Media logo
հայաստան

Ծննդաբերել ուրիշի երեխային։ Փոխնակ մայրությունը Հայաստանում

Illustration: Dato Parulava/OC Media
Illustration: Dato Parulava/OC Media
Նկարազարդում: Դաթո Փարուլավա/OC Media

Հայաստանում ոմանք փոխնակ մայրությունը համարում են անպտուղ զույգի համար երջանկություն գտնելու հնարավորություն։ Բայց այն կանանց համար, ովքեր դառնում են փոխնակ մայրեր, սա հաճախ դժվար փորձություն է։

Հայաստանի Վայոց ձորի հարավարևելյան մարզում բնակվող 30-ամյա Գայանեն (անունը փոխված է) ասում է իր կյանքը բաժանում է երկու մասի՝ «սովորական Գայանե» և «փոխնակ մայր Գայանե»։

«Ամուսնացա 20 տարեկանում և երջանիկ էի», — պատմում է նա OC Media-ին։ 21 տարեկանում արդեն մայր էի և համոզված էի, որ ևս երկու երեխա կունենամ, որ կունենանք մեծ, երջանիկ ընտանիք և կապրենք անհոգ, բայց…»։

Գայանեի երազանքները փշրվեցին մեկ տարում։ Նրանք հայտնվեցին ֆինանսական դժվարությունների մեջ, և իր ընտանիքին կերակրելու համար Գայանեի ամուսինը մեկնեց արտագնա աշխատանքի։

«Նա արտերկրում աշխատեց մեկ տարի, այդ ընթացքում բավականին լավ էինք ապրում, բայց շատ էինք կարոտում նրան։ Մեկ տարի անց վերադարձավ, մնաց մեկ ամիս և նորից մեկնեց։ Աշխատում էր շինարարությունում։ Հետո դժբախտ պատահար տեղի ունեցավ, նա ձեռք բերեց հաշմանդամություն և չկարողացավ որևէ ֆիզիկական աշխատանք կատարել»։

Գայանեն պատմում է, թե ինչպես է աշխատանք գտնելու հույսով դիմել աշխատանքի տեղավորման տարբեր գործակալությունների, թերթեր գնել և հետևել նորություններին։

«Սկսեցի աշխատանք փնտրել և հասկացա, որ կարող եմ շատ փող աշխատել՝ չափազանց օգտակար լինելով ուրիշների համար։ Մի ծանոթ ունեի, որը երկար տարիներ երեխաներ չուներ։ Մի անգամ տեսա, թե ինչպես է նա քայլում բակում՝ երեխան գրկում։ Շատ ուրախացա և շնորհավորեցի նրան, և նա ինձ պատմեց, որ երեխա է ունեցել փոխնակ մոր օգնությամբ»։

«Նա պատմեց, թե որքան էր վճարել, և դա ինձ ստիպեց մտածել։ Սկսեցի ուսումնասիրել թեման։ Վեց ամիս անց արդեն փոխնակ մայր էի։ Վեց ամիս անց սկսվեց իմ կյանքի երկրորդ փուլը»։

Փոխնակ մայրություն. մայր դառնալու վերջին հույսը

Փոխնակ մայրությունը այնպիսի ընթացակարգ է, ըստ որի կինը համաձայնում է տանել հղիությունը մեկ այլ անձի կամ անձանց համար, ովքեր երեխայի ծնվելուց հետո նրա ծնողները կդառնան։

Ամուսնության 10 տարվա ընթացքում Լիլիթը և Սեդրակը (անունները փոխված են) դիմել են տասնյակ բժիշկների՝ փորձելով երեխաներ ունենալ։

«Հարյուրավոր անգամներ հանձնել ենք ամեն տեսակի անալիզներ։ Երկու անգամ փորձեցինք արհեստական բեղմնավորում, բայց ոչինչ չստացվեց։ Առաջին հինգ տարիներին այդ մասին շատ չէինք անհանգստացնում, բայց հետո իսկական խուճապ սկսվեց», — պատմում է Լիլիթը OC Media-ին։

