Media logo
աշխատանք

Քաղաքականությունը, կոռուպցիան և չարաշահումները հայաստանյան սուպերմարկետների «կ?

Քաղաքականությունը, կոռուպցիան և չարաշահումները հայաստանյան սուպերմարկետների «կ?
Սուպերմարկետների ցանցերից ամենախոշորը՝ Yerevan City-ն, պատկանում է իշխող Հանրապետական Կուսակցության անդամ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Դավիթ Ստեփանյան/OC Media)

Իշխանությունների և խոշոր սուպերմարկետների միջև եղած խավար սահմանները նշանակում են, որ վերջինների սեփականատերերն օգտվում են անպատժելիության որոշակի աստիճանից։ Այս ամենը բերում է աշխատողներին վախեցնելուն, ահաբեկելուն և նրանց անխնա շահագործմանը, ինչպես նաև նախընտրական և ընտրական խարդախությունների։

[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]

[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]

28-ամյա Մարիամը (անունը փոխված է աղջկա խնդրանքով) աշխատում է սւպերմարկետների երևանյան ցանցերից մեկում որպես գանձապահ։ Սուպերմարկետի անվանումը մենք նույնպես չենք նշում նրա խնդրանքով։ Անընդմեջ 8-ժամյա աշխատանքային օրվա և շաբաթական մեկ հանգստյան օրվա պայմաններում նրա ամսական աշխատավարձը չի գերազանցում 80 հազար դրամ (165 ԱՄՆ դոլար)։ Արձակուրդից աշխատողները փաստացի զրկված են, մինչդեռ աշխատում են հաճախ երկու հերթափոխ անընդմեջ։

Գանձապահի բավականին ծանր աշխատանքի դիմաց տրվող ցածր վարձատրության հետևանքով, գանձապահները հաճախ իրենց նախաձեռնությամբ ազատվում են աշխատանքից, ինչի պատճառով մնացածները ստիպված են աշխատել երկու հոգու փոխարեն։ Մի շարք սուպերմարկետներում գանձապահները կատարում են նաև փաթեթավորողի պարտականությունները՝ փաթեթավորում և տեղավորում են գնված ապրանքները։

Ցանցերի ներքին կանոնակարգերի համաձայն, այդ աշխատանքը պետք է կատարեն հատուկ հրավիրված պատանիները, սակայն նրանք էլ երկար չեն մնում նման աշխատատեղերում։ Պատճառը նույնն է՝ ցածր աշխատավարձը։ Փաթեթավորողները ստանում են ամսական 45-55 հազար դրամ (90-110 ԱՄՆ դոլար)։

Մարիամը նույնպես մտադիր է ազատվել սուպերմարկետում աշխատանքից։ Սակայն մինչ այդ նա պետք է նոր աշխատանք գտնի։ Առջևում ձմեռ է և նա պետք է կարողանա վճարել անընդհատ աճող կոմունալ վարձերը։ Առաջին անհրաժեշտության մթերային ապրանքների գնաճն արդեն վաղուց կրում է մշտական բնույթ։ Իսկ ամենակարևորը՝ պետք է վճարել բնակարանի համար։

Մարիամը Երևան է տեղափոխվել Հայաստանի հեռավոր շրջանների գյուղերի մեկից։ Երևանի ծայրամասային շրջաններից մեկում մեկ սենյականոց բնակարան վարձելու համար նա և նրա ուսանող ընկերուհին ամսական վճարում են 65 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար)։

Իշխանության հետ շաղկապված բիզնեսը

Հայաստանում գործում է սուպերմարկետների մի քանի խոշոր ցանց։ Ամենամեծը Yerevan City-ն է։ Այն պատկանում է իշխող Հանրապետական Կուսակցության անդամ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը նաև հանդիսանում է Kaiser առևտրանշանի տակ գործող մի քանի սուպերմարկետների սեփականատերը։

Երկրորդ մեծ ցանցը Նոր Զովքն է, և պատկանում է այն «սուպերնախարար» կոչված Գագիկ Խաչատրյանին, որը ժամանակին ղեկավարել է միաժամանակ ՀՀ Ֆինանսերի նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն։ Երևանում գործում է նաև SAS սուպերմարկետների ցանցը, որի սեփականատերն է նույնպես հանրապետական-պատգամավոր Արտակ Սարգսյանը։

