fbpx

Գնաճը և հարկային նոր քաղաքականությունը դժգոհությունների ալիք են բարձրացրել Հայաստանում

(/Հետք)

2018 թվականը հայաստանցիների համար սկսվել է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների նոր ալիքով, ինչպես նաև իշխանությունների կողմից սահմանված հարկային նոր պարտավորություններով, ինչը պաշտոնապես 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի քաղաքացիներին կանգնեցնում է սոցիալական փակուղու առջև։

Երևանի բնակիչներից 52-ամյա Աիդա Մարտիրոսյանը ասում է. ընտանիքների եկամուտներն ու ստեղծված գնաճը մարդկանց կանգնեցնում են երկընտրանքի առջև, ինչպե՞ս շարունակել ապրել և լուծել սոցիալական առաջնային խնդիրները։

«Մեկ ամսում կարագի գինը հասավ 5 000 դրամի, երբ վաճառվում էր 2 800, 2 900 դրամով։ Թանկացել է պանիրը, միսը։ Շուտով նոր գնով են վաճառելու սպիրտային խմիչքներն ու ծխախոտը։ Թանկացել են դեղերը, էլ չեմ խոսում բենզինի ու գազի գների աճի մասին, դրանց թանկացման պատճառով շուտով կթանկանան մնացած ապրանքներն էլ», — ասում է Մարտիրոսյանը։

2017 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կարագը թանկացել է 40 տոկոսով, խոզի միսը՝ավելի քան 35 տոկոսով, ոչխարի միսը՝ 30, տավարի միսը՝ 17, պանիրը՝ 12 տոկոսով։

Էժանացել է հնդկաձավարը 20, ոսպը՝ 12, մակարոնը՝ 3, խնձորը՝ 30 տոկոսով։

Երևանի խանութներից մեկի մենեջեր Նելլի Սահակյանը պատմում է, որ մարդիկ նայում են ավելի էժան ապրանքներին, գնումներ անում են՝ գրամներով, մի քանի անգամ հաշվելով դրամապանակի միջի եղած գումարը։

«Օր է լինում մի հավ էլ չենք վաճառում, վաֆլի են գնում 150 կամ 200 դրամի։ Կան իհարկե ապրանքներ, որոնց գները իջել են ինչպես օրինակ ոսպը, բրինձը, հնդկաձավարը, բայց մարդիկ դրանք ամեն օր չէ, որ գնում են։ Խոսքը գնում է առաջին անհրաժեշտության ապրանքների մասին։ Կարագ ու պանիր գնելուց առաջ, մի քանի անգամ կշռել են տալիս փոքրիկ կտորները», — ասում է Սահակյանը։

Նվազագույն աշխատավարձը չի բավարարում ապրելու համար

Պարենային անվտանգության մասնագետները ահազանգում են. Հայաստանում պարենային ապահովության ցուցանիշը շատ է նվազել։ Նվազագույն աշխատավարձը չի բավարարում առաջին անհրաժեշտության ապրանքները գնելու համար, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նախապատվություն կտան անորակ ու դատարկ կալորիաներին, քանի որ ոչ բոլորը կարող են կգ-ը՝ 5 000 դրամով կարագ, կամ կգը՝ 3 000 դրամով միս գնել։

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշում է. յուրաքանչյուր երկիր պետք է ունենա առողջ ազգաբնակչություն, հետևաբար մարդկանց համար առողջարար սնունդը պիտի հասանելի լինի։

«Մեր պես աղքատ երկրում մենք իրավունք չունենք նման հաշվարկ կատարել։ Որոշ մարդկիկ ասում են՝ աղքատները կարագ, միս չեն ուտում, դա նրանց չի վերաբերում։ Ո՛չ, պետք է հաշվարկվի առաջին անհրաժեշտության այն ապրանքների գները, որոնք անհրաժեշտ են մարդու կենսունակությունն ապահովելու համար», — ասում է Հակոբյանը։

2017 թվականի դեկտեմբերի 8-ին Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով նաև խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Նույն խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունանն էլ ընդհանրապես հայտարարել է, որ եթե ընտանիքը օգտագործում է միայն կարտոֆիլ, ապա մսի թանկացումը ընտանիքի վրա չի անդրադառնա։