Ասում է, որ բժշկի յուրաքանչյուր այցը նրանց համար մեծ գումար է արժեցել։ Միայն անալիզների համար ծախսել են մոտ 150 000–200 000 դրամ (300-400 ԱՄՆ դոլար)։ Նմանատիպ գումար ծախսվել է տարբեր դեղերի վրա։ Զույգը մոտ 4000 դոլար է վճարել արհեստական բեղմնավորման համար։

«Մեծ դժվարությամբ էր մեզ հաջողվում գումար տնտեսել. այդ ժամանակ ես աշխատում էի դպրոցում։ Իմ աշխատավարձը կազմում էր մոտ 150 դոլար [ամսական]։ Ամուսինս միաժամանակ մի քանի տեղ էր աշխատում։ Երկրորդ անհաջող փորձից հետո [արհեստական բեղմնավորման] հասկացանք, որ մեզ մոտ այլև գումար չի մնացել, և որոշեցինք փորձել երեխա որդեգրել»։

Սակայն դա նույնպես ընտանիքին չհաջողվեց։ Նրանք OC Media-ին պատմում են, որ ցանկանում էին նորածին երեխա որդեգրել, սակայն նրանց տեղեկացրել էին, որ այդ պահին Հայաստանում որդեգրման համար նորածին չկար։ Առանց երեխաների՝ Լիլիթը պատրաստ էր հրաժարվել իր ամուսնությունից։

«Որոշել էի ամուսնալուծվել, երբ ընկերուհիներիցս մեկը խորհուրդ տվեց օգնության համար դիմել փոխնակ մայրիկի։ Ամուսնուս հետ երկար ժամանակ քննարկեցինք այդ հարցը, ընտրեցինք կլինիկան, որոշ ֆինանսական ճշգրտումներ կատարեցինք և սկսեցինք գումար խնայել»։

«Մեզ երկու տարի էր անհրաժեշտ՝ հոգեբանորեն պատրաստվելու և հավաքելու անհրաժեշտ գումարը»։

Ծառայության համար Լիլիթը և Սեդրակը վճարել են մոտ 20 000 ԱՄՆ դոլար։ Այն ներառում էր ինչպես իրավաբանական ծառայությունները, այնպես էլ փոխնակ մոր՝ Գայանեի վճարը։ Գայանեն չցանկացավ բացահայտել, թե այդ գումարից որքան է իրեն հատկացվել։

Գայանեի հետ, որը պետք է լիներ իրենց երեխայի փոխնակ մայրը, ամուսիններին ծանոթացրել են կլինիկայում։

Փոխնակ մոր պարտականությունները

Փոխնակ մայրության ինստիտուտը Հայաստանում կարգավորվում է 2002 թվականին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով։

Օրենքը մի շարք կանոններ և սահմանափակումներ է սահմանում պոտենցիալ փոխնակ մայրերի համար։ Կինը պետք է լինի 18-ից 35 տարեկան, պետք է անցնի բժշկական և գենետիկական հետազոտություն՝ համոզվելու համար, որ առողջ է։ Փոխնակ մայրը չի կարող միաժամանակ ձվաբջջի դոնոր լինել։ Ամուսնացած կինը կարող է փոխնակ մայր լինել միայն ամուսնու համաձայնությամբ։ Վերջապես, միևնույն կինը կարող է դառնալ փոխնակ մայր միայն երկու անգամ։

«Գայանեի համար առանձին բնակարան վարձակալեցինք, քանի որ համատեղ որոշեցինք, որ նա հղիության ընթացքում առանձին է ապրելու և Երևանում մեզ ավելի մոտ կլինի», — պատմում է Սեդրակը։ «Ամբողջ 9 ամիսների ընթացքում Գայանեն ուշադրության կենտրոնում էր։ Նրան տրամադրեցինք անհրաժեշտ ամեն ինչ՝ որակյալ սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության այլ իրեր»։

