Հարավային Կովկասում կանայք ունեն նույն խնդիրները։ Լինի Բաքուն, Երևանը, Թբիլիսին թե փոքր բնակավայր, աղջիկները սովորել են զգուշանալ տղամարդկանցից։ Անբարեխիղճ մեկնաբանություններ և առաջարկներ անծանոթներից, հպումներ և նույնիսկ ավելի վատ՝ այս ամենը զգացել են շատ կանայք։ Թեև այս խնդիրները ամենուրեք առկա են, սակայն նշված երկրներում օրենքով պաշտպանություն չկա։
Անցյալ ամռանը ադրբեջանական ԶԼՄ-ներին և հասարակությանը ցցնեց այն փաստը, որ Բաքվի փողոցներում կանանց հաճախ մոտենում և անհանգստացնում են արաբական երկրներից ժամանած զբոսաշրջիկները։ Սակայն նման հուզմունք չկա, երբ նույն վարքն է նկատվում տեղի տղամարդկանց մոտ, այն դեպքում, որ խնդիրը տարածված է ամբողջ Կովկասում։
«Նա սկսեց դիպչել իմ հետույքին»
Կրթությամբ բանասեր 30-ամյա Այլա Ալլահվերդիևան պատմում է, որ դեռ դպրոցական տարիներին տղամարդկանց կողմից սկսել է զգալ սպառնալիք և հասկացել է, որ ամեն քայլափոխի իրեն կարող է որևէ տհաճ անակնկալ հանդիպի։
«Երբ դուրս եմ գալիս փողոց, ես գիտակցաբար հագնում եմ բավականին փակ։ Բայց, այնուամենայնիվ, մի անգամ չէ, որ իմ հասցեին ուղղված անպարկեշտ արտահայտություններ եմ լսել։ Բոլոր տարիքի տղամարդիկ, ովքեր քայլում են իմ ուղղությամբ, հնարավորինս մոտենում են, որպեսզի ինձ պատմեն իրենց սեռական ցանկությունների մասին և այն, թե ինչ ուզում են ինձ հետ անել», — ասում է նա։
Առավել թարմ և հիշարժան դեպքը աղջկա հետ պատահել է մի քանի ամիս առաջ՝ քաղաքի առավել խիտ բնակեցված հատվածում։
«Օգտվելով այն հանգամանքից, որ մայթը շատ նեղ էր, մեկ տղա մոտեցավ հնարավորինս մոտ և սկսեց դիպչել իմ հետույքին։ Ես պտտվեցի, պահանջեցի, որ նա դադարեցնի և բացատրություն տա։ Նա սկզբում ապշեց, ապա ընդունեց ոչինչ չհասկացող դեմք, կարծես թե չի հասկանում ես ինչ եմ ասում։ Այդ ժամանակ ես բարձր ձայնով ասացի, որ նման արարքը անդաստիարակության նշան է։ Ի պատասխան նա լկտիաբար նշեց՝ հետևիր լեզվիդ։ Այդ տեսակի մարդիկ չգիտես ինչու խիստ վրդովվում են, երբ իրենց հասցեին մեղադրանք են լսում անդաստիարակ լինելու վերաբերյալ, թեպետ իրենց պահում են ահավոր զզվելի», — շարունակում է նա։
Այլան մինչ օրս չի կարողանում հանգիստ հիշել միջադեպը, երբ տղամարդը նրան անպարկեշտ վիրավորանք է տվել՝ պարզապես նվաստացնելու համար։ Այդ ժամանակ աղջիկը բառացիորեն հետապնդել է նրան մի քանի թաղամաս և ստիպել ներողություն խնդրել՝ սպառնալով դիմել ոստիկանություն։ Իրականում գործը երբեք ոստիկանություն չի հասել։ Շատերի նման Այլան չի ցանկանում ոստիկանություն դիմել։ Սակայն նա գտնում է, որ քրեական պատիժների վախը միակ բանն է, որը կարող է կանգնեցնել փողոցային նման ոտնձգությունները։
Խնդրի մասին խոսելու վախ
Ադրբեջանում կանայք հաճախ ամաչում են խոսել իրենց հետ պատահած դեպքերի մասին։ «ЭХО»-ին տրված վերջին հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը հայտարարել է, որ ոտնձգության զոհերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չունեն, թեև սեռական ոտնձգությունների որոշ դեպքեր այնուամենայնիվ արձանագրվում են։ Բոլորովին այլ փաստ է այն, որ իրականում արձանագրելու բան էլ չկա , որովհետև ոտնձգության զոհերը շատ հազվադեպ են դիմում ոստիկանությանը, քանի որ նրանք ամաչում են կամ չեն հավատում, որ հանցագործը կպատժվի։
Վրաստանից հոգեթերապևտ Լիկա Բարաբաձեն ասում է, որ տղամարդիկ օգտվում են այն փաստից, որ խնդրի մասին հասարակության շրջանակում քննարկելը ընդունված չէ։
