fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Տրավմայի անձնական պատմություն: 30 տարի շարունակվող դեպրեսիա

Լուսանկարը `Լարիսա Սոտիևան:

Այս շարքը հայերի և ադրբեջանցիների անհատական պատմությունների միջոցով ուսումնասիրում է 2020 թվականի 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմին հաջորդած կոլեկտիվ տրավմա երևույթը, դրա դրսևորման եղանակները և դրա ազդեցությունը շարունակվող հակամարտության դինամիկայի վրա։ Ամփոփիչ գլխում Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի պատճառով տեղահանված կինը փորձում է համակերպվել այդ հակամարտության թողած անձնական, էմոցիոնալ սպիավորված վերքերի հետ, ինչպես նաև խոսում է այն մասին, թե ինչ կարող է նշանակել վաղուց կորցրած տուն վերադարձը։

Զրուցակիցս ուսուցչուհի է: Ասում է, որ երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց քաղաքականությունն ինքն է ներխուժել նրա կյանք և նրա անձնական ճակատագիրն անցկացրել սեփական մաղով:

Ասում է, որ իրեն հաջողակ է համարում, քանի որ իր սիրելիներից ոչ մեկին չի կորցրել ոչ առաջին, ոչ երկրորդ պատերազմում, բայց այդքան անարդարության և վշտի ականատես լինելով՝ զգում է, որ ողջ տեսածը պարփակել է իր ներսում և կրում է իր մեջ այս 30 տարիների ընթացքում: Այս հուզական ծանր բեռը փոխել է նրա ողջ կյանքը և ազդել ինքնազգացողության, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի վրա և ինչ-որ կերպ նույնիսկ կաթվածահար արել կյանքը վայելելու կարողությունը: 

Առաջին պատերազմից առաջ Ֆիզուլիում էր ապրում: 26 տարեկան էր, նոր էր ամուսնացել, տեղափոխվել ամուսնու հետ մի փոքրիկ բնակարան, երբ սարսափելի լուրեր սկսեցին տարածվել Խոջալուի վերաբերյալ: Ասում է, որ ԶԼՄ -ներում այդ մասին ոչինչ չկար, լուրը բերանացի էր փոխանցվում: Շատերը թողեցին ամեն ինչ և հեռացան, բայց ո՛չ նա, ո՛չ ամուսինը չցանկացան լքել իրենց գողտրիկ անկյունը, որի վերանորոգման և ձևավորման համար այդքան ջանք էին գործադրել: Գնալու տեղ էլ չունեին: Թեև երկու մորաքույրները Բաքվում էին բնակվում, նրանցից մեկն արդեն ընդունել էր 13 հոգու, իսկ մյուսը «բոլոր հարազատներից վիրավորվածության» դերի մեջ էր մտել՝ ըստ երևույթին նրանց ներհոսքը թույլ չտալու համար:

Այդ ժամանակ սկեսրայրն իր հին Մոսկվիչով անհետացավ: Սկեսուրն արագ և լավատեսորեն արձագանքեց՝ ասելով. «Եթե նա ողջ է, անպայման կվերադառնա, նա այնպիսի մարդ է, որ կարող է լեզու գտնել հայերի հետ»: 

Երկու շաբաթ անց նրա փրկագինը պահանջող զանգերը սկսվեցին: Շատերն էին իրենց ընտանիքի նման վիճակում հայտնվել։ Մարդիկ եկել էին սահմանամերձ տարածքներ` իրենց անհայտ կորած հարազատներին փնտրելու, նրանց գտնելու կամ գոնե նրանց մասին լուր առնելու հույսով: Այս տարածքում ասեկոսեներով փոխանակումը բուռն էր. բոլորը, կարեցածին չափով, միմյանց պատմություններ էին հաղորդում: Մի քանի ամիս անց սկեսրայրին կարողացան փոխանակել հայ սպայի հետ, և 30 տարի անց խոսակիցս նույնիսկ հիշում է նրա անունը` Ալեքսանդր:

Երբ սկեսրայրը վերադարձավ տուն, քիչ էր խոսում, հատկապես հարսի հետ: Բայց մի օր լսեց ընկերների հետ զրույցը և համոզվեց, որ սկեսրայրն իսկապես կարողանում է բանակցել բոլոր իրավիճակներում: Երբ հայ զինյալները սկեսրոջը գերի էին վերցրել, նրա ոսկե ատամնաշապիկները քաշել են, բայց նա կարողացել է բանակցել՝ խնդրելով ատամնաշապիկները վերադարձնել, իսկ ոսկե շրջանակը պահեն իրենց:

Advertisements

Վստահ է, որ գերության մեջ սկեսրայրը ծանր փորձությունների միջով է անցել: Նա ուխտել էր ազատ արձակվելու դեպքում ծնկաչոք հասնել տուն՝ ի նշան  Ամենակարողին շնորհակալության: Սկեսրայրը լռում էր տառապանքների մասին, բայց սիրում էր պատմել, թե ինչպես է իրենց հին հարևան հայի՝ Միշայի որդին իրեն ճանաչել բանտում և թաքուն հաց բերել:

Երբ իմացան, որ կինն արդեն հղի է, որոշեցին հեռանալ Ֆիզուլիից. այսօր նա ունի երեք մեծահասակ երեխա, ընդ որում, բոլորն էլ տարբեր քաղաքներում և երկրներում են ծնվել։ Այս տարիների ընթացքում այս կինը զբաղվել էր իր երեխաներով և դասավանդել, նա միտումնավոր զսպել է քաղաքական և հասարակական կյանքի նկատմամբ ցանկացած հետաքրքրություն, որպեսզի մեկ անգամ ևս իրեն տրավմայի չենթարկի, քանի որ կարծում էր, որ դա իրեն խաղաղություն և հոգու հանգստություն կբերի: Միայն Ֆիզուլիի բնակիչների հետ հանդիպելիս էր ակտիվ զրույցի բռնվում՝ քննարկելով անցյալի մանրամասները` իր փողոցը, խաչմերուկում գտնվող մեծ թթենին, յասամանի հատուկ գույնն ու բույրը և այլն:

