fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

«Մուրացիկությունը նաև աշխատանք է». Հայաստանի շրջիկ երեխաները

(Արմինե Ավետիսյան /OC Media)

Հայաստանի մի շարք քաղաքների՝ հատկապես Երևանի փողոցներում մուրացիկ երեխաներ հանդիպելը այնքան էլ հազվադեպ երևույթ չէ։ Չնայած ծնողները կարող են բանտում հայտնվել երեխաներին բարձիթողի վիճակում պահելու համար, սակայն շատերը փողոցում միանում են իրենց երեխաներին՝ եկամուտ փնտրելով ցանկացած ձևով։

«Ես կմեծանամ և նորմալ աշխատանք կգտնեմ»

Գյումրեցի 13 ամյա Կարենը (անունը փոխված է) յուրաքանչյուր օր տանից դուրս է գալիս վաղ առավոտյան։ Գործնական, հասուն տղամարդուն վայել դեմքի լրջությամբ մոր հետ քայլում է քաղաքային աղբանոց տանող ճանապարհով։ Տղան դպրոց չի հաճախում։

«Երկու տարի է մամայիս հետ եմ աշխատում։ Գնում ենք աղբանոց, այնտեղ յուրաքանչյուրն իր աշխատանքային հատվածն ունի։ Միանում ենք մեր թիմին և սկսում ենք աղբը պեղել։ Առանձնացնում ենք ապակյա տարաները, պիտանի հագուստ ենք գտնում, նաև գույք, եղել է որ պահածոյացված սնունդ էլ ենք գտել», — ասում է Կարենը։

Դեռ փոքր հասակից Կարենը ֆիզիկական աշխատանք է կատարել և փող մուրացել։ Ասում է դեռ 6 տարեկան չի եղել, երբ սկսել է օգնել ծնողներին՝ հավաքած շշերի վրայից պոկել է պիտակները։ Ավելի մեծ տարիքում փողոց է դուրս եկել ու սկսել մոտենալ փողոցում կայանած մեքենաներին՝ առաջարկելով սրբել ապակիները։

«50 դրամ էի ուզում, որ ապակին մաքրեի։ Կային վարորդները, ովքեր օգտվում էին իմ ծառայությունից։ Մարդ կար, որ 50 դրամ էր վճարում՝ այսինքն ինչքան ուզել էի, մարդ կար մի փոքր ավել, եղել են նաև շատ վատ մարդիկ, ովքեր ինձ աշխատացրել են ու փողս չեն տվել, նույնիսկ հայհոյել են, եթե կրկնել եմ, որ աշխատել եմ ու պետք է վճարեն», — հիշում է Կարենը։

Կարենի համար դժվար է պատմել այն օրերի մասին, երբ ստիպված է եղել սկսել փող մուրալ։ Սկզբում շատ է ամաչել, բայց գտել է ամոթը հաղթահարելու տարբերակը։

«Մի հատ մեծ վերնաշապիկ ունեմ, որի վրա գլխարկ կա ամրացրած։ Դա եմ հագնում, երբ գնում եմ փող հավաքելու, որ կարողանամ դեմքս ծածկեմ, չէ որ սա ժամանակավոր աշխատանք է, պետք չի, որ բոլորը տեսնեն, թե ես ինչ եմ անում հիմա, կմեծանամ, նորմալ գործի կանցնեմ։ Իսկ հիմա դեռ փող չունենք, ես աշխատանքային օրերին աղբանոց եմ գնում, շաբաթ-կիրակի էլ փող մուրում»։

Advertisements

Կարենը փող է մուրում հիմնականում եկեղեցիների տարածքում։ Ասում է շաբաթվա վերջին գոնե մեկ եկեղեցու մոտ հարսանիք է լինում, որի ժամանակ էլ ամենաշատ գումարն է հավաքում։

«Ես մենակ չեմ, ինձ հետ էլի տղաներ կան։ Մեծահասակներ էլ կան։ Էս գործի մեջ ճարպիկ լինելր կարևոր է։ Որ առաջինը մոտենաս փող տվողի ձեռքին ու կարողանաս ստացածդ փողն էլ պահես։ Մեկ-մեկ լինում է, որ ոչ բոլորն են փող ստանում ու հետո փող չստացածը փորձում է դիմացինից փող վերցնի՝ կամ համոզելով, կամ ծեծելով», — ասում է տղան։

(Արմինե Ավետիսյան /OC Media)

Անհասկանալի՞ խնդիր

Պաշտոնական վիճակագրությունը սակայն այլ տվյալ է ներկայացնում, որի համաձայն իրականում մուրացիկ երեխաների թիվը մեծ չէ։ Այնուհանդերձ, նախորդ տարիների համեմատ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում ավելացել է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2016-ի տարեվերջին հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս։ Երեխաներից  7-ը հայտնաբերվել են Երևանում, մնացածը՝ մարզերում։

Պետական օղակներից առաջինն, ով աշխատում է մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հետ, դա ոստիկանությունն է։

«Շատ կարևոր է, որ շրջապատն էլ լինի ուշադիր երեխայի նկատմամբ։ Պետք է գիտակցենք, որ մենք բոլորս ենք պատասխանատու յուրաքանչյուր երեխայի համար։ Տեսեք, օրինակ Վայոց Ձորում առ այսօր մուրացիկ երեխա չի հայտնաբերվել։ Հատուկենտ մուրացիկներ կան Լոռու և Շիրակի մարզերում», — OC Media-ի հետ զրույցում նշում է գնդապետ Նելլի Դուրյանը։

Դուրյանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետն է։ Նա նշում է, որ մուրացիկությամբ զբաղվող երեխաների ծնողների հետ բացատրական, հոգեբանական աշխատանք են իրականացնում, եթե խնդիրը չի կարգավորվում, գործը հասնում է քրեական պատասխանատվության ենթարկելուն։

2015-ին Վանաձորում հայտնաբերվել է մի կին, ով իր 8 ամյա որդուն ներգրավել է մուրացկանության մեջ։ Կինը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, իսկ նրա տղան հանձնվել պետության խնամքին։

«Շատ հաջողված պատմություններ կան»

«Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնը օգնում է փողոցներում ապրող երեխաներին և ծնողական խնամքի կարիք ունեցողներին՝ համագործակցելով ինչպես պետական, այնպես էլ այլ հասարակական կազմակերպությունների հետ։

Բարեգործական ընկերությունը հիմնվել է 2000 թվականին՝ այդ տարի օգնելով 16 երեխայի։ Մինչ օրս արդեն օգնել է հարյուրավոր փոքրիկների։ Ունի գրասենյակներ Երևանում և Վանաձորում։ Մայրաքաղաքի գրասենյակում այսօր կա 105 երեխա, Վանաձորում՝ 118։

«Մենք երեխաներին տալիս ենք տաք սնունդ, զբաղվում ենք առողջական և հոգեբանական դժվարությունների հետ կապված խնդիրներով,  դասերի պատրաստում է անում իրենց հետ, արհեստներ սովորեցնում», — OC Media-ի հետ զրույցում նշել է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սուսաննա Մանուկյանը։

Շահառու երեխաներին տրամադրվում է նաև ճանապարհածախսի գումար, նրանք հնարավորություն են ստանում մասնակցելու բազմաթիվ խմբակների, որոնք հետագայում մասնագիտություն կարող են դառնալ նրանց համար։

Նա ավելացնում է, որ կազմակերպությունը փորձում է երեխաներին տալ պատշաճ ուշադրություն և խնամք՝ ֆինանսական օգնություն տրամադրելուց զատ։ Սուսաննա Մանուկյանի խոսքով, նրանք շատ երեխաների են օգնել են. մոտ 500 նախկին թափառող երեխաներ դարձել են արհեստի տեր ու ունեն կայուն աշխատանք։

«Իհարկե մենք անձնական տվյալներ հրապարակել չենք կարող, բայց վստահեցնում ենք, որ շատերն են ապրում բարեկեցիկ կյանքով, մեկը անձնական արհեստանոցն ունի արդեն, մեկը մի գործարանում է աշխատանքի անցել, հաջողված պատմություններ շատ կան», — ասում է Մանուկյանը։

«Մուրացիկությունը նաև աշխատանք է»

11 ամյա Նարեկին (անունը փոխված է) հաճախ կարելի է հանդիպել Երևանի կենտրոնական հատվածում՝ տղան շրջիկ առևտրականի տեսքով պտտվում է փողոցներում, սակայն իրականում փող է մուրում։ Եթե նույնիսկ մեկ օր նա դուրս չգա փող հավաքելու, ամբողջ ընտանիքը սոված կմնա։

«Ես ինձ հետ ունեմ գրպանի անձեռոցիկ, նաև իմ ձեռքով արված նկարներ, դրանք առաջարկում եմ գնել պատահական անցորդներին, բայց դա չէ իմ գործը, ես փող եմ ուզում։ Մամաս էլ է փող հավաքում, եղբայրս էլ։ Բայց մենք միասին փողոց դուրս չենք գալիս, միշտ առանձին ենք պտտվում, թեպետ իրարից այնքան էլ հեռու չենք։ Մամաս քիչ այն կողմ է՝ միշտ աչքի տակ է պահում ինձ», — OC Media-ի հետ զրույցում ասում է Նարեկն ու տեղեկացնում, որ մայրը իրեն չի մոտենա այս պահին, որովհետև հանգիստ կանգնած է ինքը։

Նրանք մշակել են պայմանական նշաններ, որոնք կիրառում են այն դեպքում, երբ որևէ մեկը նրան նեղացնում կամ փորձում է տանել այնտեղից։ Եթե ոստիկանության աշխատակիցները կամ որևէ մեկ այլ պաշտոնյա է մոտենում տղային, մայրը գալիս և ասում է, որ նրանք միասին են։

Նարեկը օրվա մեջ կարողանում է հավաքել մոտ 2000 դրամ։ Ըստ նրա՝ այդ գումարով կարողանում են հաց ու որևէ ուտելիք գնել, մոր և եղբոր աշխատած գումարով տան վարձ են վճարում և կոմունալ ծախսեր հոգում, նաև հագուստ գնում։

«Եղել են դեպքեր, որ եկել-առաջարկել են , որ ես գնամ խնամքի հատուկ կենտրոն, ասում են տեղը տաք է, համով հաց կտան։ Բայց ես չեմ գնում։ Ինչու՞ գնամ։ Որ նստեմ ու սպասեմ, թե երբ՞ մի կտոր հաց կտամ։ Ես իմ հացի փողը աշխատում եմ։ Շնորհակալ եմ», — ասում է Նարեկը, ում խոսքով փող մուրալը ևս աշխատանք է։

The website is undergoing scheduled maintenance
This is default text for notification bar