«Սառեցման ռեակցիան գալիս է վախից ու ամոթից։ Նման թեմաներ քննարկելը նաև համարվում է ամոթալի։ Գումարած փաստը, որ վաղ տարիքից կանանց սովորեցնում են, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա նրանց մեղքն է։ Նմանապես մենք էլ նրանց շատ ենք մեղադրում։ Մենք պետք է վերահսկենք ինքներս մեզ, և այդ դեպքում ոչ ոք չի համարձակվի որևէ բան անել», — ասում է Լիկա Բարաբաձեն։
Սեռական բռնության ճգնաժամային հայաստանյան կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը նշում է, որ կանայք խուսափում են բողոքներ ներկայացնել և դիմել ոստիկանություն, որովհետև նրանք ամաչում են։ Հայաստանում կանայք նախընտրում են լռել։
«Ես վախենում եմ իմ աղջկա համար»
40 ամյա Նատալիա Վիկտորովնան մեկ տարի առաջ Դոնեցկից Երևան է տեղափոխվել ամուսնու հետ, ով աշխատանքային առաջարկ է ստացել։
«Նոր էինք եկել Երևան, երբ որոշեցի դուրս գալ քաղաք զբոսնելու։ Հենց առաջին օրը հասկացա, որ սլավոնական արտաքինով կին լինելը այստեղ բարդ է։ Չգիտես ինչու, հայ տղամարդիկ կարծում են, որ եթե դու ռուս կամ ուկրաինուհի ես, ապա պետք է անպայման ֆլիրտ անես ու քեզ հաճելի է նրանց կողմից հնչած լկտի կոմպլիմենտները», — ասում է Նատալիան։
Նատալիան նշում է, որ երբ առանց ամուսնու է դուրս գալիս փողոց, դա իր համար իսկական փորձություն է։ Տղամարդիկ մոտենում են, անպարկեշտ առաջարկներ անում, փորձում իր մարմնին կպնել։ Երբ նշում է, որ ամուսնացած է, պատկերը չի փոխվում։
Նատալիան հիշում է դեպքը, երբ մի անգամ նրա վրա բառացիորեն հարձակվել է մի տղամարդ։ Նա վախեցել է, որ չի փրկվի։
«Մենք փողոցում էինք, և ես սկսեցի գոռալ, որ ոստիկանություն կդիմեմ», — ասում է նա։
Նատալիան նշում է, որ կրում է բացառապես ամբողջ մարմինը ծածկող հագուստ՝ հավելյալ աչքի չընկնելու համար։
«Ես կարող եմ ինձ պաշտպանել, բայց խնդիրը բարդ է աղջկաս դեպքում։ Նա ընդամենը 15 տարեկան է՝ բավականին գեղեցիկ, և նրան նույնպես փողոցում հանգիստ չեն թողնում։ Վախենում եմ նրա համար»։
Սեռական ոտնձգության մասին օրենքի բացակայություն
Հարավային Կովկասի որևէ երկրում սեռական ոտնձգության մասին օրենք չկա։ Թե բռնաբարությունը քրեական հանցագործություն է, ոտնձգությունը, եթե իհարկե դիտարկվում է որպես հանցագործություն, տարբեր որակավորում ունի։ Օրինակ Ադրբեջանում խուլիգանություն է համարվում, կամ Հայաստանում՝ «պատվի և արժանապատվության վիրավորանք»։
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը նշում է, որ սեռական ոտնձգությունները պատահում են նաև Հայաստանի աշխատավայրերում։
«Սակայն երբեք ոչ ոք չի պատժվում, որովհետև պատժող օրենքը չունենք։ Խնդիրը որոշ չափով կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով, որի համաձայն անձը կարող է պատժվել դիմացինի պատվին և արժանապատվությանը հասցված վիրավորանքի համար», — OC Media-ի հետ զրույցում նշել է փաստաբանը։
Վրաստանում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած 2018 թ-ի հարցումը ցույց է տվել, որ այս երկրում լայնորեն տարածված հասարակական աջակցություն կա ոտնձգությունների դեմ օրենքի նկատմամբ։ Հարցվածների 77%-ը հայտարարել է, որ աջակցում է խորհրդարանի կողմից սեռական ոտնձգության դեմ օրենքի ընդունմանը։
Սակայն, չնայած այս հանրային աջակցությանը, անցյալ տարի Վրաստանի խորհրդարանը մերժեց օրինագիծը, որը նախատեսում էր վարչական տուգանք աշխատավայրերում սեռական ոտնձգությունների համար։ Այդ ժամանակից ի վեր Կանանց շարժումը՝ տեղական իրավապաշտպան խումբը, դիմել է խորհրդարան՝ հանրային և աշխատանքի վայրում սեռական ոտնձգություններ կատարվելու դեպքում վարչական օրենսգրքով պատիժներ կիրառելու խնդրանքով։ Խորհուրդը խոստացել է է քննարկել նախաձեռնությունը, սակայն այդ օրվանից ի վեր քննարկումը դեռ չի էլ սկսվել։