Հայաստանում նվազագույն աշխատավարձը վերջին անգամ աճել է 2015 թվականի հուլիսի 1-ին, և կազմում է 55 հազար դրամ/113 ԱՄՆ դոլար։ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, 2017թվականի երրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 55 հազար 591 դրամ, ավելին, քան նվազագույն աշխատավարձն է։

Նոր տարին՝նոր ակցիզային հարկով ու աշխատավարձերի նոր եկամտահարկով

Բազմաթիվ ապրանքատեսակների կողքին թանկացել է նաև բենզինը, սեղմված գազը և դիզվառելիքը, պատճառը հունվարի մեկից Հարկային նոր օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի ներդրումն է, որով փոփոխվել են մի շարք դրույքաչափեր։

Բենզինի 1 տոննայի ակցիզային հարկը թանկացել է մինչև 40 000 դրամ, նախկին 25 հազար դրամի փոխարեն, սեղմված գազի 1 000 խմ-ի ակցիզային հարկը, նախկին՝ 8 300 դրամի փոխարեն հասել է 25 000 դրամի։

Նվազել է դիզվառելիքի ակցիզային հարկը, սակայն այն սկսել է հարկվել ավելացված արժեքի հարկով, և 380 դրամ արժեցող դիզվառելիքը հարկային փոփոխությունից հետո թանկացել է 60 դրամով։ Հունվարի 1-ից ալկոհոլի ու ծխախոտի հարկը 63%-ից դարձել է 73%։

Հարկային նոր օրենսգրքով այս տարվանից բարձրացել են նաև գրանցված աշխատողների եկամտային հարկի դրույքաչափերը։ Այսուհետ 150 000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը ավելացել է 2 տոկոսով՝ 26-ի փոխարեն կազմելով 28 տոկոս։ Նվազել է մինչև 150 000 դրամ ստացողների եկամտահարկը՝ կազմելով 23 տոկոս։ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողները վճարում են 36 տոկոս եկամտահարկ։

Իր հերթին տնտեսագետ, նախկին խորհրդարանի պատգամավոր Վահագն Խաչատրյանը ասում է, որ եկամտահարկի բարձրացումը «թալանչիություն» է։

«Իրականում պարզ էր, որ քաղաքացիները 2018 թվականից սկսելու են ավելի վատ ապրել, իսկ պաշտոնապես 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում, սպառողական զամբյուղի մեջ մտնող ամենօրյա ապրանքների գնի բարձրացումը պարզապես չէր կարելի անտեսել» -ասում է տնտեսագետը։

Պաշտոնական տվյալների համաձայն աղքատ է Հայաստանի բնակչության 30 տոկոսը։

«Ելք»-ը ընդդեմ հանրապետականների

Խորհրդարանի միակն ընդդիմադիր Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ գնաճի առաջն առնելու մեկ խնդիր կա՝ հարկային օրենսգրքում հրատապ փոփոխություններ անել։

«Խորհրդարանական մեծամասնությունը (իշխող հանրապատեական կուսակցությունը) չի գնալու զիջման, քանի դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց և իրենց պահանջը չեն ձևակերպել», — ասում է Նիկոլ Փաշինյանը։

Հունվարի 19–ին Երևանում «Ելք» նախաձեռնությամբ բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ «Ոչ թանկացմանը» վերտառությամբ։ «Ելք»-ի պատգամավորներից Էդմոն Մարուքյանը դիմելով քաղաքացիներին, նշել է, որ իրենք դեմ են քվեարկել Հարկային օրենսգրքին և ներկայացրել նոր առաջարկներ, որոնք չեն ընդունվել։ Իրենց պահանջն է ուղղված իշխանություններին՝ վերադառնալ նախկին ակցիզային ու եկամտային հարկին։ Փետրվարի 5-ին «Ելք»-ը պատրաստվում է հաջորդ երթին։

«Եթե մինչ այդ իշխանությունը չնախաձեռնի փոփոխություն Հարկային օրենսգրքում, ապա «ԵԼՔ»-ը կներկայացնի Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու իր տարբերակը, կհավաքի ԱԺ պատգամավորների մեկ քառորդի ստորագրությունը և կպահանջի արտահերթ նիստ անցկացնել», — ասում է Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը արձագանքելով ընդդիմության պահանջին հայտարարել է.վերադարձ նախկին դրույքաչափերին անհնար է և անիմաստ։

