանից՝ հասարակությունը մեղադրելու է կա՛մ երեխային, կա՛մ ծնողներին, ուստի լռում են»։ 

Աղաբեկյանի խոսքով՝ հասարակության համար չափազանց կարևոր է չմեկուսացնել այդ երեխաներին և օգնել նրանց վերադառնալ նորմալ կյանք։

2018 թվականին Աղաբեկյանի կենտրոնը աջակցություն է ցուցաբերել հղի չորս դեռահաս աղջիկների, այդ թվում նաև մի աղջկա, որի մայրը փորձել էր երեխային հեռու պահել մասնագետներից և միայն Աղաբեկյանին է թույլատրել հիվանդանոցում խոսել աղջկա հետ։

«Այս չորս երեխաները մեկ ընդհանուր կապ ունեին. ոչ մեկը չէր հասկանում, թե ինչ էր կատարվել իրենց հետ։ Նույնիսկ աճող փորը և ցավերը չէին կապում հղիության հետ։ Նրանք երեխաներ էին, որոնք չէին ստացել պատշաճ սեռական կրթություն»։

2019 թվականին Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը առնչվեց մի ցնցող դեպքի. մտավոր հաշմանդամություն ունեցող 13-ամյա մի աղջիկ ծննդաբերել էր ամռանը։

Աղաբեկյանը ասում է, որ 13-ամյա մայրը չի գիտակցել, որ ծնող է դարձել, թեև հիվանդանոցում գրկել է երեխային։ 

«Նա դեռ իր երեխային տիկնիկ է անվանում։ Իր երևակայությամբ դա տիկնիկ է։ Նա միշտ կրկնում է. «Երբ փող աշխատեմ, տիկնիկիս կտանեմ տուն»։

Related Articles

Վարդանուշ Զաքարյանը և իր ամուսին Անդրե Անդրեյանը։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media
հայաստան

Ձայն | «Ես 17 տարեկան էի, երբ գնացի պատերազմ»

1941 թվական, Երկրորդ Համաշխարհային պատերազմին, 17 տարեկան հասակում Վարդանուշ Զաքարյանը զորակոչվել է Խորհրդային Բանակ։ Կարճ ժամանակ անց նրա ամուսինը ևս սահման է մեկնել։ Երկու տարի անց նրանք հանդիպում են, ու այդ պահից սկսած նրանց սերն ավելի է ամրապնդվում։ «Իմ կյանքը շատ դժվարությունների միջով է անցել։ Ես ծնվել եմ Թիֆլիսում, սկզբից զրկվել եմ հորից, հետո ապրել եմ Բաքվում մորս ու երկրորդ հորս մոտ: 12 տարեկան էի, մայրս մահացավ։ Անծնող մեծըցա, մեկը Բաքու է թաղված, մյուսը Թիֆլիս»։  «Հետո եկա Հայաստա

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media
հայաստան

Ձայն | «Իմ ձեռքերում զենքերը վերածվում են խաղաղասեր զարդերի»

Գյումրեցի արվեստագետ ու զարդագործ Արտակ Թադևոսյանը նոր կյանք է տալիս պարկուճներին։ Նա դրանք վերածում է զարդերի ու կարծում է, որ աշխարհում բոլոր զենքերը պետք է զարդեր դառնան։  «Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց տարիներ շարունակ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մանրածախ առևտրից մինչև արտագնա աշխատանքի մեկնել, որտեղ տների հարդարման աշխատանքներ եմ կատարել։ Սակայն որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք Գյումրի ու ընտանիք կազմել։ Այժմ ապրում եմ ծնողներիս, կնոջս ու երկու դուստրերիս հետ»։  «Երկար ժամանակ տ

Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը՝ Բեյրութի պայթյունից փրկված հայ կինը։ 
Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media
հայաստան

Բեյրութից Երևան․ մի փրկության պատմություն

V

73-ամյա Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը մեկն է այն հայերից, ովքեր փրկվել են Բեյրութի պայթյունից։ Մինչև այսօր նրա ոտքերի մեջ ապակու բեկորներ կան։ Պայթյունից հետո Հայաստան վերադարձավ 1100 լիբանանահայ, որոնց թվում էր նաև տիկին Շողիկը։ 2 դուստրերի մայրը կյանքի 50 տարին անցկացրել է Լիբանանում՝ այդ ընթացքում հասցնելով անցնել քաղաքացիական պատերազմի բովով ու տեսնել շատ դժվարություններ։ Բայց տիկին Շողիկի համար օգոստոսի 4-ի պայթյունը նման չէր ոչ մեկին․ «Առաջին պայթյունի ժամանակ կորսված վիճակ էր։ Ամբողջ օդը ս

Քույրեր Ռոզա և Բիրանա Աբդուլաևաներին պատկանող տան ներսը։ Լուսանկարը՝ Սեյմուր Քյազիմով/OC Media։
հայաստան

Հուլիսյան գրոհ. ադրբեջանցի խաղաղ բնակիչները կրակագծում

V

2020 թվականի հուլիսի 12-ին մարտեր բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ տևելով մի քանի օր։ Քանի որ առաջնագծում գտնվող զինվորները կրակ էին փոխանակում, հրետանային արկեր են ընկել Հայաստանի Տավուշի մարզում և Ադրբեջանի Թովուզի շրջանում։ OC Media-ն ուղևորվեց երկու երկրների սահմանամերձ շրջաններ՝ խոսելու խաղաղ բնակիչների հետ, ովքեր հայտնվել էին պայքարի գծում, և կիսվելու նրանց պատմություններով։ Ստորև ներկայացնում ենք սահմանի ադրբեջանական կողմից մեր զեկույցը։ Սահմանի հայկական կող

Most Popular

Editor‘s Picks