Այն պատճառով, որ առևտրի խոշորագույն ցանցերի սեփականատերերն են հանդիսանում իշխանության հետ սերտ կապի մեջ գտնվող գործարարները, աշխատակիցները հաճախ գտնվում են օրենքի տեսանկյունից անպաշտպան վիճակում։ Սուպերմարկետներում տիրող իրավիճակի մասին կարելի է դատել՝ ելնելով թեկուզ միայն այն փաստից, որ աշխատակիցները հրաժարվում են անգամ նկարվել կամ իրենց անուններն ասել։

Երևանում կան նաև «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ» ցանցերը, որոնց իրական տերերի անուններն անհայտ են, ինչպես նաև գործում է ֆրանսիական Carrefour ցանցի սուպերմարկետը։

Նվաստացումն ու Ճնշումը

Մի շարք սուպերմարկետներում գանձապահները կատարում են նաև փաթեթավորողի պարտականությունները (Դավիթ Ստեփանյան/OC Media)

2017 թվականի մարտին, խորհրդարանական հերթական ընտրությունների նախաշեմին, Հայաստանի Ազգային Ժողովի նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն մեղադրել է իշխող Հանրապետական Կուսակցությունից իր գործընկեր Արտակ Սարգսյանին առ այն, որ վերջինս հավաքում է սեփական աշխատակիցների անձնագրերը։

«Պարոն Սարգսյան, ես բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնցում հայտնվում է, որ Դուք ստիպում եք Ձեր սուպերմարկետների աշխատակիցներին փոխել հաշվառման վայրը և հաշվառման կանգնել այն ընտրական տարածքներում, որտեղ Դուք առաջադրվել եք որպես պատգամավորության թեկնածու,» հայտարարել է Փաշինյանը։ Սարգսյանը նախընտրել է անպատասխան թողնել Փաշինյանի այս հայտարարությունը։ Սակայն լրագրողների հետ ավելի ուշ կայացած խոսակցության ընթացքում նա մերժել է վերը նշված մեղադրանքները դրանք բնութագրելով որպես սուտ։

Արտակ Սարգսյանը, SAS սուպերմարկետների սեփականատերը, առաջադրվել է Հանրապետական Կուսակցությանը խորհրդարանական մեծամասնություն ապահոված վարկանշային ցուցակներով, Երևանի Արաբկիր համանքում, և ապրիլի 2-ի ընտրություններում հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների առավելագույն քանակ։ Սակայն «աղբը տնից» այնուամենայնիվ հանվել է ապրիլի 13-ին։ Այդ ժամանակ Հայաստան24 կայքը հրապարակել է SAS Group կոնցեռնի ժողովի ձայնագրությունը, որտեղ մի անհայտ անձ կոպիտ եղանակով պահանջում էր աշխատակիցներից ներկայացնել այն ընտրողների ցուցակները, որոնց այդ աշխատակիցները պարտավորվել են բերել ընտրատեղամասեր Ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանի օգտին քվեարկելու նպատակով։

Անհայտ «SAS-ականը» ակնհայտ նվաստացնում և սպառնում էր այն աշխատակիցներին, ովքեր չեն կարողացել ներկայացնել Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստ իրենց ընկերների և բարեկամների ցուցակները։ Ընդ որում, այդ նվաստացումներն ու սպառնալիքները կրում էին հույժ անձնական բնույթ, ընդհուպ մինչև «մեղավորների» արտաքինի քննադատությունը, ինչպես նաև զուգորդվել է աշխատանքից ազատելու սպառնալիքներով։ Մինչդեռ քվեարկողների առավելագույն քանակ ապահոված աշխատողներին խոստացել է ուղևորություն դեպի Փարիզ։