Միակ քայլը, որով կառավարությունը փորձել է զիջման գնալ, գյուղոլորտի համար դիզվառելիքը կսուբսիդավորվի։

«Չնայած դիզելային վառելանյութի սուբսիդավորումը նախատեսված չէր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք շուկայում իրավիճակը և պատրաստում ենք ծրագիր, որը մենք կներկայացնենք և կշարունակենք սուբսիդավորումը», — ասում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Իշխանությունների անհանգստությունը

Հունվարի 10-ին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել՝ հանրապետությունում գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով։ Ավելի ուշ, հունվարի 23-ին խորհրդարանը կազմակերպեց լսումներ դարձյալ նույն խնդրի վերաբերյալ, որտեղ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պաշտոնական գնաճը՝ 2,6 տոկոս է, մինչդեռ հարևան Վրաստանում այն կազմել է 6,7 տոկոս, Ադրբեջանում՝ 7,9 տոկոս։

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի ա։ Ես ասում եմ՝ սարսափելի չի։ Տարին կամփոփենք, մեր աճի տեմպերը կլինեն երեք երկրից ամենաբարձրը։ Որ դուք ասում եք չոքել է մեր դռանը, ո՞ր գինն ա չոքել մեր դռանը», — հայտարարել է վարչապետը, առաջարկելով բենզին օգտագործողներին անցնել՝սեղմված գազի, նշելով որ այն ընդամենը 25 դրամով է թանկացել, իսկ դա նույն 2015 թվականի գինն է, այսինքն շուկայում այդ գնով աշխատել են։

Անդրադառնալով փոփոխված հարկային քաղաքականությանը վարչապետ Կարապետյանը նշել է. «Պարզ ա, չէ՞, որ հարկային բեռը և մնացած բանը ավելացնելը հաճելի բան չի։ Մենք ունենք պարտավորություններ արտաքին վարկերի, մենք ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, մենք ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտո ւթյուն։ Եվ մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար։ Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք ա անեինք, որպեսզի այն մուտքերն ունենանք, որը այսօր թույլ է տալիս սպասարկել մեր պարտավորությունները»։

Ելք խմբակցության պատգամավորներից Գևորգ Գորգիսյանը նշում է. թե նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, թե ԱԺ-ում անցկացված լսումները ընդամենը մեկ նպատակ ունեն՝թոզ փչել հասարակության աչքերին։ Նա ասում է, որ վերջին տարիներին երկրում բոլոր սոցիալական խնդիրները լուծվել են սոցիալական ընդվզման արդյունքում, ինչպես օրինակ «100 դրամի», «Էլեկտրիկ Երևանի» նախաձեռնությունները, որոնք դրական արդյունք տվեցին։

«Ցանկացած դեպքում, երբ կա հասարակական բողոք, դա անհետևանք չի մնում», — նշում է պատգամավորը և ավելացնում, որ ցույցը «Ելք»-ին սատարելու կոչ չէ, այլ դրա արդյունքում օրենքում փոփոխություններ կատարելու նպատակ։

Սակայն ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն են սատարում բողոքի ակցիայի գաղափարը։ Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար (ԲՀԿ հաճախ է կողմ քվերակում հանրապետականների հետ միասին) Գագիկ Ծառուկյանը ասել է. «Ի՞նչ եք կարծում, փողոցային պայքարը հարցի լուծո՞ւմ է։ Աղմուկ բարձրացնելով հարցը լուծվելո՞ւ է։ Երկրի նախագահը առաջարկել է քննարկել հարցը խորհրդարանում, յուրաքանչյուր խմբակցությունը կներկայացնի իր մոտեցումները, կտեսնենք, ինչ է որոշվում»։

 

Fierce, independent journalism

Let’s be honest, the media situation in the Caucasus is grim. Every day we are accused of ‘serving the enemy’ whoever that enemy may be. Our journalists have been harassed, arrested, beaten, and exiled. But nevertheless, we persevere. For us this is a labour of love. Unfortunately, we cannot run OC Media on love alone, journalism is expensive and funding is scarce. Our sole mission is to serve the interests of all peoples of the region. You can support us today for as little as $1 a month and join us in the fight for a better Caucasus.

Support Us