fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Տրավմայի անձնական պատմություն: Բանալիներով տատիկը

Լուսանկարը `Լարիսա Սոտիևան:

Այս շարքը հայերի և ադրբեջանցիների անհատական պատմությունների միջոցով ուսումնասիրում է 2020 թվականի 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմին հաջորդած կոլեկտիվ տրավմա երևույթը, դրա դրսևորման եղանակները և դրա ազդեցությունը շարունակվող հակամարտության դինամիկայի վրա։  Այս պատմությունում տատիկը տեղահանվել է տասնամյակներ առաջ, և նրա երեխաներն ու թոռները հիշվում են, թե ինչպես է հակամարտությունը փոխակերպել իրենց ընտանիքը։ 

Նա 94 տարեկան է, և ձեռքին միշտ մի պայուսակ ունի, որի մեջ պահում է ճնշաչափը, առաջին անհրաժեշտության իրեր և այն տան բանալիները, որ Ղարաբաղում էր թողել 30 տարի առաջ:

Երբ 2020 թվականի աշնանը ադրբեջանական բանակը գրավեց նրա գյուղը, համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը հստակ ցույց էր տալիս, որ նրա տունն ավերվել էր դեռ առաջին պատերազմի ժամանակ. հրթիռակոծվել էր: Իսկ կիսախարխուլ տան մեջտեղում հսկայական ծառ է աճել, որը հավանաբար այնքան հին է, որքան այս զինված հակամարտությունը: Բայց ոչ ոք չի կարող այս մասին ասել տատիկին, և նա շարունակում է խնամքով պահել տան բանալիները պայուսակում՝ ամենուր տանելով իր հետ: 

Այս կինը երիտասարդ տարիքում էր այրիացել, և ստիպված էր եղել իր ուսերին վերցնել հինգ երեխա մեծացնելու և տուն ու տեղ պահելու պատասխանատվությունը՝ հսկայական բանջարանոցում բանջարեղեն աճեցնելով և վաճառելով:

Նա զօրուգիշեր աշխատել է իր հսկայական բանջարանոցում, բերքը վաճառել է իր տուն եկած հայերին, որոնք ամեն ինչ գնում էին մոտակա քաղաքում վերավաճառքի համար: Եվ այսօր նա հպարտ է, որ իր հինգ երեխաներին էլ բարձրագույն կրթություն է տվել:

Նա հիշում է, թե որքան լավ էին ապրում հայերի հետ, ինչպես էին կիսվում ունեցածով, ընկերանում և նույնիսկ բարեկամանում էին: Նա պատմեց, որ երբ գալիս էր երեխայի թլպատման ժամանակը, նրանք հաճախ հայ լավագույն ընկերոջը հրավիրում էին սրբազան ծիսակարգին, և այդ մարդն էր տղային գրկում արարողակարգի ընթացքում: Հայ ընկերոջ ձեռքին թափված արյան կաթիլները հետագայում նրանց ընտանիքները կապում էին այլ, ավելի ամուր՝ ազգակցական կապերով:

Փախուստ Բաքու

Սակայն 1980-ականների վերջին իրավիճակը սկսեց փոխվել,  օդում սկսեց լարվածություն զգացվել, ազգամիջյան հարաբերություններն այլևս նախկինի նման չէին, և արդեն գիշերները գյուղը ենթարկվում էր հրետակոծությունների: Նա շատ էր մտահոգվում, բայց մտածում էր, որ այս անհանգիստ ժամանակը շուտով պետք է ավարտվի, և ամեն ինչ նորից կվերադառնա իր բնականոն հունին: Չնայած Ղարաբաղում արդեն ռազմական գործողություններ էին ընթանում, բայց միայն Խոջալուի մասին սարսափելի լուրն առնելու հետո էր, որ ամբողջ ընտանիքը շտապ հավաքվեց՝ երկար չմտածելով անելիքի մասին. նրանք յուրաքանչյուրի համար մեկական պայուսակ հավաքեցին, փակեցին տունը և հեռացան:

Advertisements

Այդ ժամանակ Իրանը բացեց իր սահմանները, որպեսզի մարդիկ կարողանային ապահով հասնել Բաքու:

Նրա թոռնուհին, որն այն ժամանակ ընդամենը 13 տարեկան էր, մի մտապատկեր է վերհիշում, որն ամբողջ կյանքի համար դրոշմվել է նրա հիշողության մեջ. իրենք գիշերով, լուսնի լույսի տակ հատում են գետը՝ վեր պարզած ձեռքերում պահելով իրերը և դրանք պաշտպանելով ջրից:

80 հարազատներով Բաքու էին հասել Իրանի տարածքով և տեղավորվել 4 սենյականոց բնակարանում:

Նա հիշում է, որ սննդի հետ կապված խնդիրների և իրենց նկատմամբ բաքվեցիների վերաբերմունքի համեմատ, որոնք բացահայտ ասում էին, որ «իրենց հողերը հանձնել են հայերին և եկել այստեղ՝ կախյալի կարգավիճակով ապրելու», բնակարանային հարցն ամենահեշտ լուծելին էր:

Այդ ժամանակ տատիկն արդեն 64 տարեկան էր և նրանից այլևս հինգ երեխաներին ինքնուրույն մեծացնելու և այրիանալուց հետո տունը պահելու ակնկալիքն այլևս չկար:

Այժմ նրա երեխաների հերթն էր՝ անցնելու նույն փորձությունը: Ըստ նրանց հիշողությունների` իրենց բաժին հասած նվաստացուցիչ սոցիալական կարգավիճակը զրկեց նրանց բոլոր հնարավորություններից: Նրանք ստիպված էին համակերպվել իրենց տան կորստի հետ, դիմանալ «փախած» լինելու նվաստացմանը, քրտնաջան աշխատել, հիվանդանալ, բայց բուժում չստանալ, աշխատել գոյատևելու համար, բայց միևնույն ժամանակ հնարավորություններ տալ և հեռանկարներ ստեղծել իրենց երեխաների համար:

Դժվարին օրեր

Նրա բոլոր երեխաները քրոնիկ հիվանդություններ ձեռք բերեցին, բայց նրանք արժանապատվորեն մեծացրեցին իրենց երեխաներին, տներ ձեռք բերեցին Բաքվում և քաղաքի արվարձաններում: Նրանց հետ տատիկի ապրելը մեծ պատիվ և բարոյական պարտք է, և նրանք ամեն տեսակի հնարքի են դիմում՝ տատիկին իրենց մոտ բերելու համար:

Բայց նա ոչ ոքի չի ընտրում. ոմանց հետ մնում է մեկ-երկու ամիս, այնուհետև գնում մյուսների, երրորդների մոտ և այդպես շարունակ: Եվ այսպես անցնում են այս երկար 30 տարիները: Եվ չնայած տների այսպիսի մեծ բազմազանությանն ու ընտրությանը, նա այդպես էլ իր տունը և սեփականատիրության զգացողությունը չունեցավ։

Նրա թոռներն ու թոռնուհիները հաջողակ մարդիկ դարձան: Ղարաբաղում կյանքը նրանք համարում են ռեսուրս, որն օգնել է գոյատևել, ազդել նրանց ինքնության, աշխարհայացքի ձևավորման վրա, և նրանք բոլորը դեռ հոգևոր կապ ունեն պահպանում իրենց ծննդավայրի հետ, որտեղ և անց են կացրել իրենց մանկությունը:

Զրուցակիցս պատմեց, որ ինքը հիշում է, թե ինչպես էր մանուկ հասակում քարեր տալիս տան շուրջը ցանկապատ կառուցող հորեղբորը․ այդ ցանկապատը դեռ կանգուն է այն տան շուրջը, որի ներսում ծառ է վեր խոյացել:

Ակնհայտ է, որ կայուն և ապահովված կյանքի կարոտը, տեղաբնակների կողմից մերժման զգացումը, ամենօրյա անհավատալի դժվարությունները նպաստեցին հոգեբանական հաղթահարման ներքին մեխանիզմների միջոցով այս բեռի և նվաստացման հաղթահարման ուղիները գտնելուն. ընտանիքի անդամները պահպանում էին իրենց համար նախկին հարմարավետ ինքնությունը, ասոցացնում իրենց այդ ինքնության հետ, կարծես թե ստիպված չէին էլ եղել փախչել: Ինչպես դուստրերից մեկն է նշել «Ղարաբաղում կրթությունը բարձր է գնահատվում, ուստի մենք ամեն ինչ արեցինք այն ստանալու համար»:

Նա մեզ ասաց, որ 13 տարեկանում Ղարաբաղը լքելուց հետո իր պատանեկության ընթացքում երբևէ նոր հագուստ չի ունեցել: Առաջին նոր վերնաշապիկն ու կիսաշրջազգեստը նրա համար գնել են համալսարան ընդունվելուց հետո, և այսօր էլ նա կարող է մանրամասն նկարագրել, թե ինչ տեսք ունեին դրանք և ինչպես էր իրեն զգում` դրանք հագնելով:

Ստորացման հաղթահարում և վերականգնում

Ծոռների կյանքը Բաքվում է սկսվել, և նրանք Ղարաբաղի հետ չունեն ծնողների, և առավել ևս՝ տատիկի ունեցածին նման հուզական կապ:

Բայց նրանք նույնքան ուրախ էին հաղթանակի համար, որքան մեծահասակները: Այս հաղթանակը ինչ-որ կերպ վերականգնեց նրանց, նրանց ընտանիքը: Հայտնվեց մի զգացողություն, որ այն ամենը, ինչին նրանք դիմանում էին այս տարիների ընթացքում, արդարացված էր, իմաստավորված, իրենց բոլորին հավասար էին ընկալում՝ թոթափելով նվաստացուցիչ սոցիալական կարգավիճակի բեռը:

Այնուամենայնիվ, վերադարձի պլաններ դեռևս չկան. սպասում են հնարավորությունների ստեղծմանը: Բայց ինչպես կատակեց ստեղծարար հիփսթեր ուսանող ծոռներից մեկը, եթե Ղարաբաղում մարիխուանան օրինականացվի, իրենք ընկերներով հաջորդ օրն իսկ այնտեղ կտեղափոխվեն:

Չնայած այս հաղթանակի բերած ուրախությանն ու հպարտությանը՝ ասում են, որ ցավում են բոլոր զոհվածների համար: Այդ թվում՝ նաև հայերի: Բայց չեն կարող դրա մասին հրապարակավ ասել: Նրանք գիտեն, որ ադրբեջանցիների և հայերի վիշտը նույնն է, բայց դրա մասին կողմերից և ոչ մեկը չի խոսում:

Տատիկը շարունակում է հավատալ, որ կվերադառնա իր տուն, որտեղ ծնել և մեծացրել է իր երեխաներին, անխոնջ աշխատել, և այնտեղ կավարտի իր երկար, դժվար, բայց և այնպես երջանիկ կյանքը: Եվ նա ոչ ոքի չի վստահում բանալիներով պայուսակը, որ մշտապես իր հետ է՝ իր ձեռքին։

Այս հոդվածները պատրաստվել են «Ապաքինում կոլեկտիվ տրավմայից» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է «Ինդի Փիս» կազմակերպությունից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այս հոդվածում ներկայացված կարծիքները բացառապես «Ինդի Փիս» կազմակերպության տեսակետներն են և չեն արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Օգտագործված տեղանունները ներկայացված են թարգմանության լեզվի տարբերակներով։

Right now, online media in Georgia is in dire need of safety equipment, legal support, and technology as we cover increasingly challenging circumstances. Support small, independent media outlets in Georgia via our collective fundraiser.

Interested in directly assisting OC Media? Consider becoming a member.