fbpx

Տրավմայի անձնական պատմություն: Առանց լուսանկարի զինվորը

Լուսանկարը՝ Ջեք Լոշի:

Այս շարքը հայերի և ադրբեջանցիների անհատական պատմությունների միջոցով ուսումնասիրում է 2020 թվականի 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմին հաջորդած կոլեկտիվ տրավմա երևույթը, դրա դրսևորման եղանակները և դրա ազդեցությունը շարունակվող հակամարտության դինամիկայի վրա։ Այս ցուցադրությունում պատերազմի վետերանը ցավով խոսում է այն մասին, թե ինչպես են սելֆիները, սոցիալական մեդիան և քարոզչությունը խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի սարսափները։

Տատիկս ասում էր, երջանկությունը երկար չի վերադառնում այնտեղ, որտեղ արյուն է թափվել: Իհարկե, ես չէի հասկանում՝ նա ինչ նկատի ուներ, և միայն կյանքի դասերն ինձ ստիպեցին հասկանալ տատիկիս ասածի ճշմարտությունը: Նա ասում էր, որ երբ ռազմական մեքենան դադարում է ջարդել, ռմբակոծել, կրակել, դա դեռ չի նշանակում, թե պատերազմը դադարել է: Այդ հնչյունների արձագանքը, ոչնչացման էներգիան փոխանցվում է հասարակության, մարդկանց հոգիները:

Նմանատիպ վայրերում երջանկություն չգտնելու բացատրությունները հավանաբար բազմաթիվ են, բայց դրանք բոլորն էլ տեղավորվում են մեկ տարողունակ արտահայտության մեջ` կոլեկտիվ տրավմա: Եվ ես կկենտրոնանամ դրա մի շատ կարևոր բնութագրի վրա, երբ հետպատերազմյան հասարակություններում որոշ խմբեր համատարած գործի են դնում ռազմական փորձառությունը, յուրացնում և խեղաթյուրում են այն, ինչն էլ հետագայում ամբողջությամբ փոխում է հանրության հռետորաբանությունը, հակամարտության լուծման հնարավոր մոտեցումները՝ խաղաղության գործընթացը շատ դժվար կամ նույնիսկ անհնար դարձնելով:

Օրերս ես խոսեցի 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում կռված երևանցի մի նախկին մարտիկի հետ: Ուսանող է, լուսանկարիչ, շատ ստեղծագործ անձնավորություն: Վիրավորվել էր, երեք ամիս հիվանդանոցում էր անցկացրել, և երբ դուրս եկավ, հասկացավ, որ պատերազմի ժամանակ Ղարաբաղում ակտիվորեն սելֆի և ֆոտոսեսիա անողներից շատերը հերոսի կոչումներ են ստացել:

Ինքը պատերազմից ոչ մի լուսանկար չունի, կարծես այնտեղ չի էլ եղել: Առաջնագծում արգելվում էր բջջային հեռախոսներից օգտվել: Այնուամենայնիվ, հիշողության մեջ  պատկերներ կան, որոնցից ցանկանում է ազատվել. դրանք թույլ չեն տալիս քնել, թույլ չեն տալիս վերադառնալ իր անհոգ ուսանողական կյանքին, այն վիճակին, երբ բազմաթիվ ծրագրեր և անելիքներ ուներ:

Հերոսի կոչում ստանալ չի ցանկանում, ավելին, չի ցանկանում, որ ինչ-որ մեկը իմանա, որ կռվել է, պարզապես ցանկանում է հետ բերել այս պատերազմի դժոխքում անհետացած իր հին կյանքը: Չնայած այսօր բարեհամբույր շփվում և ժպտում է, ասում է, որ այդպես պարզապես քողարկում է իր ցավը` թաքցնելով այն փաստը, որ ինքն այլևս ուրիշ մարդ է, նույնիսկ ինքն իրեն՝ դեռ անծանոթ: Ասում է, որ հաճախ ինքն էլ է կասկածում՝ արդյոք իսկապես կենդանի՞ է իր ապրածից ու տեսածից հետո։