Վրացական ֆեմինիստական խմբերը մի քանի հանրահավաքներ են կազմակերպել՝ սեռական ոտնձգությունները պատժելի դարձնելու պահանջով։ Վերջին հանրահավաքը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, երբ տասնյակ կանայք դուրս են եկել փողոց՝ բարձրաձայնելով՝ «Մենք չենք հանձնվի գիշերը»։
«Այդ ամենը մշակույթի մեջ է»
Թբիլիսիից 33-ամյա հոգեթերապևտ Լիկա Բարաբաձեն հիշում է իր հանդեպ՝ որպես երիտասարդ կնոջ, կատարված սեռական ոտնձգությունները։ Նա նշում է, որ սեռական ոտնձգություն կատարվում է յուրաքանչյուր քայլին. փողոցներում, հասարակական տրանսպորտում կամ աշխատանքի վայրում։ Նա հիշում է, որ մոտ 15 տարեկան էր, փողոցում ընկերուհիների հետ զբոսնելիս է եղել, երբ մոտեցել է մի տղամարդ և հայտարարել՝ «Աղջիկներ, ժամանակն է, որ երշիկ փորձեք»։
Նա ասում է, որ տղամարդիկ առավել հաճախ սեռական ոտնձգության են ենթարկում երիտասարդ աղջիկներին, որովհետև նրանց ընդդիմանալու հավանականությունը փոքր է։ Առավել ցավոտ դեպքը նրա հետ տեղի ունեցել 20 տարեկան հասակում, երբ դեռ ուսանողուհի է եղել։ Քայլելիս է եղել Վարազիսխևի փողոցում, երբ մի մարդ է հայտնվել և ցույց տվել իր սեռական օրգանները։
«Որպես թերապևտ, ես հաճախ եմ հանդիպում բռնության ենթարկված կանանց։ Հաշվի առնելով իմ փորձը և մասնագիտական նախադրյալը, ես պետք է ավելի շատ պատրաստված լինեմ այդպիսի բաների համար, բայց երբ դա տեղի է ունենում անսպասելիորեն, երբ ինչ-որ մեկը ցույց է տալիս իր սեռական օրգանները, ես շփոթվում եմ և սառչում», — ասում է նա OC Media-ին։
Շատ ուսանողներ ամեն օր քայլում են Թբիլիսիի Վարազիսխևի փողոցով, քանի որ այն տանում է դեպի Թբիլիսիի պետական համալսարան։ Դա տխրահռչակ վայր է այն մարդու պատճառով, որ խայտառակում է իրեն՝ իր ցուցադրությամբ։
«Մենք գիտեինք, որ դա սովորական բան էր, բայց երբեք չենք խոսել այդ մասին։ Մի անգամ մի աղջիկ մեզ պատմեց, թե ինչպես է նա գոռացել այդ մարդու վրա։ Մենք զարմացանք, երբ լսեցինք, որ տղամարդը փախել է։ Ես միշտ մտածում էի, որ նա կհարձակվի ինձ վրա, եթե ես դիմադրեմ նրան», — ասում է նա։
Նա ասում է, որ կանայք սկսում են իրենց ենթագիտակցորեն մեղադրել, նույնիսկ եթե նրանք ռացիոնալացնում են, որ ոչինչ չեն արել։
«Այն տպավորված է մեր մտքերում և մեր առաջին ռեակցիաներն անհամապատասխան են, քանի որ մենք սկսում ենք բացատրություն փնտրել մեր մեջ։ Իմ հաճախորդները հաճախ պաշտպանվում են, ասելով, որ նրանք ոչ մի անպարկեշտ շոր չեն հագել։ Ի վերջո մենք գալիս ենք այն եզրակացության, որ կարևոր չէ, թե ինչ եք դուք հագնում կամ որտեղ եք եղել։ Այդ ամենը մշակույթի մեջ է և այն պետք է փոխվի», — ասաց նա OC Media-ին։
Փողոցներից մինչև քաղաքային խորհուրդ
Ոտնձգությունների պատահարները հեռու են հազվադեպ լինելուց։ Վրաստանում տեղական իրավապաշտպան խումբ հանդիսացող կանանց տեղեկատվական կենտրոնի կողմից մետրոյի մի քանի կայաններում անցկացված 2014 թ. հարցումը ցույց է տվել, որ հարցված կանանց 45%-ը գետնանցումներում ենթարկվել է տարբեր սեռական ոտնձգությունների. 73%-ը հայտնել են, որ իրենց վրա ուշադիր նայել են, 31%-ին սուլել են, 38%-ին դիպչել են, 14%-ին հրել կամ ճամփան կտրել են և 6%-ին հպվել են սեռական օրգաններով։