«Հիմա Աստծուն շնորհակալություն ենք հայտնում, որ Գայանեին հանդիպեցինք կլինիկայում և նրա շնորհիվ զգացինք ծնող դառնալու բերկրանքը»։

Ասում է, երբ որոշել էին դիմել փոխնակ մոր օգնությանը, նրանք ընտրություն ունեին՝ կլինիկայի կողմից առաջարկված թեկնածուի հետ պայմանագիր կնքելու փոխարեն ինքնուրույն կարող էին կին գտնել։

«Այս դեպքում մենք կարող էինք գումար խնայել։ Բայց նաև ռիսկային և դժվար էր ըստ օրենքի նման կնոջ գտնելը»։

Ըստ օրենքի, փոխնակ մոր և նրա ծառայությունների համար վճարողների միջև հարաբերությունները կարգավորվում են գրավոր համաձայնագրերով։

Փոխնակ մայրը պարտավոր է գրանցվել կլինիկայում հղիության վաղ շրջանում (մինչև 12 շաբաթ), մշտապես գտնվել բժշկի հսկողության ներքո, խստորեն հետևել բժշկի ցուցումներին և հոգ տանել առողջության մասին։

Եթե փոխնակ մայրն ապրում է առանձին, ապա իր ծառայություններից օգտվող անձին կամ ամուսիններին պետք է տեղեկացնի հղիության ընթացքի մասին։

«Ես զգացի նրա առաջին խաղերը»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ասում է, որ Հայաստանում փոխնակ մայրության թեման շարունակում է մնալ տաբու։

Նա ասում է, որ ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխաները իմանան, որ նրանք ծնվել են փոխնակ մոր օգնությամբ, մինչդեռ հենց փոխնակ մայրերը հաճախ ամաչում են, որ գումար վաստակելու համար դիմել են այդ քայլին։

Գործընթացը կարող է նաև հոգեբանորեն դժվար լինել փոխնակ մոր համար։

«Առաջին իսկ պահից հոգեբանական լուրջ աշխատանք է տարվում փոխնակ մոր հետ», — ասում է հոգեբան Արաքս Կարապետյանը OC Media-ին տված հարցազրույցում։

«Ի սկզբանե շատ կարևոր է հոգեբանորեն պատրաստել կնոջը այն մտքին, որ, չնայած իր ներսում կրում է պտղին, սակայն դա նրա երեխան չէ։ Այնուամենայնիվ, հղիության ընթացքում ֆիզիոլոգիական փոփոխությունները նույնպես հոգեբանական խնդիրներ կարող են առաջացնել փոխնակ մոր մոտ»։

«Այո, նա կարող է հոգեբանորեն պատրաստ չլինի հանձնել երեխային, բայց խնդիրն այստեղ կարգավորվում է օրենքով», — ասում է Կարապետյանը։

Օրենքում նշվում է, որ փոխնակ մայրերը չունեն ծնողական իրավունքներ և պատասխանատվություն չեն կրում երեխաների համար՝ նրանց ծնվելուց հետո. նրանք չեն կարող երեխաներին հանձնելուց հրաժարվել։

Հովհաննիսյանը հիշում է մի դեպք, երբ մի քանի տարի առաջ 18-ամյա փոխնակ մայրը ապարդյուն փորձում էր հրաժարվել իր կողմից ծննդաբերած երեխային փոխանցել նրա կենսաբանական ծնողներին։ Ասում է, որ դրանից հետո կառավարությունը մշակեց այնպիսի կանոններ, որոնց համաձայն փոխնակ մայրեր կարող են դառնալ միայն այն կանայք, ովքեր արդեն իսկ ծնել են իրենց սեփական կենսաբանական երեխային։

Գայանեն, ով չի տեսել իր ներսում կրած երեխային նրա ծննդյան իսկ պահից, խոստովանում է, որ իր համար նույնպես դժվար է եղել հաղթահարել կորստի ցավը։

«Ես երեխային կրել եմ իմ ներսում, զգացել եմ նրա առաջին խաղերը», — ասում է նա։ — Ինձ համար դժվար էր։ Չեմ կարծում, որ երկրորդ անգամ կդառնամ փոխնակ մայր»։