Գործը փակված է

Ավելի ուշ լրատվամիջոցները հրապարակել են ձայներ «ներգրավողի«անվան վարկածները։ Համաձայն վարկածներից մեկի, դա եղել է Արտակ Սարգսյանի եղբայր և Ընկերության համասեփականատեր Արամ Սարգսյանը։ Համաձայն երկրորդ վարկածի, ժողովը վարում էր Ընկերության փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը և սովորաբար անցկացնում է «աշխատակիցների հետ նախընտրական ժողովները»։

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը չի բացառում նաև ՀՀ Քրեական Օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 1 և 5 կետերով նախատեսված հանցակազմի (մի խումբ անձանց կողմից նյութական վնաս հասցնելու սպառնալիքով քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) բացակայությունը։

Փաստաբանը նաև ակնհայտ է համարում ձայնագրության մեջ Աշխատանքային Օրենսգրքի և աշխատանքային իրավունքի նորմերի խախտման առկայությունը։

Սոցիալական ցանցերում բարձրացրած աղմուկից հետո Գլխավոր դատախազությունը ուղարկել է վերը նշված ձայնագրությունը հատուկ քննչական ծառայության ուսումնասիրությյանը։ Վերջինս ապրիլի 19-ին հարուցել է քրեական գործ «Քվեարկության գաղտնիության խախտում» հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ սպառնալիքի կամ կաշառքի միջոցով ընտրողին քվեարկել ստիպելու համար, և սահմանում է պատիժ՝ տուգանքի կամ երեքից հինգ տարի ժամանակով ազատազրկման եղանակով։

Սակայն սեպտեմբերի 8-ին հատուկ քննչական ծառայությունը որոշում է ընդունել SAS Group-ում կատարված ձայնագրության փաստի առթիվ քրեական գործը կարճել՝ «հանցակազմի բացականության պատճառով»։

Բռնագրավված աշխատավարձը

32- ամյա Սաթենիկը (անունը փոխված է աղջկա խնդրանքով) աշխատում է Երևանի կենտրոնում գտնվող սուպերմարկետում որպես վաճառող-խորհրդատու։ Չնայած հնչյուն անվանմանը, իրականում նրա աշխատանքը բոլորովին գնորդներին խորհրդատվություն տրամադրելը չէ։ Սաթենիկը սայլակով ապրանքներ է բերում պահեստից և տեղավորում դրանք տաղավարներում օրական 12 ժամ շարունակ։ Սակայն նման իրադրությունն անհամեմատ ավելի լավ է, քան եղել է մինչ այդ։

Իսկ մինչ այդ Սաթենիկն աշխատումէր մեկ ուրիշ ցանցի սուպերմարկետներից մեկում։ Այնտեղ նա ստիպված է եղել իր սեփական աշխատավարձից հատուցել 120 հազար դրամ կազմող «պակասորդը» (235 ԱՄՆ դոլար)։ Այդ դեպքից հետո աղջիկն ազատվել է աշխատանքից։

«Կան անբարեխիղճ մենեջերներ, որոնք աշխատանքի են ընդունում գանձապահի՝ նախապես իմանալով պակասորդի մասին։ Իհարկե, ես ոչինչ չգիտեի այդ մասին։ Ամեն ինչը բացվել է մեկ և կես տարի անց, որից հետո այդ գումարը պահել են իմ առանց այն էլ չնչին աշխատավարձից», — պատմում է Սաթենիկը։

Երբ նա փորձեց ազատվել աշխատանքից առանց պակասորդը հատուցելու, նրան սպառնացել են ոստիկանությունով և դատարանով։ Զգուշանալով ավելի լուրջ հետևանքներից, նա ստիպված աշխատել է ևս 1,5 ամիս, փաստորեն անվճար։ Չնայած Սաթենիկը վիրավորված է նախկին գործատուի վերաբերմունքից, նա նախընտրում է այնուամենայնիվ չհիշատակել նախկին աշխատավայրը։

Ցանցերի ղեկավարությունից որևէ բացատրություն ստանալու OC Media-յի փորձերը հաջողությամբ չեն պսակվել։

Հոդվածը պատրաստվել է Հարավային Կովկասում FES տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել FES-ի տեսակետների հետ։

Related Articles

List is empty

Most Popular

Editor‘s Picks