Նախկինում նա լավ գիտեր՝ ինչ է հերոսությունը, մեծարում էր իր հերոսներին և հասկանում, թե ինչու են նրանք հերոսանում, բայց այսօր շատ հարցերի շուրջ կասկածներ ունի։ Առաջնագծում տեսել է, թե ինչպես են երիտասարդ զինվորները բոլորին հայտնի հերոսներին փառք բերած  գործողություններին նման կամ նույնիսկ էլ ավելի համարձակ գործողություններ արել, բայց ինչ-ինչ պատճառներով այս երիտասարդ տղաներին մոռանում են հերոս կոչել:

Advertisements

Ասում է, որ հաճախ է նռնակի օղակը բռնած կանգնել՝ կարծելով, թե արդեն եկել է այս աշխարհից հեռանալու պահը: Բայց իր սրտում իսկապես հույս ուներ, որ նույնիսկ առանց ձեռքերի, առանց ոտքերի, կկարողանա տուն վերադառնալ:

Երբ կոնտուզիա ստացավ, լիովին կորցրեց լսողությունը, իսկ հետո հասկացավ, որ մահացել է և գտնվում է այն աշխարհում, որտեղ հնարավոր է նման բացարձակ լռություն: Տեսնում էր հիվանդանոցի ողջ անցուդարձը, բայց տեսածից ունեցած ցնցումը և լսողության բացակայությունը ստիպում էին ենթադրել, որ սա հենց մահն է և, որպես հավատացյալ անձնավորություն, նա ենթադրեց, որ հենց այստեղ էլ դասակարգում են և դժոխք կամ դրախտ ուղարկում: Իր խղճի հետ ներդաշնակ` ակնկալում էր, որ իրեն դրախտ են ուղարկելու:

Նրան դրախտ չուղարկեցին, այլ վերադարձրին իրականություն, որտեղ հիվանդանոցի բժիշկը ամբողջ ուժով գոռում էր ականջին, թե լսողության կորուստը ձևացնում է, որպեսզի իրեն հետ՝ առաջնագիծ չուղարկեն: Ծնողները ստիպված վճարեցին մասնավոր կլինիկայի ծառայությունների համար, որտեղ ախտորոշումը հաստատվեց և բուժում նշանակվեց: Բայց նա ամենից շատ ուրախացավ ոչ թե լսողությունը վերականգնելու հնարավորությունից, այլ այն բանից, որ պատիվն էր վերականգնվել: Ասում էր, որ բժշկի գոռոցը ականջի տակ մեկնաբանել էր որպես Հայաստանն ընդմիշտ լքելու և այլևս երբեք չվերադառնալու հարկադրանք:

Վերադառնալով հայրենի քաղաքը՝ փայփայում էր աստիճանաբար սոցիալականցվելու հույսը: Մարդկանց հանդիպելիս, երբ վերջիններս սկսում էին խոսել, տեղեկացնում էր, որ չի լսում, և խնդրում էր ասելիքը գրել՝ նրանց մեկնելով ձեռքում պատրաստ պահած գրիչն ու մի փոքրիկ նոթատետր, բայց ոմանք երես էին թեքում:

Այժմ լսողությունը վերադարձել է, բայց նա այլևս պատրաստակամ չէ սոցիալականացվել։  Նա ասում է, որ քաղաքում բոլորը խոսում են պատերազմի մասին և մեղադրում իշխանություններին դավաճանության և թշնամու հետ գրեթե դավադրության մեջ: Նրանք, ովքեր ավելի շատ սելֆիներ ունեն ճակատից, բայց չեն տեսել իրական պատերազմը և գաղափար անգամ չունեն, թե ինչ է այն և ինչ է իրականում տեղի ունեցել առաջնագծում, ավելի մեծ վստահությամբ են խոսում պատերազմի մասին և խորհուրդներ տալիս ապագայի համար:

Ինքն էլ է համարում, որ ներկայիս կառավարությունը մեղավոր է: Բայց ուրիշ բանի մեջ: Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր ստորագրելու չափազանց ուշացման մեջ` տեսնելով ռազմական հզորության անհավատալի գերազանցությունը, ժամանակակից ռազմական տեխնիկայի և սարքավորումների առկայության անհավասարակշռությունը, ինչպես նաև տեսնելով, թե ինչ մեծ թափով էին նվաճվում տարածքները: Այնինչ հասարակությունը և կառավարությունը շարունակել էին իրենց հաղթական հռետորաբանությունը: Բայց եթե սթափ մտածեին և տեսնեին գործերի իրական վիճակը, դա կփրկեր հսկայական թվով տղաների կյանքեր, որոնցից շատերն իրենք իրենց պայթեցնում էին՝ ռազմական ​​պարտքը կատարելու և գերի չընկնելու համար:

Այսօր նա օգնություն չի փնտրում, չնայած դրա կարիքն ակնհայտորեն ունի: Իրեն պարտված չի զգում. արել է կարելվույն առավելագույնը: Եվ կարծում է, որ կարող է գլուխ հանել ընտանիքի և սիրելիի աջակցությամբ: Ընտանիքից դուրս կապ է պահպանում միայն առաջնագծի մարտական ընկերների հետ: Պնդում է, որ պատերազմի մասին ճշմարտությունը միայն նրանք գիտեն, և միայն նրանք կարող են հասկանալ, թե ինչ է կատարվում իր ներաշխարհում: Հասկանում է, որ նույն զգացողություններն ու զգացումներն ունեն, ինչ և ինքը։ Հանդիպելիս քիչ են խոսում: Նստում են, գարեջուր պատվիրում, երկար լռում, նայում են իրար, կարճ կատակներ փոխանակում, թփթփացնում միմյանց ուսին, ասես՝ համոզվելով, որ այս իրականությունում են և սկսում են բարձրաձայն ու լիաթոք ծիծաղել: Հետո ցրվում են: Եվ այսպես՝ ամեն անգամ: Ծիծաղում են իրենք իրենց վրա, ծիծաղում պատրանքներով, ունայնությամբ, խելագարությամբ լի այս աշխարհի վրա:

Բոլորն էլ կարծում են, որ կարող են միասին գլուխ հանել իրենց այս նոր կյանքից, բայց  շատ են անհանգստանում հասարակության համար: Մտահոգ են, որ մարտական սելֆիների, սոցիալական լրատվամիջոցների և քաղաքական խաղերի սիրահարների միջոցով պատերազմի հանրային մեկնաբանումը կարող է խեղաթյուրել վերջերս տեղի ունեցած բոլոր իրադարձություններն այնքանով, որ որոշ ժամանակ անց հասարակությունը կրկին պատրաստ կլինի այդ պահին արդեն մեծացած տղաներին ուղարկել այնպիսի մի սպանդի, որին իրենք ներկա են եղել, և ոմանք գուցե դեռ մնացել են հենց այդ փուլում:

Ռազմական փորձառության այսպիսի օգտագործումը, հանրային հռետորաբանության վրա այսպիսի ազդեցության միջոցով իրականության խեղաթյուրումը կարող է հանգեցնել հակամարտության ներուժի պահպանման լուրջ վտանգների, բացի այդ, ներքին և արտաքին շահագրգիռ կողմերը կարող են պատեհ առիթով դրանից օգտվել ։

Այս հոդվածները պատրաստվել են «Ապաքինում կոլեկտիվ տրավմայից» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է «Ինդի Փիս» կազմակերպությունից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այս հոդվածում ներկայացված կարծիքները բացառապես «Ինդի Փիս» կազմակերպության տեսակետներն են և չեն արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Օգտագործված տեղանունները ներկայացված են թարգմանության լեզվի տարբերակներով։