Related Articles

Վարդանուշ Զաքարյանը և իր ամուսին Անդրե Անդրեյանը։ Լուսանկարը Անահիտ Հարությունյան/ OC Media
հայաստան

Ձայն | «Ես 17 տարեկան էի, երբ գնացի պատերազմ»

1941 թվական, Երկրորդ Համաշխարհային պատերազմին, 17 տարեկան հասակում Վարդանուշ Զաքարյանը զորակոչվել է Խորհրդային Բանակ։ Կարճ ժամանակ անց նրա ամուսինը ևս սահման է մեկնել։ Երկու տարի անց նրանք հանդիպում են, ու այդ պահից սկսած նրանց սերն ավելի է ամրապնդվում։ «Իմ կյանքը շատ դժվարությունների միջով է անցել։ Ես ծնվել եմ Թիֆլիսում, սկզբից զրկվել եմ հորից, հետո ապրել եմ Բաքվում մորս ու երկրորդ հորս մոտ: 12 տարեկան էի, մայրս մահացավ։ Անծնող մեծըցա, մեկը Բաքու է թաղված, մյուսը Թիֆլիս»։  «Հետո եկա Հայաստա

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media
գյումրի

Ձայն | «Իմ ձեռքերում զենքերը վերածվում են խաղաղասեր զարդերի»

Գյումրեցի արվեստագետ ու զարդագործ Արտակ Թադևոսյանը նոր կյանք է տալիս պարկուճներին։ Նա դրանք վերածում է զարդերի ու կարծում է, որ աշխարհում բոլոր զենքերը պետք է զարդեր դառնան։  «Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց տարիներ շարունակ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մանրածախ առևտրից մինչև արտագնա աշխատանքի մեկնել, որտեղ տների հարդարման աշխատանքներ եմ կատարել։ Սակայն որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք Գյումրի ու ընտանիք կազմել։ Այժմ ապրում եմ ծնողներիս, կնոջս ու երկու դուստրերիս հետ»։  «Երկար ժամանակ տ

Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը՝ Բեյրութի պայթյունից փրկված հայ կինը։ 
Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media
Լիբանան

Բեյրութից Երևան․ մի փրկության պատմություն

V

73-ամյա Շողիկ Հեքիմյան-Գոդալազյանը մեկն է այն հայերից, ովքեր փրկվել են Բեյրութի պայթյունից։ Մինչև այսօր նրա ոտքերի մեջ ապակու բեկորներ կան։ Պայթյունից հետո Հայաստան վերադարձավ 1100 լիբանանահայ, որոնց թվում էր նաև տիկին Շողիկը։ 2 դուստրերի մայրը կյանքի 50 տարին անցկացրել է Լիբանանում՝ այդ ընթացքում հասցնելով անցնել քաղաքացիական պատերազմի բովով ու տեսնել շատ դժվարություններ։ Բայց տիկին Շողիկի համար օգոստոսի 4-ի պայթյունը նման չէր ոչ մեկին․ «Առաջին պայթյունի ժամանակ կորսված վիճակ էր։ Ամբողջ օդը ս

Երևանի Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն։ Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի։
ԱՌՈՂԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Ես շատ փոքր էի մայրանալու համար». դեռահասների հղիության դեպքերը Հայաստանում

V

Չնայած Հայաստանում դեռահասների հղիության տոկոսը նվազում է, սակայն այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Անցանկալի հղիության պատճառով դեռահասները կատարում են հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ առանց բժշկական հսկողության։ «15 տարեկան էի։ Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին։ Ընկերս ու ես ապրում էինք իրար համար», — OC Media-ին պատմում է Աննան (ոչ իրական անունը), ով այժմ 25 տարեկան է։ «Հետո հասկացա, որ հղի եմ։ Ընկերս 16 տարեկան էր, — հիշում է նա, — Մեր մտքով չէր անցնում պաշտպանվելը։ Պարզապես

Most Popular

Editor‘s Picks