Հայաստանի արևմուտքում գտնվող Արմավիրի մարզի բնակչուհի 26-ամյա Նառան զգուշանում է՝ խուսափելով հանրային ավտոբուս նստել։ Նա ասում է, որ կին լինելը հատկապես բարդ է մարզերում։
«Եթե ավտոբուսը լցված է անցորդներով, որոշ տղամարդիկ առիթը բաց չեն թողնում շատ մոտ կանգնելու և իբր թե պատահաբար քեզ կպնելու։ Մի անգամ մեկը նույնիսկ կրծքերս բռնեց՝ ձևացնելով իբր թե ընկնում է և չի հասցրել բռնակից բռնվի»։
Կանանց նկատմամբ նման վերաբերմունքը հաճախ արհամարվում է կամ անտեսվում նույնիսկ հասարակության կողմից։ Երբ փետրվարի 13-ին ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության երկու կին խորհրդականներ ֆիզիկական և սեռական ոտնձգությունների ենթարկվեցին Երևանի ավագանու նիստում, օրը ցերեկով և ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում, դեռևս արձագանքներ կային, որոնք այդ կանանց էին մեղադրում՝ ոտնձգության ենթարկվելու համար։
«Երկիր Ծիրանի ավագանու անդամ կնոջ նկատմամբ տեղի ունեցավ սեռական ոտնձգություն, երբ Հանրապետական կուսակցության տղամարդիկ, իրենց անվայել պահելով՝ ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին։ Կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել։ Դա հանրային նվաստացում էր։ Տղամարդու նկատմամբ երբեք նման բան տեղի չի ունենում», — OC Media-ի հետ զրույցում նշել է իրավապաշտպան, «Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ Զառա Հովհաննիսյանը։
EVN-ի զեկույցը մեջբերել է պառլամենտի նախկին անդամ Առաքել Մովսեսյանին, ով ասել է, թե կանայք «հաջողակ էին», քանի որ միջադեպի ժամանակ ինքը նիստում չի եղել։ «Ես չեմ մանրամասնի, թե ինչ կանեի, բայց այն, ինչ արել են Հանրապետական կուսակցության տղամարդիկ, լավ են արել», — ասաց Մովսեսյանը։
Ադրբեջանում, ինչպես և Հայաստանում, անցյալի վայրագությունների զոհերի հիշատակը հաճախ միակողմանի բնույթ է կրում։ Չնայած ազգայնական հիմունքներով այսպիսի իրադարձությունների խեղաթյուրման և քաղաքականացման փորձերին, առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ավելի կարեկցող մոտեցում և հիշողություն այն մասին, որ, առաջին հերթին, անմեղ զոհերը միշտ սուրբ են։
Հունվարի 20-ին Ադրբեջանը սգում էր իր նահատակներին, որոնք 29 տարի առաջ զոհվել էին մայրաքաղաք Բաքվում՝ խորհրդային տարիներին իրագործված բռնությունների
Ադրբեջանի կառավարման թվային համակարգերի ներդնումը զգալիորեն նվազեցրել է կաշառակերությունը մի շարք ոլորտներում։ Շատերի համար, սակայն, առողջապահական համակարգի, մանկապարտեզների և ճանապարհային ոստիկանության հետ առընչվելիս կաշառքը սովորական բան է։
Մալահաթը [անունը փոխված] 54 տարեկան է և ապրում է Բաքվի մերձակայքում։ Նա տառապում է քաղցկեղով։ Նա չունի երեխաներ, իսկ ամուսինն էլ սրտի կաթվածից տարիներ առաջ է մահացել։
Նրա մոտ ուռոցք էր հայտնաբերվել երկու տարի առաջ, և դրանից վեց ամիս անց նրան վի
Մինչ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, Վրաստանում ապրող հայ-ադրբեջանական խառնածին ամուսնություններով ընտանիքները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Սակայն, նման ընտանիքներն ունեն կարևոր մի խնդիր. նրանց համար այսօր անհնար է հայրենիք՝ Հայաստան կամ Ադրբեջան մեկնելը, և նրանք ապրում են՝ երազելով, որ անցյալը մի օր կվերադառնա։
[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]
[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]
Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի զու