Բոլորը կարոտում են Ֆիզուլին, այդ թվում՝ խոսակցիս ամենամոտ դպրոցական հայ ընկերուհին, որը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայում է ապրում և ում հետ երբեմն այս կինը կապ է պահպանում «Օդնոկլասնիկի»-ով: Մի անգամ նա ասաց. «Թող անիծվեն մեր փոքրիկ քաղաքում մեր երջանիկ կյանքից մեզ զրկողները»: Այս կինը կարծում է, որ դասընկերուհու անեծքը հայ ազգայնականներին էր ուղղված։

2020թ սեպտեմբերին, երբ սկսվեց երկրորդ պատերազմը, նրա աչքի առջև հառնեցին առաջին պատերազմի բոլոր մանրամասներն ու ամենավառ պատկերները, և կրկին ամբողջ մարմնով սարսռաց անկանխատեսելիության տագնապից: Բոլոր զգացողությունները վերադարձել էին, կարծես այս պատերազմը երեկ էր և կարծես երկու պատերազմները բաժանող 30 տարիները չէին էլ եղել։

Ինչպես ինքն է ասում, ամեն ինչ բացարձակապես նույնն էր, պարզապես այն պատերազմում իր դասընկերներն էին զոհվում, այս մեկում՝ իր երեխաների դասընկերները:

Աղոտ է հիշում նոյեմբերի 10-ի երեկոն, երբ քույրը զանգահարեց իրեն՝ հորդորելով շտապ միացնել հեռուստացույցը և լսել հաղթանակի մասին նախագահի ելույթը: Հիշում է միայն, թե ինչպես էր գիշերվա երկուսին դուրս եկել և մինչև առավոտ թափառել Բաքվում: Սա ազատագրման գիշեր էր, այն գիշերը, երբ թույլ տվեց ինքն իրեն խոստովանել, որ շարունակ մտքով եղել է այն անհետ կորածների հետ, որ թափառում էին Ֆիզուլիում՝ իրենց երեխաների և հարազատների մասին գոնե ինչ-որ լուր իմանալու հույսով, և այս 30 տարիների ընթացքում ինքն իրեն թույլ չէր տվել երջանիկ զգալ:

Հիմա տխուր է, որ հաղթանակի դիմաց թանկ գին է վճարվել, և եթե առաջին պատերազմում շատ անհետ կորածներ կային, ապա այս պատերազմում շատ էին վիրավոր և հաշմանդամ դարձած երիտասարդները: Նրա համար ակնհայտ է, որ այդ երիտասարդ տղաների բերած հաղթանակը նրանց չի տվել ազատագրման այն նույն զգացումը, ինչ ինքն է զգում այսօր և փորձում է թաքցնել բոլորից: Նա նույնիսկ ամաչում է գրկել որդուն՝ իմանալով, թե քանի մայրեր երբեք չեն կարողանա գրկել իրենց որդիներին: Միևնույն ժամանակ, փորձում է օգնել պատերազմից տուժածներին, բայց հասկանում է, որ իր հնարավորությունները բավականին սահմանափակ են, և որ անհրաժեշտ են լավ պատրաստված մասնագետներ, արձագանքի ճիշտ գործող համակարգ, որպեսզի փրկեն այս տղամարդկանց, օրինակ, ընկերուհու ամուսնուն, որը պատերազմից վերադառնալուց հետո, ընդհանրապես չի խոսում, և գլուխը խփում է մահճակալին:

Այսօր, պետական ​​ծրագրի շրջանակներում, կազմվում են Ֆիզուլի վերադարձողների և այնտեղ բնակություն հաստատողների ցուցակները: Գրանցվել են իրեն ծանոթ բոլոր ֆիզուլիցիները, բացի մի կնոջից։ 

Հոգին ջերմացնում և հանգստություն է պատճառում այն միտքը, որ իր քաղաքը հետ են վերցրել և աշխատում են վերադարձի հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Բայց զգում է, որ վերադառնալով՝ գուցե մեծ հիասթափություն ապրի, քանի որ տարիներ առաջ այնտեղ թողածն արդեն վաղուց չկա: Եվ հասկանում է, որ այս բոլոր տարիների ընթացքում կրել և մտքում փայփայել է քաղաքի հետ միասին անցյալը վերադարձնելու հույսը:

Նա ասում է, որ սա այլ քաղաք է լինելու, ոչ թե իր մանկության և պատանեկության քաղաքը, որին կարոտում էր երեք տասնամյակ: Եվ նա չգիտե, թե ինչպես է ապրելու այնտեղ, բայց անպայման ցանկանում է փորձել. միգուցե այնտեղ գտնի երկար սպասված խաղաղությունը:

Այս հոդվածները պատրաստվել են «Ապաքինում կոլեկտիվ տրավմայից» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է «Ինդի Փիս» կազմակերպությունից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այս հոդվածում ներկայացված կարծիքները բացառապես «Ինդի Փիս» կազմակերպության տեսակետներն են և չեն արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Օգտագործված տեղանունները ներկայացված են թարգմանության լեզվի տարբերակներով։

Right now, online media in Georgia is in dire need of safety equipment, legal support, and technology as we cover increasingly challenging circumstances. Support small, independent media outlets in Georgia via our collective fundraiser.

Interested in directly assisting OC Media? Consider becoming a member.